HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Ուզում ես անցնել, ավտոյի տակ ես ընկնում»․ Երեւանի ամենավտանգավոր խաչմերուկը

Երեւանի Արշակունյաց-Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկում յուրաքանչյուր օր մի քանի պոտենցիալ վրաերթ է կանխվում։ Հինդուիստական բնորոշմամբ, կարեւոր չէ՝ վարորդի, թե հետիոտնի կարման է աշխատում։ Կամ հետիոտն է չափազանց զգույշ հատում փողոցը, կամ վարորդներն են վերջին պահին հասկանում, որ խաչմերուկը կահավորված է ոչ միայն ավտոմեքենաների երթեւեկության, այլեւ՝ հետիոտնի համար։

Կարմիր լույսի հետ միաժամանակ վառ է հետիոտնի, ինչպես նաեւ աջ թեքվող սեկցիաների կանաչ լույսը։ Լուսավորչի փողոցից դեպի Արշակունյաց եւ Արշակունյաց պողոտայից դեպի Ագաթանգեղոսի փողոց աջ թեքվող ավտոմեքենաների վարորդները չեն պահպանում անվտանգության կանոնները։ Մեծամասամբ չեն զիջում հետիոտնին, կամ, ուղղակի չնկատելով` արգելակում են վերջին պահին։

Բացի դրանից, խաչմերուկում հետիոտնի համար կանաչ լույսը վառվում է 21 վայրկյան, ինչը բավարար չէ մի մայթից մյուսը հասնելու համար։

Քաղաքացիները «Հետք»-ի հետ զրույցում պատմեցին խաչմերուկը հատելու անհարմարությունների ու ռիսկերի մասին։  

 

Այս խաչմերուկը Ճանապարհային ոստիկանությունում համարում են ամենաանհարմարը մայրաքաղաքում։ Անգամ քննարկվել է այդտեղ վերգետնյա կամ ստորգետնյա անցում կառուցելու հարցը։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ՃՈ ՃԵԿ հսկողության բաժնի պետ, փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանը։

ՃՈ սպա․ «Վարորդները կանոնները չգիտեն»

Դա կարող է տեւել մեկ տարի կամ ավելի։ Այդ դեպքում ինչպե՞ս հատեն խաչմերուկը հետիոտները։

Ըստ ՃՈ բարձրաստիճան սպայի` խաչմերուկում այս պահին գործող կարգավորումները լավագույնն են փողոցը բեռնաթափելու եւ հետիոտնի անցման առումով։ Լուսաֆորի ժամանակացույցի ցանկացած փոփոխություն, ըստ Կոստանյանի, այլ խնդիրների է բերելու։ «Ամեն մի շարքով նորման 450-500 ավտոմեքենա/ժամ է։ Բայց մենք այդտեղ փաստացի ունենք 1000-ից ավելի ավտոմեքենա։ Եթե հետիոտնի անցնելու համար ժամանակացույցը փոխենք, մեծ խցանումներ են առաջանալու, հետիոտն ընդհանրապես չի կարողանալու անցնել»,- ասաց Կոստանյանը։ Նա միակ լուծումը համարում է վարորդների զգոնությունը։ Անկախ այն բանից՝ լուսացույցը հետիոտնի համար կանաչ է, թե կարմիր, վարորդը պարտավոր է զիջել, խաչմերուկ մտնելիս վարել դանդաղ։

Վարորդները, ինչպես երեւում է տեսանյութում, փաստացի չեն զիջում։ Ի՞նչ անել։ Կոնստանտին Կոստանյանն ասում է՝ պետք է անընդհատ ագիտացիա անել։

ՃՈ փոխգնդապետը խոստովանում է, որ վարորդներից շատերը նույնիսկ չգիտեն էլ երթեւեկության կանոնները։ Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս են վարորդական վկայական ստացել, Կոստանյանը պատասխանեց․ «Դա արդեն ինձ չպետք է հարցնեք։ Մենք վարորդական վկայական ստանալը հեշտացրել ենք։ Այնինչ նախկինում 6 ամիս դասընթացներ էին անցնում։ Միգուցե պետք է վերանայվի վարորդներին վկայական տալու կարգը»։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter