HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Ինտերնետի հիմնադիր հայր Լուի Պուզեն. «Կարեւոր է աշխատել գաղափարի վրա, որի իրագործումն անհնար է թվում»

Ինտերնետի հիմնադիր հայր, ֆրանսիացի համակարգչային գիտնական Լուի Պուզենի գաղափարները կիրառվել են ինտերնետի հիմքում եղած TCP/IP պրոտոկոլը ստեղծելու համար։ Նա ստեղծել է datagram-ը եւ նախագծել CYCLADES-ը։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Լուի Պուզենը Հայաստանում էր: «Հետքը» նրա հետ զրուցել է ինտերնետի ստեղծման ու իր ունեցած ներդրման մասին։ Իսկ RINArmenia նախաձեռնության համահեղինակ, Start Doon ընկերության հիմնադիր Ֆիլիպ Պուքսը պատմել է RINArmenia-ի եւ Հայաստանի համար դրա կարեւորության մասին։

Ինչպես ամերիկացիներն ու ֆրանսիացիները մրցակցելով ստեղծեցին ու զարգացրին ինտերնետը

Ինտերնետը համակարգչային ցանցերի փոխկապակցված համաշխարհային համակարգ է, որն օգտագործում է TCP/IP պրոտոկոլը՝ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող սարքավորումները միմյանց կապելու համար։

Ինտերնետը, առանց որի շատ դժվար է պատկերացնել մեր առօրյան, չունի մեկ հիմնադիր։ Այն երկար տարիներ զարգացրել ու մշակել են տարբեր մարդիկ, որոնք ունեցել են իրենց ներդրումը՝ տեսական գիտելիքների հիման վրա հետազոտություններ կատարելով, պրոտոկոլներ մշակելով ու իրական կիրառելիության համար գործիքներ ստեղծելով։

Ինտերնետն ավելի ակտիվ զարգացում է ունեցել ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, փորձեր են կատարվել նաեւ Մեծ Բրիտանիայում, սակայն ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ մի քանի այլ երկրներում հնարավոր աշխատանքները կարճ ժամանակ անց դադարել են։ Ոլորտում մեծ ներդրում ունեցած անհատներին անվանում են ինտերնետի հիմնադիր հայրեր։

Տվյալների փոխանցման իրականացումը համակարգիչների միջեւ առաջին բանն էր, որ պետք էր ինտերնետի նախագծի իրագործման համար։ Այդ ժամանակ այն տարածում չուներ, եւ առաջին ցանցը Իսպանիայի բանկային ընկերություններից մեկի ցանցն էր, որը բանկային գործարքներ կատարելու համար ստեղծել էր մի հեռահաղորդակցության ընկերություն։  Դրանից հետո արդեն ԱՄՆ-ում առաջ է գալիս Tymnet-ը, որն իրենից Ժամանակաբաշխ (time-sharing) համակարգ էր ներկայացնում։ Կային նաեւ ավիաընկերություններ, որոնք ցանցի հիման վրա ստեղծում էին ավիատոմսերի ամրագրման համակարգեր։

Դրանից հետո՝ 1969 թվականին, հիմնվում է ARPANET-ը, որը Internet-ի նախատիպն էր ու  առաջինն էր, որ հիմնված էր TCP/IP պրոտոկոլի վրա։ ARPANET-ը սկզբնական շրջանում ֆինանսավորվում էր ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի Advanced Research Projects Agency-ի կողմից։

ARPANET-ը հիմնականում օգտագործում էին հետազոտական կենտրոնները, համալսարանները։ Հետաքրքիր է, որ հեռահաղորդակցության ոլորտի հսկաներից, օրինակ, AT&T-ն ներգրավված չէր դրա զարգացման մեջ, ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում ARPANET-ի նկատմամբ, կարեւորում էր միայն հեռախոսակապը։

Այդ ժամանակ Լուի Պուզենը Ֆրանսիայում էր եւ հետաքրքրված էր ցանկացած նոր բանով, որը կապված էր համակարգչային գիտության հետ:

Ամեն ինչ սկսվեց Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի կառավարման ժամանակ։ Նա չէր սիրում ամերիկացիներին ու տարված էր այն մտքով, որ Ֆրանսիան պետք է ԱՄՆ-ից անկախ լինի ռազմավարական գործողություններ, քայլեր մշակելու ու որոշումներ կայացնելու տեսանկյունից։ Այդ իսկ պատճառով էլ ստեղծում են CEA-ը՝ Ֆրանսիայի գիտահետազոտական կենտրոնը, որի գլխավոր նպատակն էր զարգացնել միջուկային էներգիայի կիրառումը գիտական, արդյունաբերական եւ ազգային պաշտպանության ոլորտներում։ Հիմնական նպատակն էր ստեղծել մի բան, որի շնորհիվ Ֆրանսիան կազատվեր արտաքին ազդեցություններից՝ հատկապես ԱՄՆ-ի ճնշումներից։ Ատոմական կենտրոն ունենալը լավ միտք էր, սակայն, միեւնույն է, կար համակարգչային տեխնոլոգիաների կիրառման բաց։ Եվրոպայում նոր էին սկսում համակարգիչներ օգտագործել, հետեւաբար դրանց քանակը քիչ էր, իսկ հզորությունը՝ բավական թույլ։ Շառլ դը Գոլն ուներ խորհրդականներ, բայց ինքն էլ գիտակցում էր, որ ժամանակակից համակարգչային գիտության մեջ գործունեություն չծավալելու դեպքում չի կարող շատ ազդեցություն ունենալ ռազմավարական որոշումներ կայացնելու հարցում։ 1967 թվականին ստեղծում է IRIA (French Institute for Research in Computer Science and Automation)-ը, որի նպատակն էր զարգացնել համակարգչային գիտությունը ոչ միայն ռազմական ոլորտի, այլեւ բիզնեսների արագ զարգացման համար։

Գործակալությունը հիմնելուց հետո Լուի Պուզենին հարցնում են՝ արդյոք նա հետաքրքրվա՞ծ չէ ստեղծել մի բան, որը նման է լինելու  ARPANET-ին։ Լուի Պուզենը չի վախենում համաձայնել, որովհետեւ ավելի քան 2 տարի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում աշխատել էր CTSS-ի (Compatible Time-Sharing System) զարգացման վրա։ Մեծ փորձ ուներ համակարգչային ծրագրերի ոլորտում, բայց ոչ` համակարգչային ցանցերի։ Համաձայնում է,  կառավարության կողմից աշխատանքի ընդունվում, ինժեներների թիմ հավաքում ու սկսում աշխատանքները։ Թիմը հաշվետու էր հենց կառավարությանը։

Առաջին բանը, որ անում է Լուի Պուզենը, ԱՄՆ այցելելն ու ARPANET-ի թիմին հանդիպելն էր։ Մեծ մասին նա ճանաչում էր Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտից։ Կարճ ժամանակահատվածում նա բավարար տեղեկություն է ստանում` հասկանալու համար, որ այն, ինչ անում էր ARPANET-ը, այն չէր, ինչ ուզում էր Ֆրանսիան։

ARPANET-ը կենտրոնացված ցանց էր՝ ամբողջությամբ սահմանափակված միայն մեկ ցանցով, որը պետք է կիրառվեր ամբողջ աշխարհի կողմից։ Պուզենի համար դա նույնիսկ ինչ-որ չափով ծիծաղելի էր։ Ենթադրվում էր, որ աշխարհի բոլոր երկրները օգտվելու են ամերիկյան ցանցից։ Նրա մտքում միայն մի բան կար. «Դա բացառվում է»։

Լուի Պուզենը նախագծում է մի համակարգ, որը կազմված էր իրար կապված անկախ ցանցերից։ Դա գալիս էր փոխարինելու ավելի բարդ համակարգի, որի դեպքում տեղեկությունը կորցնելու ռիսկ կար։ Այդ բացը լրացնելու համար պետք էին հատուկ պրոտոկոլներ, որ մի բան ուղարկելու դեպքում ուղարկողը ստացման մասին հաստատում ստանա։ Պուզենի կարծիքով` այդ ժամանակ հաղորդակցության ոչ մի տեսակ վստահելի չէր, հատակպես, երբ իրար էին կապված հազարավոր համակարգիչներ՝ հարյուրավոր երկրներից։ Նրա համոզմամբ` պետք էր մի համակարգ, որը կերաշխավորեր կապը ուղարկողի եւ ստացողի միջեւ՝ անկախ միջնորդ ցանցի որակից։

Լուի Պուզենի մշակած գաղափարը

Նրա գաղափարը հետեւյալն էր՝ ուղարկել packet-ներ, ինչպես բացիկներ։ Ուղարկում ես տեղեկություն, տվյալներ, որն անվանում են packets, այդ packet-ներում ներմուծում ուղղություն եւ բովանդակություն ու ուղարկում դեպի ցանց։ Ցանցը պետք է այնքան խելացի լինի, որ գտնի հնարավոր ամենաարդյունավետ  ճանապարհները՝ տեղեկությունը ստացողին հասցնելու համար։ Այս գաղափարը ուսումնասիրել էր ամերիկացի գիտնական Փոլ Բարանը։ Նա առաջարկում էր ցանցի գաղափար, որն օգտագործում էր անկախ packet-ներ, բայց նա չէր փորձել այդ գյուտն օգտագործել տվյալների փոխանակման համար։ Այն ենթադրում էր, որ տեղեկությունը կուղղվի դեպի նպատակակետ նույնիսկ այն դեպքում, երբ ցանցն ամբողջությամբ վնասված է։ Դա նշանակում էր, որ ցանցի խնդիրների պատճառով տեղեկությունը կարող էր տեղ չհասնել կամ ճիշտ տեղ չհասնել։ Դա հետաքրքիր էր, բայց օգտակար չէր տվյալներ փոխանցելու տեսանկյունից։ Վերջինիս դեպքում պետք է վստահ լինես, որ ուղարկած տեղեկությունը ճիշտ տեղ է հասել։ Լուի Պուզենը, հիմնվելով Փոլ Բարանի սահմանած սկզբունքների վրա, առաջարկում է մի մոտեցում, որի դեպքում ուղարկված packet-ը երբ հասնում է նպատակակետին, ուղարկողը ստանում է պատասխան, որ հասել է։ Չհասնելու դեպքում պատասխանը լինում է բացասական, ինչն էլ թույլ է տալիս ուղարկողին մի քանի անգամ փորձել նորից ուղարկել packet-ը։ Մի քանի անգամ packet-ն ուղարկելուց հետո այն արդեն հասնում է նպատակակետին։ Գաղափարն աշխատեց եւ 1971 թվականին Ֆրանսիայում ստեղծեցին ցանց, որից օգտվում էին 6-7 համակարգչային կենտրոններ։ 1973-ին այն արդեն ներկայացրին կառավարությանը։ Կատարվածը ամերիկացիներին մտածելու տեղիք տվեց, որովհետեւ, Պուզենի խոսքով, շատերն էին արդեն խոստովանում, որ ֆրանսիացիների տարբերակն ավելի լավ է աշխատում։

Ամերիկացիները նույնպես սկսում են փորձարկումներ կատարել։ Եվրոպայում քաղաքական վիճակն այլ էր՝ նրանք չէին ցանկանում հանդուրժել մի մոդել, որը կառավարվում էր ԱՄՆ-ի կողմից, ձգտում էին ազատության ու անկախության։ Որոշ ժամանակ անց երկու կողմերը սկսեցին միմյանց խորհրդատվություն տրամադրելու փուլը։ Ամերիկացիները վերջնականապես համոզվեցին, որ ֆրանսիացիների ստեղծած մոդելն ունի հստակ առավելություններ ու 1993-ի վերջին ընդունեցին, որ իրենց տեխնոլոգիան պետք է փոխել, ու ARPANET-ը դարձավ Internet։ Internet-ի հիմքում սկսվեց կիրառվել Լուի Պուզենի ու նրա թիմի մշակած տեխնոլոգիան։

Փոփոխություններ, որ բերեց ինտերնետը

Շատ արդյունաբերություններ, կազմակերպություններ ինտերնետի շնորհիվ բացահայտեցին, որ կարող են տարբեր հավելվածներ օգտագործել, գործողություններ կատարել՝ դրանք տեղադրելով մեկ ընդհանուր համակարգի, մեքենայի մեջ։ Այսինքն՝ դա լավ հնարավորություն էր ունեցած բիզնեսները տարբեր աշխարհագրական դիրքերում իրականացնելու եւ տարբեր երկրներում մասնաճյուղեր հիմնելու համար։

Նախքան ինտերնետը՝ ընկերությունները, մարդիկ տվյալներ ու տեղեկություն էին փոխանցում, ուղարկում ինքնաթիռների, գնացքների միջոցով, ինչը ժամանակատար էր, վստահելի չէր, պահանջում էր ֆինանսական մեծ ռեսուրսներ։ Կարեւոր փաստաթղթերի տեղափոխումը շատ վտանգավոր էր, որովհետեւ դրանք կարող էին ճանապարհին շատ հանգիստ կորչել։ Դժվարություններ էին առաջանում նաեւ եղանակային խնդիրների պատճառով։ Իրական ժամանակում տեղեկություն փոխանցելն անհնար էր։ Աղետների ու դժբախտ պատահարների մասին տեղեկությունը դժվարությամբ էր հասնում համապատասխան մարմիններին, կառույցներին։

Հետո հայտնվում է ինտերնետը, որի միջոցով շատ հեշտ է այդ ամենն անել։ Մեծ առավելություն էր արագ տեղեկություն ստանալը, րոպեների ընթացքում տարբեր գործողություններ կատարելը։ Սկզբնական շրջանում այն շատ օգտակար էր հատկապես բանկերի համար։ Բացի այդ, մարդիկ ուզում էին իրար հետ կապի մեջ լինել, հաղորդակցվել, ու ինտերնետն ապահովում էր այդ կապը։ Այն մեծ նշանակություն ունեցավ լրատվական ու տեղեկատվական դաշտի համար։ Ամեն ինչ հնարավոր է րոպեների ընթավքում տեղադրել համացանցում, տարածել ու ստեղծել տեղեկությունն արագ տեղ հասցնելու ու ստանալու միջավայր։

Աշխատանքի ժամանակ հիմնական մոտիվացիան

Պուզենի կարծիքով` ինտերնետը ստեղծելիս շատերի հիմնական մոտիվացիան տեխնոլոգիական նորարարություն անելն էր։ Այն, ինչն ասում էին հնարավոր չէր անել, իրական չէր թվում, ուզում էին իրականություն դարձնել։ Հետո, իհարկե, խոստովանում է, որ հաճելի էր ուրախանալ այն փաստով, որ կարողացել ես անել ու շարունակել մտածել՝ ինչպես կարող ես բարելավել արածդ։ Այսինքն՝ ամբողջ ճանապարհը հստակ ու հաստատուն ինքնամոտիվացում է եղել։

Ամենամեծ մարտահրավերը

Լուի Պուզենի խոսքով՝ քաղաքական հատուկ մարտահրավերներ չկային։ Չկային նաեւ ֆինանսավորման խնդիրներ։

Ամենամեծ մարտահրավերը տեխնիկական տեսանկյունից ցանցը կառավարելու փորձ ձեռք բերելն ու դրանում հմտանալն  էր։ Աշխատանքը հեշտ է, երբ կա մի ուղարկող եւ մի ստացող, բայց ամեն ինչ փոխվում է, երբ նրանց քանակը հասնում է հազարավորների։ Բազմաթիվ սարքավորումներ են իրար կապված ու պետք է հասկանալ՝ ինչն է աշխատում, ինչը՝ ոչ, որտեղ է հիմնական խնդիրը։ Այդ ժամանակ չկային մասնագետներ, ովքեր կարող էին արդյունավետ կառավարել ցանցը։ Դա ամենամեծ մարտահրավերն էր, որ թիմից 5 տարի է խլել։

Խորհուրդ նոր արտադրանք կամ ծառայություն ստեղծողներին

Լուի Պուզենի հիմնական խորհուրդն է՝ զարգացնել միտք, որը տվյալ ժամանակահատվածում բավականաչափ հասունացած ու կարեւոր է։ Միտքը պետք է ունենա «հակառակորդներ», մարդիկ, որ պնդում են, որ դա իրականանալի չէ։ Եթե չկան ընդդիմախոսներ, շատ ձանձրալի աշխատանք է սպասվում։

Կարեւոր է աշխատել գաղափարի վրա, որը դժվար է իրականացնել, նույնիսկ` անհնար է թվում դրա իրագործումը։ Բայց, եթե մարդ նպատակադրվել է հաջողության հասնել ու իրագործել նպատակը, պետք է մեծ նվիրում։ Անհրաժեշտ է խուսափել քաղաքական հնարավոր ազդեցություններից։

RINArmenia նախաձեռության մասին

Ինտերնետը բաղկացած է տարբեր շերտերից, տարբեր ծրագրերից, որոնք միասին կազմում են ինտերնետը։ Այն անապահով է, դանդաղ եւ բավականաչափ հզոր չէ։ Ինտերնետը ստեղծվել է որպես հետազոտական գործիք ու այլեւս չի կարողանում բավարարել զարգացող տեխնոլոգիաների պահանջները։

RINA-ն ինտերնետի բազմաթիվ շերտերը դարձնում է մեկ շերտ՝ ապահովելով անվտանգությունն ու ապահովությունը։

Աշխարհում արդեն 30 կազմակերպություն օգտագործում է RINA-ն, իսկ RINArmenia-ի նպատակն է RINA-ն պետականացնել ու Հայաստանը դարձնել առաջին երկիրը, որն ամբողջությամբ հիմնված է RINA-ի կիրառման վրա։

RINArmenia-ն իրականացնում են Start Doon ընկերության հիմնադիր Ֆիլիպ Պուքսը, նույն ընկերության գործադիր տնօրեն Հայկ Մնացականյան ու Լուի Պուզենը։ Ֆիլիպ Պուքսը, չունենալով հայկական արմատներ, ավելի քան չորս տարի աշխատել եւ շարունակում է աշխատել  հայկական ստարտափների հետ՝ նրանց օգնելով դուրս գալ եվրոպական, հատկապես՝ ֆրանսիական շուկա։ Տեսնելով Հայաստանի ներուժն ու հաշվի առնելով Հայաստանը աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու իր ցանկությունը՝ Ֆիլիպը նախաձեռնել է RINA-ն հենց Հայաստանում փորձարկելու, զարգացնելու եւ հետո աշխարով մեկ տարածելու աշխատանքները։ Նրա կարծիքով՝ RINA-ն, անկախ ամեն ինչից, փոխելու է աշխարհը, բայց այդ փոփոխությունը նրանց ցանկությամբ կսկսվի հենց Հայաստանից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter