HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին պայմանական ազատեց պատժից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, քիչ առաջ որոշեց ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին պայմանական վաղաժամ ազատել պատժից, նրա նկատմամբ դատարանը 10 տարի ժամկետով փորձաշրջան սահմանեց:

1996 թվականից ազատազրկման մեջ գտնվող դատապարտյալն ազատ արձակվեց անմիջապես նիստերի դահլիճից: Թեև նրա ազատման դեմ դատարանում առարկություններ չէին հնչել, նման որոշման չէր սպասում:

Ցմահ ազատազրկման դապապարտված անձանց ազատումը Հայաստանում հազվադեպ երևույթ է. պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավակարգավորումը թեև առկա է, բայց տարիներ շարունակ ցմահներն ազատ չեն արձակվել:

Վերջերս, սակայն, քրեակատարողական հիմնարկը, որտեղ պահվում էր Օգանեսյանը, բացառիկ որոշում է կայացրել ու դրական եզրակացություն տվել դատապարտյալի ազատ արձակման վերաբերյալ:

«Դատապարտյալ Կարեն Վալերիի Օգանեսյանը պատժի կրման ընթացքում դրսևորել է դրական վարքագիծ և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, դատապարտյալը կանգնել է ուղղման ճանապարհին, ուստի վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը նպատակահարմար է»,- գրված է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական և իրավական աջակցության բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Պետրոսյանի կողմից ստորագրված եզրակացության մեջ:

Այս եզրակացությունից հետո օրենքով սահմանված կարգով միջնորդություն է ներկայացվել դատարան, որպեսզի դատարանը Օգանեսյանի ազատման հարցի վերաբերյալ որոշում կայացնի:

Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ-ում, ապա տեղափոխվել Հայաստան: Նրան վերագրված է երկու անձի սպանություն: ԱՄՆ-ում Օգանեսյանն աշխատելիս է եղել անվտանգության համակարգեր տեղադրող ընկերությունում, և իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում նրան թույլատրված է եղել օրինական զենք կրել՝ իր անձնական պաշտպանության համար:

Ըստ դատավճռի՝ 1996 թվականի հունիսի 1-ի երեկոյան աշխատանքն ավատելուց հետո Օգանեսյանն ընկերոջ հետ մեքենայով գնացել է ընկերուհու տուն: Դեպքի վայրի տարածքում Օգանեսյանը, ընկերը՝ Պիտեր Կրբաշյանն ու ընկերուհին` Վիկտորիա Մենդոզան, զրուցելիս են եղել, երբ նույն փողոցով դեպի ներքև գնացող բեռնատար մի մեքենա հանկարծակի շրջվել է և շարժվել իրենց ուղղությամբ: Մեքենան կայանվել է, այնտեղից դուրս է եկել վարորդը, ով, ինչպես հետագայում պարզվել է, եղել է Գվադելուպե Հերնանդեսը: Վերջինս, բարձր գոռալով «սպիտակ ցանկապատ», ինչը լատինամերիկյան հանցավոր խմբավորման անվանում է, մոտեցել է երեք ընկերներին: Կարեն Օգանեսյանի ընկերը՝ Պիտեր Կրբաշյանը, ի պատասխան տվել է հայկական հանցավոր խմբի անվանումը՝ «Հայկական ուժ»: Այդ ժամանակ մեքենայից դուրս է եկել նաև բեռնատարի ուղևորը՝ Վիկտոր անունով, ով, ինչպես հետագայում պարզվել է, եղել է Գվադելուպե Հերնանդեսի հարազատ եղբայրը:

Օգանեսյանի փաստաբան Միհրան Պողոսյանն այսօրվա նիստին ընթերցեց նրա վերաբերյալ դատավճիռը, որում վճիռ կայացրած ԱՄՆ-ի դատարանն արձանագրել է, որ տվյալ ժամանակահատվածում Կարեն Օգանեսյանը, մեջքով կանգնած դեպի ընկերն ու Հերնանդես եղբայրները, զրուցելիս է եղել Վիկտորիա Մենդոզայի հետ և ուշադրություն չի դարձրել նրանց կռվին, երբ հանկարծակի Հերնանդես եղբայրների և Օգանեսյանի ընկերոջ միջև բռնցքամարտ  է սկսվել, իսկ վայրկյաններ անց` մի կրակոց լսվել:

«Օգանեսյանը շրջվել է, տեսել, որ ընկերն ընկած է, երեսին արյուն կա, և հասկանալով, որ ընկերոջ երեսին կրակել են, վազել է դեպի խումբը, հանել իր ատրճանակն ու կրակել Հերնանդես եղբայրների վրա՝ սպանելով նրանց երկուսին էլ»,- ասված է դատավճռում:

Կրբաշյանն իրականում սպանված չի եղել. ինչպես դատավճռում է ասված, նրա քթին հարվածել ու գցել են գետնին, բայց չեն կրակել: Սակայն, ըստ փաստաբանի՝ Կարեն Օգանեսյանի տպավորությունը, որ ընկերոջը սպանել են, եղել է իրական:

Թե տարածքում ինչ կրակոց է հնչել, դատավճռում հստակ նշված չէ: Ասված է միայն, որ փողոցով անցնելիս է եղել երրորդ անձ՝ ձեռքին ատրճանակ, և որ այդ անձը կարող էր լինել «սպիտակ ցանկապատ» խմբի անդամ կամ մեկ այլ անձ:

Ահա այսպիսի փաստական տվյալների առկայության պայմաններում է, որ Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել: Ըստ Միհրան Պողոսյանի՝ Օգանեսյանի արարքը դիտարկելիս պետք էր հաշվի առնել դրան նախորդած իրադարձությունները, որոնք էական նշանակություն են ունեցել:

Ինչևէ, Կարեն Օգանեսյանն ընդունում է, որ ինքն իր կամքից անկախ հանգամանքներում երկու անձի զրկել է կյանքից:

Դատարանում ելույթ ունենալիս նշեց, որ դեպքի վայր չէր գնացել՝  սպանություն կատարելու դիտավորությամբ:

«Արարքիս համար զղջացել եմ, զղջում եմ և շարունակելու եմ զղջալ: Միաժամանակ կասեմ, որ այդ օրը չէի գնացել այդ փողոց՝ կանխամտածված հանցանք գործելու, ուղղակի ընկերոջս տարել էի իր մեքսիկացի ընկերուհուն տեսնելու»,- ասաց Օգանեսյանը: Վերջինս նշեց, որ այն բանից հետո, երբ լսել է կրակոցի ձայներն ու ընկերոջը տեսել գետնին ընկած, բերանից արնահոսելիս, կարծել է, որ նրան կրակել են:

«Սխալվեցի...»,- ասաց Օգանեսյանն ու նշեց, որ մեքսիկացիների ուղղությամբ կրակելուց հետո վերադարձել է ընկերոջ մոտ ու նրան մեքենան դնելով՝ տարել հիվանդանոց: Օգանեսյանն, ըստ իր խոսքի, հետո է հասկացել, որ ընկերը հրազենային վնասվածք չունի, որ երկու անձինք, որոնց ուղղությամբ կրակել է, մահացել են:

«Քննության ժամանակ երբեք չեմ հերքել իմ առնչությունը հանցանքին, դատարանում նույնպես ամեն ինչի մասին անկեղծորեն հայտնել եմ ու պատրատակամություն հայտնել արարքիս համար պատիժ կրելու, սակայն, իմ կարծիքով, անարդար դատվեցի, քանի որ չունեի ֆինանսական հնարավորություն, որ վարձեի պաշտպան, ով ինձ ճիշտ կներկայացներ դատարանում»,- ասաց Օգանեսյանը:

Վերջինս խոսեց այն մասին, որ ԱՄՆ-ում և Նուբարաշենում պատիժ կրելիս երբևէ խնդիր չի ունեցել անձնակազմի և անազատության մեջ գտնվող այլ անձանց հետ, շնորհակալություն հայտնեց ԿՔՀ-ին՝ իր ազատման վերաբերյալ դրական եզրակացություն տալու համար:

Օգանեսյանը խոսեց այն մասին, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում աշխատել է, հիմա էլ ցանկանում է աշխատել:

«Փնտրում եմ աշխատանք...եթե դատարանն ինձ հնարավորություն տա ազատություն ստանալու, ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ձեր սպասումները»,- դատավորին դիմելով՝ ասաց Կարեն Օգանեսյանը:

Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դատապարտյալի մասին դրական խոսեց, նա ևս ընդգծեց, որ Կարեն Օգանեսյանը ՔԿՀ-ում աշխատել է, նրա փակ ռեժիմը դրսևորած պատշաճ վարքի համար փոխվել է կիսափակի, հաշվառված է եղել որպես փախուստի հակում ունեցող, սակայն ՔԿՀ պետի որոշմամբ այս որոշումն անվավեր է ճանաչվել: Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Օգանեսյանին պայմանական ազատելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա  է բավարարման:

Դատական նիստին ներկա մեղադրող դատախազ Աշոտ Խաչատրյանը չառարկեց միջնորդության դեմ:

Օգանեսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը խոսեց այն մասին, որ Օգանեսյանն իր կյանքը քրեակատարողական հիմնարկում երբևէ ցմահ չի պատկերացրել: Պաշտպանը նշեց, որ ազատազրկված լինելով՝ Օգանեսյանն ընտանիք է կազմել, երկուսուկես տարեկան երեխա ունի: Պողոսյանը նշեց, որ «Սիրո մեղեդի» ՍՊԸ-ն պատրաստ է Օգանեսյանին աշխատանքի ընդունել, լուծված է նաև կացարանի հարցը, որտեղ ազատության մեջ գտնվելու դեպքում Օգանեսյանը կապրի կնոջ և երեխայի հետ:

Որոշման հրապարակումից հետո մեզ հետ զրույցում Միհրան Պողոսյանը նշեց, որ այս որոշմանը չէր սպասում:

«Թեև փաստական հանգամանքները խոսում էին այն մասին, որ Կարեն Օգանեսյանը պիտի լինի Հայաստանում առաջին ցմահ դատապարտյալն, ով ոչ առողջական հիմքով ազատ կարձակվի, ես նման բան չէի սպասում նույնիսկ այն ժամանակ, երբ որոշումն արդեն պիտի հրապարակվեր: Տարիներով ձևավորված մշակույթ պիտի կոտրվեր, և ես ուրախ եմ, որ դատարանը, դատախազությունն ու քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչներն օբյեկտիվ դիրքորոշում հայտնեցին՝ հիմնվելով փաստական հանգամանքների վրա»,- ասաց Պողոսյանը:

Փաստաբանը կարծիք հայտնեց, որ Օգանեսյանի ազատ արձակումով, կարծես, այլ դատապարտյալների համար ուղենիշ է սահմանվում, թե ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորել՝ ազատության բերկրանքը վայելելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter