HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ Նուբարաշենի կլոր բանտի ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին

Բարև սիրելի Մհեր

Աստված իմ, որքան վաղուց է քեզ նամակ չեմ գրել։

Սակայն, միշտ հետևել եմ այն ամենին, ինչ կատարվում է քեզ հետ։

ԱվԻսահակյանի անվան գրադարանում Լեռ Կամսարի քո թարգմանած «Բանտիս օրագիրը» ժողովածուի շնորհանդեսը հուզախառը և արցունքաշատ էր։ Այս ողբերգական պատմությունը շատերի հոգսի կծիկն է դարձել՝ անհամբեր սպասում են հանգուցալուծմանը։ Քո և մյուս ցմահների ճակատագրերով բազումներն են հետաքրքված։ Ցմահ ազատազրկումը զարհուրելի պատիժ է՝ իմ կարծիքով, մահապատժից էլ ավելի վատը, քանի որ մարդը սպանվելուց հետո ոչինչ չի զգում, իսկ արևի լույսից և ազատությունից հավերժ զրկվելը սահմռկեցուցիչ է։

Այդ օրը ոմանք նույնիսկ եկել էին քեզ տեսնելու ակնկալիքով։ Ավա՜ղ, քեզ նույնիսկ հորդ թաղմանը չթողեցին ներկա գտնվել և հրաժեշտ տալ։ Կյանքը որքա՜ն դառը շերտեր ունի․․․

Շունչներս պահած սպասում ենք նոր կառավարության համաներման հայտարարությանը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ասել է, որ լինելու է մինչև հիմա եղած համաներումներից ամենածավալունը։ Առաջ Աստված․․․ Ասում են՝ իրավիճակ է փոխվել մեր երկրում․․․ Սպասենք և հուսանք․․․ Այլևս բնավ չհուսախաբվենք, որ կարողանանք ապրել մեր երկրում․․․

Մհեր ջան, օրինաչափ զուգադիպությամբ քո թարգմանած գրքի շնորհանդեսը համընկավ Թարգմանչաց տոնի օրվա հետ։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ Կամսարի առաջին ամբողջական ժողովածուն կթարգմանի ցմահ անազատության դատապարտված մարդը, իր միջոցներով կտպագրի և կընծայի հեղինակի 130-ամյակին։ Վաճառքից ստացած հասույթն էլ կնվիրաբերի Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված մեր քաջազուն տղաների վերականգնողական կենտրոնին։

Վարձքդ կատար, սիրելի Մհեր։

Նորին Մեծություն Ազատությունը լինի քո վարձատրությունը․․․

Ի՞նչ իմանամ, գուցե քո թեթև ձեռքով ազատներն էլ սկսեն թարգմանել Լեռ Կամսարին։

Երգիծաբանը ձերբակալվել էր 1935թ և ազատվել համընդհանուր 1955թ համաներմամբ։ Ազատվելուց հետո նա պարբերաբար գզրոցից հանում էր Ազատման թերթիկը, ակնոցը դնում, ուշադիր կարդում էր և բացականչում

-Ա՜խր, իմ ի՜նչն են ներում՝ 20 տարվա տառապա՞նքս, ընտանիքիս զրկանքնե՞րը, հարկադրված լռությո՞ւնս, խաթարված կյա՞նքս, ախր ի՜նչը․․․

Հետո մտովի համեմատում էր իր բանտային կյանքն իրեն պարգևած ազատության հետ «Ես, որպես նախկին բանտարկյալ, պարապ ժամանակս նստում եմ, ներկա «ազատ» կյանքս համեմատում եմ բանտարկյալ ժամանակվա հետ և աշխատում եմ տարբերություն գտնել։

Գտածս տարբերությունները հետևյալներն են։

Բանտում օրական մի անգամից ավելի արտաքնոց գնալու իրավունք չունեի՝ այն էլ տասնհինգ րոպեից ոչ ավելի, հիմա կարող եմ օրական հարյուր անգամ արտաքնոց գնալ ազատ, կարող եմ արտաքնոց գնալ ու բնավ տուն չվերադառնալ։ Գիտե՞ք՝ դա ինչպիսի ազատություն է։ Չգիտեք։ Այդ կիմանաք այն ժամանակ միայն, երբ տերը հաջողի բանտ ընկնեք, սաստիկ փորհարություն ունենաք և «կլյուչնիկի» ոտներն ընկած՝ պաղատեք կես րոպեով դուրս թողնել...

Չէ՛, սա մեծ արտոնություն է, որի համար ես շնորհակալ եմ իմ կառավարությանը, որ ինձ ազատեց բանտային այս «պրոցեդուրայից»։

Ուրիշ... ուրիշ... ուրիշ համարյա ոչ մի տարբերություն։

Այնտեղ բանտից դուրս գալիս ետևներիցս անպայման մերկացրած ատրճանակներով ոստիկան պիտի հետևեր, իսկ հիմա, ազատությանս մեջ ոստիկան չկա, բայց ամենևին դուրս չեմ գալիս, որովհետև դրսում... կյա՜նք չկա։

Սա արդեն կոչվում է ինքնակալանավորում, որը վատ է աշխարհիս բոլոր կալանավորություններից...»։

Լեռ Կամսարը ֆիզիկապես ազատվեց, բայց ցմահ լռության, մոռացումի դատապարտվեց։

Ես քեզ լիարժե՛ք ազատություն եմ մաղթում, Մհեր ջան․․․

Շուտով հանդիպելու ակնկալիքով՝

                                                    Վանուհի Թովմասյան

                                                                                                16102018

Հ․Գ Մհեր ջան, քանի որ այս իրավիճակում սպասմանդ ամեն վայրկյանը մի դար է տևում, քեզ եմ ուղարկում Կամսարի անտիպ երկու օրապատում ուղղակի կարդալու համար։

Կարդա և տխուր ծիծաղիր աշխարհի անկատարության վրա․․․

Սպասում եմ քեզ․․․

Հիմա հասցես էլ գրեմ, որ նախորդ արածներիդ պես էլի՛ անակնկալ մատուցես ինձ։

Մի գեղեցիկ օր դռանս զանգը կհնչի, կբացեմ և դռան շեմին կլինես դու քո մանկական ժպիտով…

                                                    Թումանյան 30/36

                        ( Պապս ողջ լիներ, նամակի վերջում կավելացներ՝ փոշտալյոնը կճանչնա ինձի):

 

                                   Լեռ Կամսար, «Կարմիր օրեր» անտիպ օրագրից

 

Չորեքշաբթի 2- Մեզ մոտ մեռնելը անտանելի դժվարությունների հետ է կապված։

Ինձ ասեն հարյուր տարի ապրիր՝ չասեն մի րոպե մեռիր։ Այնքան որ դժվար է։

Բավական չէ, որ բժիշկը գա հաստատի, թե դու մեռած ես, անթիվ անհամար հիմնարկներ պիտի շրջես և նրանց յուրաքանչյուրին առանձին-առանձին պիտի համոզես, որ դու իրոք մեռած ես, անգամ փաստաբան վարձես այն ապացուցելու համար։

Իրականությունը մեզ մոտ չի անցնում։ Մեզ մոտ ամեն ինչ իդեա է, ծրագիր, նախագիծ՝ մենք պլատոնական ենք։ Եթե նախագծով մեր երկիրը աշխարհի ամենաերջանիկն է՝ ասա՛, ի՞նչ ասելով ես մեռնում, ավելի՞ երջանիկ ես ուզում։

Չե՜ս կարող ասել, թե կյանքիցս հրաժարվում եմ․․․ հիվանդության պատճառով, կամ ծերության։

Կասի՝ մեզ մոտ բժշկությունը ձրի է, իսկ ծերունիները կենսաթոշակ են ստանում, ինչո՞ւ պիտի մեռնես։

Քեզ այնպես կշշպռի, այնքան կշշկլացնի, որ դու կասես

-Լա՜վ, եղբայր, լա՜վ, ղալաթ արինք մեռանք, այս մի անգամը թաղեցեք, մյուս անգամ չեմ մեռնի․․․

Ահա այս է պատճառը, որ երբ ընտանիքիս անդամներից մեկը տնքա՝ դողը կընկնի ջանս։ Կասեմ՝ վա՛խ, չլինի՞ մեռնի։

------

Մինչդեռ ճիշտ սրա հակառակը պետք է լիներ։ Մեռնելը լիներ հեշտ ու երջանիկ։ Մարդիկ անհոգ, անվիշտ պառկած իրենց գերեզմաններում։ Չմտածեին, թե այսօր, որ վեր կենան՝ ի՞նչ պիտի ուտեն, ի՞նչ պիտի հագնեն և ի՞նչ մտածեն, որ չաքսորվեն կամ գնդակահարվեն։

Ու մի մեռել էլ, որ ծերանար կամ հիվանդանար ու կամենար ապրել՝ բոլոր կողմից վրա տային ու կշտամբեին, թե ի՞նչ պատճառով քո երջանիկ մահը թողած գնում ես ապրելու։ Դու այստեղ ունես քո սեփական տունը, դու հատուկ անուն ես, ունես սեփական դեմք ու կարծիք գնաս կյանք՝ այնտեղ ի՞նչ կա։ Ո՛չ սեփական տուն կունենաս, ո՛չ սեփական անուն, ո՛չ էլ սեփական կարծիք։ Ունեցածդ-չունեցածդ պիտի հավաքես մտնես Խրուշչովի մեջ որպես․․․ եղբայրական դամբարան․․․

Հինգշաբթի 3- Գերմանիայում երկու Ֆրանկֆուրտ կա՝ մեկը Մայնի վրա, մյուսը չգիտեմ ինչի վրա։ Չգիտեմ, որովհետև միայն Մայնի Ֆրանկֆուրտն է հիշատակվում գրականության մեջ, և միայն այդ եմ լսել։

Բայց Ֆրանկֆուրտից զատ աշխարհում գոյություն ունեն նաև այլ նույնանուն քաղաքներ, ինչպես օրինակ, Հին Ջուղա-Նոր Ջուղա, Հին Բայազետ-Նոր Բայազետ և այլն։

Մի քաղաք էլ կա, որ ոչ թե երկու, այլ ըստ օրենքի երեք անուն պիտի ունենար, բայց քարտեզի վրա հիշվում է միայն մի անունով։

Այդ քաղաքը մարդն է։

Մարդը Ֆրանկֆուրտի պես պիտի շինվեր՝ մեկը չգիտեմ ինչի վրա, մեկը՝ Մայնի վրա, մյուսն էլ մի որևէ բանի վրա։ Որովհետև մարդու միջի այդ քաղաքներն ավելի հեռու են իրարից, քան միևնույն երկրի տարբեր քաղաքները։

Մարդու միջի քաղաքներից մեկը մինչև իսկ արտասահմանում է, մյուսը` Սովետական Միությունում՝ այնքան, որ հեռու են, և եթե ուզում եք՝ այնքան թշնամի իրար հետ։

Առաջին մարդը ապրում է իր վարի հարկում, այսինքն գետնի վրա, հետևաբար, ռեալ է ու անկեղծ։

Նա լեզու չունի, ապրում է մտքի մեջ և այսպես է մտածում «Ա՜խ, աշխարհի բոլոր հարստությունները պատկանեին ինձ, բոլոր գեղեցիկ կանայք՝ ինձ, հրաման տայի՝ բոլորն առաջիս չոքեին խոսեին միայն իմ մասին, ծափահարեին միայն իմ ճառերը, պատերազմի ժամանակ զորքերս առաջ քշեի, ինքս մտնեի հարեմս ապրելու։ (Տե՛ս պարսից շահերը, թուրք սուլթանները և բոլշևիկ առաջնորդները)։

Երկրորդ մարդը ապրում է իր երկրորդ հարկում և լեզու ունի, որովհետև հասարակության մեջ է ապրում և պիտի շրջապատից թաքցնի իր իսկական էությունը։

Այստեղ նա մարդասեր է, հայրենասերկռվի ժամանակ զորքին հետ է տալիս ու ինքը առաջին շարքում կանգնում և սաստիկ անհանգստանում, որ թշնամու գնդակը չի դիպչում իրեն իր հայրենիքին զոհվելու համար։

Երբ բոլշևիկները նրան բռնում են ու զինված ապստամբության մեջ մեղադրելով` կամենում են գնդակահարել, նա իր զինակիցներին թաքցնում է և բոլորի մեղքը իր վրա վերցնում՝ նրանց կյանքը փրկելու համար։ (Մինչդեռ ինքն է բոլորին մատնել)։

Հիմա բարձրանանք մարդու երրորդ հարկը։

Այստեղ արդեն պատկերը բոլորովին փոխվում է։ Այստեղ մարդը մորուք ունի, քահանա է որևէ կրոնի։ Նա կամ քրիստոնյա է, կամ սոցիալիստ։ Դեմ-դեմի նստել են քրիստոնյա տիրացուներ և սոցիալիստ եպիսկոպոսներ հանձինս Մարքսի, Էնգելսի, Լենինի, ինչպես ասացի՝ բոլորն էլ մորուքավոր։

Մորուքը նրանց հարկավոր է, որ Մեծ Պասին նրա վրա մածուն թափեն և եկեղեցու բեմից հայտարարեն ժողովրդին, թե պաս պետք է պահել։ Այսինքն՝ ժողովրդին ուղարկում են երկնից արքայությունը, որ երկրի արքայությունը մնա իրենց։

Երրորդ հարկում նստող մարդը մարդկային այլանդակությունների էսենցիան է, նրա կոնյակը, նրա սպիրտը որի խմողն այլևս հաշիվ չի տալիս իրեն, և ստրկացնում է իր նման մարդկանց։ Եթե մարդու արյունի ծարավ է՝ սպանում է ինչքան հարկավոր է իրեն, կշտացավ՝ կոտորում է չուզելով, իբրև ծանր պարտականություն։

Ստալինը խոմ այնքան ծարա՞վ չէր, որ քսան միլիոն մարդու արյունով միայն բավարարվեր․․․

Հիմա, սիրելի՛ ընթերցողներ, ձեզանից մեկնումեկին դրեք ինձ հետ, այցելենք այս երեք հարկանի մարդկանց տները, որ նա էլ տեսնի իմ տեսածը և վերջում չասի՝ սուտ ես խոսում։

Նախ ծեծենք առաջին հարկում ապրող մարդու դուռը։

- Ճը՛կ, ճը՛կ, ճը՛կ։

- Ո՞վ է։

- Քեզ նման երկու մարդ։ Դուռը բաց արա։

- Դուռը բանալ չեմ կարող, տկլոր եմ։ Գնացեք իմ երկրորդ հարկը, կգամ այնտեղ կխոսենք։

- Մենք ուզում ենք քո տունը տեսնել։

- Կողմնակի մարդկանց մուտքը իմ տանը արգելված է։ Ես մարդու «Գաղտնի բաժինն» եմ։

Բախում ենք մարդու երկրորդ դուռը, և անմիջապես էլ ներս հրավիրվում։

- Ի՞նչ բնավորության տեր եք, - հարցնում ենք, - քո հարևանի ունեցվածքին աչք տնկո՞ւմ ես։

- Երբե՛ք, ես կուզեմ ամեն ոք իր ունեցվածքը վայելի։

- Նրա կնո՞ջը։

- Հա՜յ, քո տունը շինվի ես մի կին ունեմ տանը՝ շատ եմ սիրում, մնաց գնամ հարևանիս կի՞նը սիրեմ։

Բախում ենք երրորդ հարկի մարդու դուռը։

Դուրս է գալիս մի ծառա և հարցնում

- Ի՞նչ է ձեր անունը, ասացեք, որ զեկուցեմ տիրոջս, եթե թույլ տվեց՝ կմտնեք։

- Կիրակոս, Մարկոս։

Ծառան ներս է գնում, վերադառնում ու ասում է

-Տերս ասում է՝ նախաճաշում եմ, երկու ժամից եկեք։

Երկու ժամից գնում ենք։

Ծառան գնում-գալիս, ասում է

-Տերս ճաշում է, ասում է՝ չորս ժամից եկեք։

Գնում ենք չորս ժամից։

-Տերս ընթրում է, ասում է՝ վեց ժամից եկեք։

Բայց մենք վեց ժամից էլ չենք գնում, հաստատ իմանալով, որ այդ ժամին նա այնպիսի մի գործողության մեջ է, որ նրա համար Կիրակոս կամ Մարկոս ոնց որ մի ճանճ։

Այստեղ արդեն առաջին հարկի մարդն իր մտածածը իրագործել է, ինչպես տեսնում եք։

Ամեն ինչ միայն իր համար։

                                                                  1962թ, անտիպ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter