
Ուսուցչի թափուր տեղի մրցույթի կարգը վիճահարույց կետեր ունի
Ուսուցչի թափուր տեղը համալրելու համար հանրակրթական դպրոցներում մրցույթ է իրականացվում կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի 2013թ. հունիսի 13 –ի N317-Ա հրամանի համաձայն: Թափուր տեղ է համարվում մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով և տվյալ հաստատության տարիֆիկացիոն ցուցակով նախատեսված ուսուցչի չզբաղեցրած պաշտոնը: Հրամանով ուսուցչի թափուր տեղի մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Մրցույթում հաղթողին որոշելիս մրցութային հանձնաժողովն առաջնորդվում է կրթության և գիտության նախարարության կողմից ամեն տարի մշակվող թեստային 100 հարց ընդգրկող հարցաշարով: Նախարարի հրամանով սահմանված մրցույթի կարգը շրջանցում է գրանցված մասնակցի մագիստրատուրա ավարտելը, աշխատանքի ստաժը, վերապատրաստում անցնելը և այլն: Դասվարի մրցույթի գրանցված մասնակից Շուշանիկ Տոնոյանը դա որակում է նախկին նախարարի հրամանի թերացում:
Հոկտեմբերի 9-ին «Լոռու մարզի Ալավերդու թիվ 12 դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի թափուր պաշտոնի մրցույթն անցկացվեց նախորդ տարվա հարցաշարերով: Կրթության և գիտության նախարարության կողմից 2018թ. հարցաշարերը չէին թարմացվել: Մրցույթին մասնակցելու համար տնօրեն Գոհար Ավետյանին գրավոր դիմել և գրանցվել էին մասնագիտական կրթությամբ երեք մասնակիցներ:
Նրանցից Մանե Աբելյանը բակալավրի ծրագրով ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Տարրական կրթություն, մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը՝ ուսուցչի բակալավրի որակավորումով: Մանեն աշխատանքի փորձ չունի: «2018թ. եմ ավարտել ինստիտուտը»,- ասաց նա:
Շուշանիկ Տոնոյանն ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Տարրական կրթություն, մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը : Նա 5 տարի՝ 2012թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2017թ. հոկտեմբերի 30-ը դասվար է աշխատել Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում: Շուշանիկը 2017թ. նոյեմբերի 6-ից մինչև օրս տարրական դասարանի ուսուցչի օգնական է աշխատում Ալավերդու Ե. Չարենցի անվ. թիվ 9 դպրոցում: Նա դասվարի 6 տարվա աշխատանքային ստաժ ունի, 3-րդ անգամ էր մասնակցում դասվարի թափուր տեղի մրցույթին, որից երկու անգամ մրցույթի մասնակցել է թիվ 12 դպրոցում: Նախորդ տարվա մրցույթում Շուշանիկի արդյունքները գերազանց են եղել: «Մրցույթին երկու մասնակից էինք գերազանց ստացել, դպրոցի տնօրենը նախապատվությունը տվեց մյուս մասնակցին»,-պատմեց նա:
Մրցույթի 3-րդ մասնակիցը՝ Վարդուհի Դեմուրխանյանը, նույնպես ավարտել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի պետական մանկավարժական ինստիտուտի «Տարրական կրթություն, մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը: Վարդուհին 2011թ.-ից դասվար է աշխատում «Ե. Չարենցի անվան թիվ 9 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում: Նա 2004-2011 թթ. դասվար է աշխատել նաև Լոռու մարզի «Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում: Վարդուհին ուզում էր թիվ 12 դպրոցում դասվար աշխատել՝ տանը մոտ լինելու պատճառով: Նա գրավոր քննության արդյունքներով 100 հարցից դրական էր պատասխանել 62 -ին:
Հանձնաժողովի նախագահ, դպրոցի տնօրեն Գոհար Ավետյանը հայտարարեց, որ Վարդուհին դուրս է մնում մրցույթից: Հանձնաժողովը դրական համարեց Մանե Աբելյանի և Շուշանիկ Տոնոյանի գրավոր պատասխանները: Նրանցից յուրաքանչյուրը ստացավ 100 միավոր և մասնակցեց մրցույթի 2-րդ փուլին՝ բանավոր քննությանը: Երկուսն էլ բանավոր քննությանը նույնպես ստացան գերազանց գնահատականեր և ճանաչվեցին մրցույթի հաղթողներ:
Բանավոր քննությանն ակնհայտ դարձավ, որ հանձնաժողովի նախագահ Գոհար Ավետյանը դասվարի թափուր տեղի համար նախընտրում է Մանե Աբելյանի թեկնածությունը։
Մանե Աբելյանը մինչև մրցույթը տնօրենի կողմից նշանակվել և աշխատում էր թիվ 12 դպրոցի դասվարի թափուր տեղում՝ 3-րդ Ա դասարանի դասվար: Կրթության և գիտության նախարարի 2013թ. հուլիսի 30-ի N 1001 հրամանի հավելվածի 65-րդ կետով նախատեսվում է, որ եթե մրցույթում հաղթող է ճանաչվել մեկից ավելի մասնակից, և ներկայացված դիմումների քանակն ավելին է, քան թափուր տեղը, հաղթողներից դասվարի ընտրությունը կատարում է տնօրենը: Վերջինս 3 աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով պայմանագիր է կնքում հաղթողներից իր նախընտրած թեկնածուի հետ: Դեռ Շուշանիկ Տոնոյանի բանավոր քննության արդյունքները ձեռքի տակ չունեցող Գ. Ավետյանը Մանե Աբելյանին հանձնարարեց դիմում ներկայացնել պայմանագիր կնքելու համար:
Շուշանիկ Տոնոյանը հուզված էր հանձնում բանավոր քննությունը: Տնօրեն Գ. Ավետյանը նրան նույնպես հայտնեց, թե քննությունը գերազանց հանձնեց, եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում պայմանագիր կկնքվի մրցույթին հաղթողներից իր նախընտրած թեկնածուի հետ: Տնօրենը չհայտնեց իր նախընտրած թեկնածուի անունը: Մրցույթի ավարտից հետո Գոհար Ավետյանը մեզ ասաց, թե նախարարությունը ուսուցչի թափուր տեղի մրցույթի կարգի մեջ բավականին փոփոխություններ պետք է մտցնի։
«Ուսուցչի մասնագիտական կարողությունները մրցույթի սահմանված կարգով բացարձակ չեն ստուգվում: Մրցույթով մենք կարող ենք ընդունել այնպիսի մասնագետի, որը բանավոր և գրավոր 100 հարցերը անգիր պատասխանի գերազանց, բայց գա դպրոց և շատ վատ ուսուցիչ լինի՝ մասնագիտական գիտելիքների առումով և մեթոդապես: Այդպիսի փաստեր լինում են: Ուստի, կարելի է կարգի փոփոխության մասին մտածել»,- ասաց Գ. Ավետյանը:
Նա կարծում է, որ կրթության և գիտության նախարարությունը պետք է ուսուցչի թափուր տեղի մրցույթի այնպիսի ձև ընտրի, որ ստուգվեն ուսուցիչների մասնագիտական կարողությունները: Գոհար Ավետյանն առաջարկում էր նաև մրցույթին երկու հաղթողի դեպքում նոր փուլ հայտարարել հաղթողների միջև։ «Տնօրենի որոշման այդ պահն էլ, ինձ թվում է, պետք է հանվի մրցութային կարգից, քանի որ երկու հաղթողի դեպքում տնօրենը նրանցից մեկի համար դառնում է թշնամի»,- բացատրեց Գ. Ավետյանը:
Մրցույթի մասնակից Շուշանիկ Տոնոյանի խոսքով՝ կրթության և գիտության նախարարության կողմից ուսուցչի թափուր տեղի մրցույթին առաջարկված 100 հարցերը չեն կարող վճռորոշ լինել դասվարի ճիշտ ընտրության հարցում: Շուշանիկը համարում է, որ նախարարության հարցաշարում ավելի շատ պետք է տեղ գտնեն մասնագիտական հարցեր, անհրաժեշտ է թարմացնել նաև հարցաշարը։ Շուշանիկի ասելով՝ հարցաշարում հարցերի մեծ մասը գրեթե չեն վերաբերվում դասվարի աշխատանքին: Նա առաջարկում էր դասվարի մրցույթի հարցաշարում ընդգրկել երեխաների տրամաբանական մտածողության զարգացման գործում ուսուցչի հմտությունները բացահայտող հարցեր: Շուշանիկը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև նախորդ տարի տնօրեն Գոհար Ավետյանի կողմից իրեն որպես դասվարի թեկնածու նախապատվություն չտալուն։
«Նախարարի հրամանով ընտրության սահմանված կարգը շրջանցում է մագիստրատուրա ավարտելը, աշխատանքի փորձը, վերապատրաստում անցնելը և այլն: Ես դրանք համարում եմ նախկին նախարար Արմեն Աշոտյանի հրամանի թերացում: Մրցույթի հավասար արդյունքի դեպքում դրանց պետք է տրվեր առաջնահերթություն, ոչ թե դասվարի ընտրությունը տրվեր տնօրենին»,- ասաց Շուշանիկը:
Նա նաև նշեց, որ մրցույթի գրանցված մասնակիցները բանավոր քննությունը հանձնում են առանձին, մասնակիցները մեկը մյուսի պատասխանը չի լսում, որպեսզի վստահ լինի տնօրենի արդարացի ընտրության մեջ:
«Ես մրցույթին մասնակցում եմ իմ հիմնական մասնագիտությամբ աշխատելու համար: Ես սիրում եմ իմ աշխատանքը: Ես քանի որ նախորդ տարի չեմ լսել իմ մրցակցի բանավոր պատասխանը, այնքան էլ վստահ չեմ իմ նկատմամբ նրա առավելության մեջ: Թող ես չանցնեմ, անցնի այն մարդը, ով արժանի է դրան»,- ասաց հուսահատված Շուշանիկը: Վաղը լրանում է մրցույթի ամփոփման աշխատանքային 3-րդ օրը: Շուշանիկ Տոնոյանը մրցույթի հանձնաժողովի նախագահ Գոհար Ավետյանից դեռևս որևէ տեղեկություն չէր ստացել մրցույթի երկու հաղթած մասնակիցներից իր նախընտրած թեկնածուի մասին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել