HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Հատվածներ հիշողության օրագրից

Կիրգիզ գրող Չ. Այթմատովը մի առիթով ասել է. «Կարելի է խլել հողը, կարելի է խլել հարստությունը, կարելի է խլել նաեւ կյանքը, բայց ո՞վ է հնարել, ո՞վ է համարձակվել մահափորձ կատարել մարդու հիշողության դեմ... Մի՞թե առանց այդ էլ քիչ չարիք կա աշխարհիս երեսին...»:

Արցախյան պատերազմի մասին խոսելիս հիմնականում խոսքը մարտական գործողությունների եւ նրանց անմիջական մասնակիցների մասին է: Այնինչ մարտադաշտից այս կողմ գտնվողները, այդ թվում եւ երեխանները, հիշողություններ ու ասելիք շատ ունեն: Կատարվող իրադարձությունները մանկական ուղեղն ընդունել եւ վեր է լուծել յուրովի:

Այսօր արդեն երիտասարդ տղաների ու աղջիկների համար այդ հիշողություններն իրենց կյանքի մի մասն են եւ պատմական փաստեր` պատերազմի ականատեսների վկայություններ: Արցախյան պատերազմի տարիներին ես 4 տարեկան երեխա էի: Պատերազմի, մահվան վախը զգում էի այնքանով, որքանով այն տեսնում էի մորս աչքերում: Յուր ժամանակին վաղ հասակում հորից զրկված մայրս մեզ անընդհատ մի բան էր կրկնում. «Երբեք հարեւանի երեխաների մոտ չասեք` հայրիկս ինձ համար կոնֆետ գնեց կամ էլ մեկ ուրիշ բան: Մի խոսքով, աշխատեք հնարավորինս նրանց մոտ հայրիկ բառը չտալ»:

 Սեղանին դրված կանաչ խնձորի հոտը 25-ամյա Արմինեին մանկությունն է հիշեցնում: Հայրը` Գրիշա Նարինյանը, ամեն երեկո իր, մոր եւ եղբոր համար իրենց սիրելի խնձորներն էր բերում: 5-ամյա Արմինեն ծնողների հետ ապրում էր Մարտունի քաղաքին կից Կարվին գյուղում: Հայրը` Գրիշան, շարժման ակտիվիստներից էր եւ հղի մորը ստիպում էր անպայման մասնակցել բոլոր միտինգներին: Պատերազմական գործողությունների ժամանակ նրանք մի որոշ ժամանակով տեղափոխվել են հարեւան Խունուշինակ գյուղը: Երկար չկարողանալով մնալ այնտեղ, հետ վերադարձան Կարվին:

«Մենք հորս հետ շատ էինք կապված: Նա էր մեզ լողացնում, մեզ հետ խաղում ու տարբեր պատմություններ պատմում պատերազմից ու մեր տղանների հերոսություններից: Ամեն անգամ տուն գալիս, պարզ է, պատերազմ էր, բայց նրա գրպանում միշտ երեք իրիս կոնֆետ կար, որը նա խնամքով պահում էր մեզ համար: ...1992 թ. հունիսի 13-ն էր... Այդ օրը մեր տուն եկավ հորս մարտընկերներից մեկը եւ ասաց, թե հայրս վիրավորվել է: Մայրս, փորձելով զսպել իրեն, ասաց` պետք չէ խաբել, ես գիտեմ, որ նա այլեւս չկա: Մինչեւ հիմա մորս այդ խոսքերը, որ նա արտասանեց բավականին զուսպ, ապշեցնում են ինձ»,- պատմում է Արմինեն:

Նա հիշում է, որ հիվանդանոցի ողջ ճանապարհին մայրը լուռ էր, արցունքները քարացել էին մոր աչքերում` հայելու պես արտացոլելով լոկ դաժան իրականությունը: Հիվանդասենյակ տանող աստիճանների մոտ աղջկան չթողեցին ներս մտնել, բայց համառեց ու ներս մտավ: «Մահճակալի վրա պառկած էր հայրս: Ինչպես ինձ ասացին` նա քնած էր: Ճակատին վիրակապ կար: Մոտեցա ու դանդաղ ձեռքս մոտեցրի հորս ձեռքին... Նա սառն էր... Որոշ ժամանակ անց բերեցին հորս զինվորական համազգեստը. գրպանում խնամքով պահված էին այն երեք կոնֆետները, որոնք արդեն այնքան ցանկալի ու համեղ չէին թվում... 5-6 տարեկան էի, բայց պատերազմը մեզ ավելի հասուն էր դարձրել, որ քնած մարդուն մահացածից շատ հեշտ տարբերենք»,- ասում է Արմինեն:

Երկար փափագած հեծանիվը Արմինեն այդպես էլ չհասցրեց վարել:

Մայրը` Մելանյան, վախենում էր, որ աղջիկը, խաղալիքներով տարված, կխաղա բակում եւ չի հասցնի նկուղ վազել: Դրա համար էլ բոլոր խաղալիքները մի մեծ տակառում էին պահում: Իսկ Արմինեն ամեն օր աթոռը դնում էր ոտքի տակ` փորձելով հասնել տակառի բերանին, եւ ամեն օր անհաջող:

«...1993 թվականն էր: Նոր էինք Հոկտեմբերյանից եկել: Մայրս տաշտը հանեց եւ պատրաստվում էր եղբորս` Ավետիքին լողացնել: Եղբայրս շատ չարաճճի էր եւ մորս չէր լսում: Այդ օրն էլ նա չէր ուզում լողանալ ու անընդհատ չարություններ էր անում, այնքան էր արել, որ տատս, չդիմանալով նրա աղմուկին, մորս ասաց` ինչ ուզում է թող անի, թող չլողանա, թող գնա խաղա:

Եղբայրս ուրախացած դուրս վազեց: Րոպե չանցած` դրսում պայթյունի ձայն լսվեց: Մայրս տեղում քարացավ ու հազիվ արտաբերեց` դա իմ որդին է...Եղբայրս գնդիկային ռումբ էր գտել, որը խաղալիս ձեռքին պայթել էր:

Դրանից հետո տատս դեռ երկար ժամանակ ուշքի չէր գալիս, նա պատահածի համար իրեն էր մեղադրում»:

Այսօր Արմինեի կրտսեր եղբայրը` Արմենը, սովորում է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Այս տարի կավարտի ու հոր գործը կշարունակի` ծառայելով ԼՂՀ զինված ուժերում:

 Ստեփանակերտցի 19- ամյա Զոյա Ղարիբյանը հիշում է, որ առաջին անգամ այդ պատմությունը ինքը լսել է իր ծննդյան 16-րդ տարեդարձին: Ողջ բարեկամությունը հավաքված նշում էր Զոյայի ծնունդը, ու մեկը մյուսի հետեւից հնչում էին կենացներ: Աղջկա տատը, բաժակ բարձրացնելով, առաջարկեց խմել իրենց թոռան կյանքը փրկած զինվորի կենացը: «Երբ Ստեփանակերտը պարբերաբար ռմբակոծվում էր, հայրս որոշեց մորս ու իր ծնողներին տեղափոխել Ննգի, մորաքրոջս տուն: Մեզ ուղեկցող զինվորներից մեկը` վարորդը, ելնելով անվտանգությունից, Ստեփանակերտ-Ննգի մայրուղուց շեղվելով` մտավ անտառ»,- ասում է Զոյան` հավելելով, որ հայրն ու պապն էլ իջան տարածքը խուզարկելու:

Զոյայի մայրն ու տատն էլ հիշելով, որ հորաքրոջ տանը ջրի պակաս կա, մեկ տարեկան Զոյային թողնելով զինվորների հետ մեքենայում, իջան` մոտակայքում գտնվող աղբյուրից ջուր վերցնելու: Որոշ ժամանակ անց մոտակայքում ուժեղ պայթյուն լսվեց, ապա նաեւ կրակ բռնկվեց անտառում: Բոլորը սարսափով շտապեցին կրակի ուղղությամբ:

Պարզվեց` մեքենան ականի վրայով էր անցել, եւ պայթյունից առաջ Զոյայի հետ խաղացող զինվորն իր մարմնով պաշտպանել է մանկանը, երբ ականի պայթյունի ալիքը, մեքենայի դռները ջարդելով, բոլորին դուրս է շպրտել: Ծնողներն այնպիսի մեծ ցնցում էին ապրել, որ զինվորների դիակները տեղ հասցնելու ժամանակ հետամուտ չեղան եւ այդպես էլ չիմացան իրենց աղջկա կյանքը փրկած զինվորի անունը: «Չնայած միայն 16 տարեկանում իմացա ամբողջ պատմությունը, սակայն տարիներ շարունակ անընդհատ միեւնույն երազն էի տեսնում` խարույկի չրթչրթոց, մարդկանց ձայներ եւ ինչ-որ մեկի ծանր շնչառություն»,- ասում է Զոյան:

 Նվերը ընտանիքով ապրում էր Մարտունի քաղաքում: 1988 թ. նա 6 տարեկան էր: Մարտունիում նա հասցրել է սովորել միայն 3 տարի: 1990 թ. մոր եւ քույր-եղբայների հետ տեղափոխվել է Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղ: Այստեղ նրանք մնացել են մի քանի ամիս, որից հետո տեղափոխվել են նույն շրջանի Ճարտար գյուղ:

1992 թ., երբ արկ է ընկնում նրանց տան վրա, նրանք տեղափոխվում են Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ: Այստեղ Նվերը քրոջ եւ եղբոր հետ դպրոց է հաճախել:

Մարտունի նրանք վերադարձան միայն 1994 թվականից հետո: «1993 թ. հունիսն էր: Ավոյի զոհվելուց մոտ մի ամիս հետո իմ Էդո հորեղբայրը ծանր վիրավորվեց: Հայրս պատմում է, որ մթության մեջ չիմանալով` իրեն ասում են, թե հորեղբորս խփել են: Նա իսկույն շտապում է եղբորը բերելու: Հորեղբայրս սկզբում ոչ մեկին չէր ճանաչում, դիպուկահարի գնդակը ուղիղ գլխին էր խփել: Հայրս խնդրեց, որ հորեղբայրս իր ձեռքից բռնի, բայց շուտով նկատեց, որ հորեղբայրս ձեռքը բաց է թողնում, եւ ինքը եղբայր է կորցնում»,- պատմում է Նվերը: Այսօր արդեն 27-ամյա Նվերն ասում է, որ այդ դեպքից հետո իրենք սկսել են ամեն ինչ հասկանալ: Հորեղբոր մահվան օրը նա կպչուն խոտերով մի աստղ է սարքել, մեջտեղն էլ նռան ծաղիկ դնելով` ուրախացած տարել է մորը ցույց տալու: Մորը դա ծաղկեպսակ է հիշեցրել, եւ նա վատ բան է կանխազգացել: Նվերն էլ տխրել է մոր ասածից: Այդ նույն երեկո լսեցին հորեղբոր մահվան լուրը: «11 տարեկան երեխա էի եւ աստծո մասին ոչինչ չգիտեի, ոչ էլ առավել եւս հավատում էի: Այդ նույն օրը ծնկաչոք սկսեցի աղոթել: Հավատում էի, որ ամեն ինչ լավ կլինի: Քիչ անց լսեցինք հորեղբորս մահվան լուրը: Դրանից հետո երկար տարիներ ես աստծուն չէի հավատում»,- հիշում է Նվերը: Մի օր հայրը` Էռնեստը, տնեցիներին զգուշացրեց, որ խրամատ մտնեն: Մութ էր, լամպի լույսի հույսին էին: Նվերը հիշում է, որ մայրը չհամաձայնեց դուրս գալ տնից: Երեխաներին քնեցրեց, իսկ վերմակի վրայից ներքնակներով էլ ծածկեց, որ արկի պայթելու դեպքում ապակու փշուրները չվնասեն երեխաներին:

«Լսում եմ, թե ինչպես իրար ետեւից արկերը մեր տան ուղղությամբ են գալիս: Մորս ասում եմ, բայց չի հավատում: Հենց այդ պահին էլ արկը ուղիղ մեր տուն է ընկնում: Մթության մեջ տնեցիք, խլացած արկի պայթյունի ձայնից, միայն գոռգոռում են ու լալիս: Թե այդ պահին մեր տանը ինչ էր կատարվում, նկարագրելն անհնար է, պետք էր միայն տեսնել»,- ասում է Նվերը` շտապելով ավելացնել` աստված չանի ինչ-որ մեկը նման բան տեսնի:

Բեկորներից մեկը Նվերի մորը` Լիաննային է վնասում: Կինը հղի էր եւ մի քանի օրից պիտի ծննդաբերեր: Ձայներից հարեւանները օգնության եկան: Նվերն էլ շտապեց վիրավոր մոր մոտ: «Գուլափլուի ու Ավդալի ազատագրման օրն էր: Հորս հետ ոտքով Մարտունուց գնացինք Նորշեն: Այդտեղ էլ առաջին անգամ տեսա Ավոյին: Արդեն հարձակման էին պատրաստվում, եւ ես մեր բարեկամի տղայի հետ ստիպված էի հեռանալ, չնայած առաջին անգամ չէր, որ ներկա էի նման տեսարաների: Շատ եմ տեսել, թե ինչպես են ֆիդայիները ծիծաղելով ու կատակելով խրամատ կտրում, նրանք թուրքերից չէին վախենում»,- պատմում է Նվերը:

Բակի երեխաներով դաշտում ֆուտբոլ էին խաղում, եւ երբ սկսում էին կրակել, երեխաները շատ էին հիասթափվում: Նվերը հիշում է, որ չէին կարողանում «հալալ» խաղալ, ծնողներն իսկույն կանչում էին: Իրենք էլ այնքան էին ձգձգում, որ արդեն բակում մնալը վտանգավոր էր դառնում: Զրուցակիցս հիշում է, թե ինչպես է խաղադաշտի մոտ արկ պայթել, իսկ բեկորներից մեկն էլ կպել սյանը հենված եղբորը` Համլետին: Այդ մասին մորը չեն ասել, թե չէ չէր թողնի այլեւս դուրս գնալ` խաղալու:

Աշխարհի որ ծայրում էլ գտնվենք, պայթած փուչիկի կամ ինքնաթիռի ձայնից մեր սրտերը ավելի արագ են բաբախում` հիշեցնելով մեզ մանկությունից այնքան ծանոթ ձայներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter