HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտությունների ազգային ակադեմիան նշում է հիմնադրման 75-ամյակը  

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան նշում է հիմնադրման 75-ամյակը:

2018թ. հոկտեմբերի 17-18-ին տեղի կունենան Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին  նվիրված հանդիսավոր հոբելյանական միջոցառումներ: ԳԱԱ հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու գիտական պատվիրակություններ` Բելառուսից, Էստոնիայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Մոլդովայից, Չեխիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Սլովենիայից, Վրաստանից, Ուկրաինայից:  Շատ պատվիրակություններ գլխավորում են գիտությունների ակադեմիաների նախագահները: Հյուրերի թվում են նաև միջազգային  ICRANet ցանցի տնօրեն  Ռեմո Ռուֆֆինին և Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցության (ALLEA) փոխնախագահ Գրահամ Քեյը:

Հոկտեմբեր 17–ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա հոբելյանական նիստ: Այնուհետև ժամը 12:30-ին կբացվի ԳԱԱ ցուցահանդեսը ԳԱԱ նախագահության շենքի տարածքում:

Հյուրերը կայցելեն Մատենադարան` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Հոկտեմբերի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա հոբելյանական նիստ, որի ընթացքում տեղի կունենա վաստակաշատ գիտնականների պարգևատրման արարողություն:

Հայաստանի գիտությունների ակադեմիան ստեղծվեց 1943 թ. նոյեմբերին ՀՍՍՌ կառավարության որոշմամբ և առաջին պրեզիդենտ ընտրվեց աշխարհահռչակ Էրմիտաժ թանգարանի տնօրեն ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: 1947թ-ին ակադեմիայի պրեզիդենտ ընտրվեց  տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր` հանրահայտ գիտնական Վիկտոր Համբարձումյանը: Ակադեմիայի հիմնադրման պահին հասարակական գիտությունները ներկայացված էին Պատմության, Լեզվի և Գրականության ինստիտուտներով, հետագայում  ստեղծվեցին Արվեստի, Արևելագիտության, Տնտեսագիտության, Փիլիսոփայության  և իրավունքի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտները: Մեծ ուշադրություն դարձվեց ճշգրիտ գիտությունների զարգացմանը. ստեղծվեցին ինստիտուտներ բնական գիտությունների բնագավառում: Կարևորվեց տեխնիկական գիտությունների բնագավառում ժամանակակից հետազոտությունների իրականացումը:

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի 46-ամյա ղեկավարման ժամանակահատվածում   Հայաստանի գիտությունների ակադեմիան կայացավ, ունեցավ ծանրակշիռ ձեռքբերումներ, առաջատար դեր ստանձնեց Խորհրդային Միության հանրապետությունների ակադեմիաների շարքում, ճանաչելի դարձավ արտասահմանում:

1992 թ.` Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո,  ՀԽՍՀ ԳԱ-ն վերանվանվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա:

1993թ-ն` Հայաստանի երրորդ հանրապետության կազմավորման դժվարին ժամանակաշրջանում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ընտրվեց ճանաչված պետական գործիչ, գիտության և գիտական արտադրության անվանի կազմակերպիչ Ֆադեյ Սարգսյանը: Տնտեսական վերափոխումներին զուգահեռ հույժ կարևոր էր հոգածությունը  գիտության հանդեպ` պահպանել գիտական հիմնական ուղղությունները, գիտական ներուժը, նախկին գիտական կապերն ու համագործակցությունը: ՀՀ ԳԱԱ-ն անդամակցեց Գիտությունների ակադեմիաների միջազգային ընկերությանը, սկսեց համագործակցել INTAS, ISTC, NATO, CRDF միջազգային կառույցների հետ, իր գիտական հետազոտություններում ներգրավեց օտարերկրյա հայ գիտնականների:

2006թ. ԳԱԱ նախագահ ընտրվեց ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ոլորտի հայտնի մասնագետ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Մշակվեց «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի նախագիծը, որը հաստատվեց 14.04.2011թ. ԱԺ-ի կողմից:

Մեծապես ակտիվացավ ակադեմիայի միջազգային համագործակցությունը: Համագործակցության նոր պայմանագրեր ստորագրվեցին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուկրաինայի, Լիտվայի, Ռումինիայի, Չինաստանի, Վրաստանի, Թուրքմենիայի,  Ղազախստանի, Ղրղզստանի ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի Թագավորական Ընկերության, Ֆրանսիայի CNRS կենտրոնի, Ֆրանսիայի 9 գիտակրթական հաստատությունների,  Հնդկաստանի MIT ինստիտուտների խմբի, Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժայի քաղաքային համալսարանի, Գերմանիայի Մաքս Պլանկ ընկերության հետ: ՀՀ ԳԱԱ-ն «Գիտական միջազգային խորհրդի» (ICSU), «Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի» (IAP), «Գիտությունների ակադեմիաների եվրոպական ֆեդերացիայի» (ALLEA) անդամ է: Երկարատև համագործակցության արդյունքում համատեղ գիտական լաբորատորիաներ ստեղծվեցին Ֆիզիկական հետազոտությունների, Երկրաբանական, Հնագիտության և ազգագրության ինստիտուտների հետ: Ակադեմիան ակտիվ մասնակցում է «Հորիզոն 2020»  ծրագրին, որտեղ նախագծերի մեծ մասն իրականացվում է  ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների կողմից:

ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի, ըստ գիտության բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք՝  

  • մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք, 
  • ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք, 
  • բնական գիտությունների բաժանմունք, 
  • քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունք, 
  • հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք:   
  • Ակադեմիայի աշխատակիցների ընդհանուր թիվը 3800-ից ավելին է, այդ թվում մոտ 340 գիտության դոկտոր և մոտ 1100 գիտության թեկնածու: Ակադեմիայի կազմում ընդգրկված են46 ակադեմիկոս, 56 թղթակից անդամ, 4 պատվավոր անդամ, 133 արտասահմանյան անդամ և 40 պատվավոր դոկտոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter