HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության անդամների

Հոկտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն:

ԱԳՆ ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու Արցախի պատմությանը, մշակույթին, ինչպես նաև արցախցիների առօրյային։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և դրա շուրջ Արցախի դիրքորոշմանը, ինչպես նաև հանրապետության միջազգային ճանաչման և արտաքին կապերի զարգացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումներին։
Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախում կարևորում են ֆրանսախոսության զարգացումը, որի նպատակն է հաղորդակից լինել ֆրանսիական մշակույթին ու լեզվին և մաս կազմել ֆրանկոֆոն ընտանիքի։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ Արցախում ամբողջովին կիսում են Ֆրանկոֆոնիայի գաղափարներն ու արժեքները, մասնավորապես, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքները։
Մասիս Մայիլյանը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։
Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում հոկտեմբերի 9-12-ը կայացել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 47-րդ համաժողովը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter