HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ռուզաննա Ադանալյանը պնդում է՝ որդու սպանության մեջ մեղադրվողին արդարացնելու որևէ հանգամանք չկա

Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի սպանության գործով Վերաքննիչ դատարանում շարունակվում է երկու կողմերի ներկայացրած բողոքների լսումը: Այսօր տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանը շարունակել է նախորդ նիստին ընդհատված բողոքի ներկայացումը: Բողոքի մեջ Ռուզաննա Ադանալյանը պատասխանել է պաշտպանական կողմի դժգոհություններին, համաձայն որի՝ ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը պետք է արդարացվի կամ նրա նկատմամբ կիրառվի մեղմ պատիժ:

Արտյոմ Ադանալյանը սպանվել է 2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրիում: Ըստ մեղադրանքի՝ հորը դիտողություն անելուց հետո վիճաբանություն է սկսվել Արթուր Մարտիրոսյանի հետ: 3 տարի տևած քննությունից հետո Արթուր Մարտիրոսյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Երկու կողմն էլ դժգոհ են կայացրած որոշումից:

 Պաշտպանական կողմը կարծում է, որ սպանության համար դատապարտված Արթուր Մարտիրոսյանի համար 11 տարվա ազատազրկումը խիստ պատիժ է: Տուժող կողմի պնդմամբ՝ Արթուր Մարտիրոսյանը միակ մեղավորը չէ. նախաքննական մարմինը և դատարանը կոծկել են խմբակային սպանությունը:

Պաշտպանական կողմն իր բողոքում նշել էր, որ ընդհանուր իրավասության դատարանը իրենց հանդեպ դրսևորել է կողմնակալ վերաբերմունք, սակայն տուժողի իրավահաջորդը պնդում է, որ դատաքննությունն իրականացվել է հօգուտ մեղադրյալի:

Սպանված երիտասարդի մոր խոսքով՝ գործով առկա ոչ լիարժեք փաստաթղթերն ու ամբողջովին չհետազոտված ապացույցները նպաստել են, որպեսզի չբացահայտվի խմբակային սպանությունը:

Պաշտանական կողմի այն դիտարկմանը, թե Արթուր Մարտիրոսյանը պետք է արդարացվեր, տկն Ռուզաննան պատասխանում է, որ չկա որևէ փաստաթուղթ, որը կվկայի ամբաստանյալի անմեղության մասին: «Վերացական հայտարարություններով չեն արդարացնում: Գործում կան հանգամանքներ, փաստեր, վկաների ցուցմունքներ, որոնք պնդում են հակառակը»,- ասում է Ռուզաննա Ադանալյանը:

Տուժողի իրավահաջորդն այսօրվա նիստին անդրադարձել է այն փաստին, որ Արթուր Մարտիրոսյանը չի առերեսվել վկաների հետ, ովքեր իրենց ցուցմունքներում պնդել են, որ սպանությունը կատարել է Արթուր Մարտիրոսյանը: Տկն Ռուզաննան հայտնում է, որ գործում առկա փաստաթղթերից երևում է, որ Արթուր Մարտիրոսյանը կանչվել է առերեսման, սակայն չի ներկայացել: «Վկաներ Արտաշես Բաղդասարյանն ու Ռուբիկ Գևորգյանը հայտնել են, որ Մարտիրոսյանն է սպանել: Պաշտպանական կողմի փաստաբանը նշում է, թե առերեսում չի եղել, ամբաստանյալին հակընդդեմ հարցման իրավունքից զրկել են: Քննիչը նշանակել է առերեսում, իսկ համաձայն գործի նյութերում առկա գրության՝ Արթուր Մարտիրոսյանը հրաժարվել է առերեսումից»:

Ռուզաննա Ադանալյանը նշում է նաև, որ թեև պաշտպանական կողմը դիմել է նախաքննության մարմնին և դատարանին, որպեսզի անցկացվի դատահոգեբանական հետազոտություն, որով արարքը հնարավոր կլիներ վերաորակել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում կամ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, սակայն ինքն իր հակընդդեմ կարծիքն է արտահայտել, քանի որ մեղադրյալը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, որը ծանրացնող հանգամանք է: «Դատաբժշկական փորձանքննության վերաբերյալ փաստաբանը քննիչին և դատավորին միջնորդություն է ներկայացրել, որ մեղադրյալը հուզական վիճակում է եղել, սա ուղղակի որոշակի մարտավարություն է պատիժը մեղմացնելու համար»,- ասում է տկն Ռուզաննան։

Գործով ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը, իր դիմումի համաձայն, այսօրվա նիստին ներկա չի եղել:

Դատարանը՝ Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ,  անհրաժեշտ է համարել ճշտել՝ արդյոք տուժող կողմը ցանկանում է գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, թե՞ այն քննել վերաքննության կարգով: Հաշվի առնելով, որ  նիստին ներկա չի եղել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը` նիստը հետաձգվել է: Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 22-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter