Ցմահ դատապարտյալները անժամկետ հացադուլ են սկսել
«Նուբարաշենի» բանտում այսօրվանից' հունվարի 25-ից, դարձյալ անժամկետ հացադուլ են հայտարարել մոտ 20 ցմահ դատապարտյալներ: Նրանք դիմում ենհղել ՀՀ նախագահին: Պահանջը մեկն է' պատժաչափերի վերանայում' անցյալ տարվա մայիսին ընդունված Քրեական օրենսգրքի վերջին փոփոխություններիհիմքով, որով որոշակի ժամկետով առավելագույնը համարվող 15 տարվա պատժաչափը դարձավ 20 տարի: Սակայն ՔԿՎ-ից նշեցին, որ առավոտվա տվյալներով երկու ցմահ դատապարտյալ է հացադուլ անում: Այնինչ ցմահ դատապարտյալները նշում են, որ հացադուլի մասին դեռևս երեկ են գրավոր տեղեկացրել բանտի ադմինիստրացիային ու հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված դիմումները:
Բանն այն է, որ օրենքի ընդունումից հետո 104 ցմահ դատապարտյալներից 97-ը դիմել են դատարաններ' իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով' համարելով, որ հիշյալ փոփոխությունը հետադարձ ուժի սկզբունքով բարելավում է ցմահ դատապարտության տեսակետից: Սակայն և ոչ մի գործով պատժաչափի փոխարինում 15-20 տարվա միջակայքում տեղի չունեցավ դատարաններում: Արդյո՞ք սա նշանակում է, որ 97-ն էլ, եթե դատապարտվեին մերօրերում, բոլորն էլ կդատապարտվեին ցմահ ազատազրկման: Դատախազների կողմից նշվում է, թե օրենքի փոփոխությունը խստացում է, հետևաբար չի կարող հետադարձ ուժ ունենալ:
Այնինչ հենց հիշյալ փոփոխության հիմնավորումներում գրված է. «Հաճախ դատարանները պատիժ նշանակելիս գտնում են, որ հանցանք կատարած անձի համար 15 տարի ազատազրկումը մեղմ պատիժ է և գերադասում են նշանակել ցմահ ազատազրկմում, մինչդեռ եթե ազատազրկման վերին սահմանը լինի 20 տարին, ապա ցմահ ազատազրկվածների թիվը կնվազի, որի արդյունքում հնարավոր կլինի կանխատեսել հանցագործի ուղղումը և նրա վերադարձը հասարակություն»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը գտնում է,որ անկախ Հայաստանի դատական կենսագրության մեջ սա եզակի հնարավորություն է փոքր-ինչ նվազեցնելու ցմահ ազատազրկվածների արդեն 100-ից անցնող թիվը: «Գործերի ու պատժաչափերի վերանայումներ չհետևեցին ոչ 2003 թ.-ի նոր Քրեական օրենսգրքի ընդունումից, ոչ ՀՀ երկրորդ նախագահի «ներման» հրամանագրից հետո, ոչ էլ 2011 թ.-ին: Սակայն օրենսգրքի վերջին փոփոխությունները հնարավորություն են տալիս, ըստ արարքի ծանրության աստիճանի, գործերի վերանայման միջոցով, որոշ դեպքերում ցմահ ազատազրկումը փոխարինել տարիների տեսքով պատժաչափերի: Անհասկանալի է մնում,թե ինչու օրենքը չի գործում»,- նշում է իրավապաշտպանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել