HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության  գործով առանցքային  վկայի ներկայությունն ապահովել չի հաջողվում

 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի,  այսօր հետաձգեց  Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստը. վկաներից որևէ մեկը դատարան չէր ներկայացել:

Նրանցից  մեկին՝ Մարիամ Գրիգորյանին, դատարանը բերման ենթարկելու որոշում է կայացրել, սակայն առ այսօր որոշումը կատարել չի հաջողվել:

Նախորդ դատական նիստին դատավորը որոշել էր «Սեկտ» համակարգ  հարցում կատարել՝ Մարիամ Գրիգորյանի՝ Հայաստանից ելքի և մուտքի վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար, սակայն մինչև այսօր  համակարգից պատասխան չի ստացվել:

Նշենք, որ Մարիամ Գրիգորյանն այս գործով առանցքային վկա է: Վերջինս, ըստ գործի նյութերի, եղել է այն անձանց հետ, որոնք մեղադրվում են Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ:

Փաստացի, Գրիգորյանը գործով միակ վկան է, ով, ենթադրաբար, ի սկզբանե ականատես է եղել Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած իրադարձություններին: Մյուս անձը, ով, ըստ գործի նյութերի, ի սկզբանե ներկա է եղել Եղիշե Խաչատրյանի հետ տեղի ունեցածին, վերջինիս մայրն է՝ Էմմա Աբրահամյանը, որը գործով տուժողի կարգավիճակ ունի:

Եղիշե Խաչատրյանը, հիշեցնենք, սպանվել է 2016թ. հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է: Դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել մոր աչքի առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter