HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ի նոր զեկույցը վերլուծում է կապերը գյուղական շրջանների եւ միջազգային միգրացիայի միջեւ 

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից միգրացիայի թեմայով այսօր ներկայացված նոր զեկույցը հորդորում է, որ քաղաքականությունները չկանգնեցնեն կամ չարագացնեն միգրացիան, այլ առավելագույնի հասցնեն գյուղական միգրացիայի ներդրումը տնտեսական եւ սոցիալական զարգացման մեջ՝ միեւնույն ժամանակ նվազագույնի հասցնելով ծախսերը։

«Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը» 2018 թ. զեկույցը պնդում է, որ միգրացիան պետք է լինի հնարավոր ընտրություն, այլ ոչ թե անհրաժեշտություն։ Միգրացիային, գյուղատնտեսությանը եւ գյուղական բնակավայրերի զարգացմանը վերաբերող քաղաքականությունները պետք է լինեն համատեղելի՝ ապահովելու համար ապահով, կանոնակարգված եւ օրինական միգրացիա։ Զեկույցը նաեւ կոչ է անում գործադրել խաղաղաշինությանն ու դիմակայունության զարգացմանն ուղղված ջանքեր՝ համայնքներին օգնելու ավելի արդյունավետորեն դիմագրավել ճգնաժամերին եւ հարկադրված չլինեն վերաբնակվել, ինչպես նաեւ ներկայացնում է տարբեր երկրների համատեքստերին համապատասխան գործողություններ։

«Մենք չենք կարող անուշադրության մատնել միգրացիային առնչվող մարտահրավերներն ու ծախսերը», - զեկույցի նախաբանում նշում է ՊԳԿ գլխավոր տնօրեն Խոսե Գրացիանո դա Սիլվան։ «Նպատակը պիտի լինի այն, որ միգրացիան դառնա հնարավոր ընտրություն, այլ ոչ թե անհրաժեշտություն, ինչպես նաեւ դրական ազդեցություններն առավելագույնի հասցնելը՝ միեւնույն ժամանակ նվազագույնի հասցնելով բացասական ներգործությունը»։

«Բազմաթիվ իրավիճակներում խելամիտ է դյուրինացնել միգրացիան եւ օգնել պոտենցիալ միգրանտներին՝ հաղթահարելու այն սահմանափակումները, որոնց գուցե բախվեն՝ նրանց թույլ տալով օգտվել միգրացիայի առաջ բերած հնարավորություններից։ Միեւնույն ժամանակ՝ դա նաեւ նշանակում է գյուղական շրջանների պոտենցիալ միգրանտներին ընձեռել գրավիչ այլընտրանքային հնարավորություններ՝ ներառյալ խթանելով զարգացումը գյուղական բնակավայրերում կամ դրանց հարակից տարածքներում», - հավելեց Գրացիանո դա Սիլվան։

Միջազգային միգրացիայի վերաբերյալ է լուրերի գլխագրերի մեծամասնությունը, սակայն այս զեկույցը ցույց է տալիս, որ ներքին միգրացիան զգալիորեն ավելի խոշոր երեւույթ է. զարգացող երկրներում ապրող ավելի քան 1 միլիարդ մարդ վերաբնակվել է իրենց երկրների սահմաններում, եւ այդ վերաբնակեցման դեպքերի 80 տոկոսը առնչվում է որեւէ գյուղական շրջանի։  Զեկույցը ցույց է տալիս, որ զարգացող երկրների միջեւ միգրացիան մի փոքր ավելի ծավալուն է, քան տեղաշարժերը զարգացած երկրներից դեպի զարգացող երկրներ, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում հավանականությունը, որ ներքին միգրանտները կարտագաղթեն այլ երկրներ, հինգ անգամ ավելի բարձր է, քան այն մարդկանց դեպքում, որոնք չեն վերաբնակվել։

Միգրացիան պետք է լինի հնարավոր ընտրություն

Ըստ զեկույցում տեղ գտած առաջարկությունների, զարգացման պատեհ դինամիկա ունեցող երկրները պիտի ուշադրությունը սեւեռեն գյուղատնտեսական արժեշղթաներում զբաղվածության հնարավորությունների առաջմղման շուրջ՝ աշխատանքով ապահովելու գյուղական համայնքներին՝ իրենց բնակության վայրերին մոտ։

Այն երկրների դեպքում, որտեղ երիտասարդների զբաղվածությունը մարտահրավեր է, էական նշանակություն ունի գյուղական բնակավայրերի ֆերմերային տնտեսություններում եւ դրանցից դուրս արժանապատիվ զբաղվածության հնարավորությունների ստեղծումը՝ միեւնույն ժամանակ օժանդակելով կանոնակարգված միգրացիային։

Այլ երկրները, որոնք ունեն զարգացման միջանկյալ մակարդակ, պիտի առաջնահերթություն տան գյուղ-քաղաք փոխադարձ կապերին՝ ընդլայնելու տնտեսական հնարավորությունները եւ նվազեցնելու գյուղական շրջաններից «գոյատեւման» նպատակով արտագաղթը, մինչդեռ նպատակակետ երկրները, այդ թվում՝ «ձգտումների նպատակակետ» երկրները, պիտի մեղմեն դժվարությունները, որոնք ծագում են միգրանտների թերի ինտեգրումից։ 

Երկարատեւ ճգնաժամերում, որտեղից մարդիկ հարկադրված են եղել փախչել, մարդասիրական եւ զարգացմանն ուղղված մոտեցումները միատեղող ռազմավարությունները կաջակցեն ինքնապավինմանն ու դիմակայունությանը ինչպես տեղահանված, այնպես էլ հյուրընկալող համայնքներում։ 

Միգրացիայի ծախսերն ու օգուտները

Զեկույցը փաստարկում է, որ գյուղական միգրացիան շարունակելու է լինել տնտեսական եւ սոցիալական զարգացման էական բաղադրիչ ինչպես նպատակակետ, այնպես էլ ծագման երկրների համար։

Միգրանտների համար միգրացիան կարող է նշանակել ավելի բարձր եկամուտներ, ավելի որակյալ սոցիալական ծառայությունների հասանելիություն, բարելավված կենսապայմաններ, կրթություն եւ սնուցում։ Միգրացիան կարող է բարելավել ծագման երկրների զարգացումը՝ միգրանտների կողմից հայրենիք ուղարկվող մասնավոր տրանսֆերտների միջոցով, եւ կարող է նպաստել հասարակությունների ընդհանուր տնտեսական ու սոցիալական զարգացմանը՝ արտադրողական նոր ռեսուրսների, հմտությունների ու գաղափարների միջոցով։ Բարձր եկամուտ ունեցող բազմաթիվ երկրներում գյուղատնտեսությունն ու գյուղական շրջանները տնտեսապես կենսունակ են միայն այնքանով, որքանով հասանելի է ներգաղթյալների աշխատուժը։

Սակայն միգրացիան հասանելի տարբերակ չէ աղքատներից ամենաաղքատների համար, որոնք ֆինանսապես անկարող են կատարել գաղթելու համար պահանջվող ծախսերը։ Վճարվող գնի մյուս մասն անձնական բնույթի է. միգրացիան կարող է քայքայիչ լինել ընտանիքների ու ծագման համայնքների համար, հատկապես երբ հեռանում են երիտասարդներն ու ավելի որակյալ կրթություն ստացած անձինք։ Փախստականների եւ ներքին տեղահանվածների դեպքում՝ նրանք այլ ընտրություն չունեն, քան տեղափոխվելը։ 

Ներդրումային ճիշտ որոշումների կայացումը՝ հանուն գյուղական շրջանների զարգացման

Զեկույցում նշվում է, որ հաճախ զարգացումը հանգեցնում է ավելի մեծ, եւ ոչ թե ավելի փոքր չափերի միջազգային միգրացիայի։ Սա տեղի է ունենում հակառակ միջազգային դոնոր կազմակերպությունների եւ քաղաքականություն մշակողների, որոնք ներդրումներ են կատարում հանուն տնտեսական զարգացման, որպեսզի փորձեն կանգնեցնել միգրացիոն հոսքերը։  Ցածր եւ ցածր միջին եկամուտ ունեցող երկրներում զարգացումը կօգնի ավելացնել մարդկանց եկամուտները՝ նրանց հնարավորություն տալով հոգալ միգրացիայի հետ կապված իրենց ծախսերը։ Զեկույցը փաստարկում է, որ հետեւաբար զարգացումը պետք է համարվի ինքնըստինքյան ցանկալի, այլ ոչ թե միայն որպես միգրացիան սանձելու միջոց։

Այնուամենայնիվ, «Պարենի ու գյուղատնտեսության վիճակը» 2018 թ. զեկույցը նաեւ պնդում է, որ զարգացմանն ուղղված ներդրումների տեսակները կարող են ազդեցություն ունենալ մարդկանց՝ գաղթելու կամ չգաղթելու մասին որոշումների վրա։

Օրինակ, միջին եւ փոքր չափի քաղաքներում ու շրջակա գյուղական շրջաններում ենթակառուցվածքների ու ծառայությունների բարելավումը, որը հայտնի է որպես տարածքային զարգացման մոտեցում, կարող է ստեղծել ավելի արդյունավետ կապեր գյուղական համայնքների միջեւ եւ ընձեռնել ավելի շատ հնարավորություններ, որ մարդիկ չհեռանան՝ ի տարբերություն արագացված ուրբանիզացիան խրախուսող ներդրումների։ Այն դեպքերում, երբ գյուղերի բնակիչներին գրավում են քաղաքային կենտրոններում կյանքի առավել բարգավաճ պայմանները, գյուղական համայնքներում կրթության, առողջապահության ու հաղորդակցության ոլորտներում արվող ներդրումները կարող են կրճատել միգրացիան դեպի ավելի խոշոր քաղաքներ։ 

«Պարենի ու գյուղատնտեսության վիճակը» ամենամյա հրատարակություն է, որը պատրաստում է ՊԳԿ-ն։ 2018 թ. հրատարակությունը նպատակ ունի աջակցել միգրացիայի խնդրի շուրջ իրատեսական ու անկողմնակալ բանավեճին, որի արդյունքում կմշակվեն քաղաքականություններ, որոնք անդրադառնում են միգրացիայի առաջ բերած մարտահրավերներին ու հնարավորություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter