HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սնանկացած ավիաընկերությունները տարիներով չեն լուծարվում

Հայաստանի անկախությունից հետո սնանկացած երեք ավիաընկերությունները՝ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ն, ««Արմավիա»-Ավիաընկերություն» ՍՊԸ-ն եւ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն, մինչ օրս չեն լուծարվել, սակայն այդ գործընթացում են տարիներ շարունակ:

«ՀԱՈւ»-ն, որը դատարանի կողմից սնանկ է ճանաչվել դեռ 2004-ի մարտին, արդեն 14 տարի լուծարման գործընթացում է: Նախկին պետական ընկերության, ազգային ավիափոխադրողի տխուր վախճանի մասին ժամանակին գրել ենք: «ՀԱՈւ»-ի բազմաթիվ պարտատերերի պահանջները բավարարելու միակ ձեւը ընկերության գույքի կամ իրավունքների վաճառքն է, սակայն դա անելն իրականում բավականին բարդ գործ է:

Այժմ «Հայկական ավիաուղիների» սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանը փորձում է աճուրդով վաճառել Սեւան քաղաքի Երեւանյան խճուղու վրա գտնվող երկու հողամասերի (5,903 եւ 5,78 հա մակերեսներով) կառուցապատման իրավունքը: Առաջին հողակտորի կառուցապատման իրավունքը գնահատվում է մոտ 60 մլն դրամ, երկրորդինը՝ 66 մլն: Մասնավորապես 2013 թ. դրանց գները համապատասխանաբար 236 եւ 260 մլն դրամ էին: Դժվար է ասել, թե երբ ինչ-որ մեկը կցանկանա կառուցապատել այս հողամասերը: «ՀԱՈւ»-ն ունի եւս մի գույք, որը, սակայն, վաղուց աճուրդի չի ներկայացվում: Խոսքը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 2004-ից ի վեր կանգնած «Իլ-86» (հայկական գրանցումը՝ EK-86117) ինքնաթիռի մասին է, որը փաստացի դարձել է մետաղաջարդոն, ավելին՝ կայանման համար հսկայական պարտքեր է կուտակել, որոնք մի քանի անգամ գերազանցում են ինքնաթիռի արժեքը:

Այս օդանավի տխուր փորձը հուշում է, որ 2014-ի հոկտեմբերին սնանկ ճանաչված «Արմավիան», ավելի ճիշտ՝ դրա պարտատերերը, նույնպես կարող են խնդիր ունենալ: Նախորդ հոդվածում գրել էինք, որ «Արմավիայի» պարտավորությունների մարման համար սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը փորձում է աճուրդում իրացնել ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի օֆշորային «Միկա Լիմիթեդ» ընկերությանը պատկանող, սակայն «Արմավիայի» պարտավորությունների համար «Ամերիաբանկում» գրավադրված «Դիլիջան Ֆրոլովա» հանքային ջրերի գործարանը: Դատելով azdarar.am կայքում Կ. Ասատրյանի ծանուցումից՝ այս տարվա մայիսին նշված գույքն օտարվել է (վերջին աճուրդում դրա մեկնարկային գինը 618 մլն դրամ էր), եւ դրանից հետո մնացել է միայն մեկ լոտ՝ ավիաընկերության «CRJ 200LR» ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-20014), որը կայանված է «Զվարթնոցում» 2013-ից ի վեր, երբ «Արմավիան» դադարեցրեց գործունեությունը: Օդանավն այժմ վաճառվում է 54 մլն դրամով, չնայած 2015-ին դրա գինը 364 մլն էր:

Եթե «ՀԱՈւ»-ի՝ 1991-ին արտադրված ու բարոյապես եւ ֆիզիկապես մաշված «Իլ-86»-ն իրացնելու հույս այլեւս չկա, ապա «Արմավիայի» 1999 թ. արտադրության այս օդանավը դեռ կարող է նոր տեր գտնել, չնայած վաճառվում է առանց աջակողմյան շարժիչի ու ղեկավարման սրահում որոշ կարեւոր համակարգերի: Այդուհանդերձ, այն որքան երկար կայանված մնա, այդքան պարտքեր է կուտակելու օդանավակայանին, էլ չենք ասում վերանորոգման կարիքի մասին: Չնայած grav.am կայքում նշվում է, որ «Արմավիայի» ինքնաթիռը շտապ վաճառվում է, բանկն էլ կարող է գնման համար ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկ տրամադրել, azdarar.am-ում հստակ տեղեկություն չկա, թե որ բանկում է գրավադրված այն:

Սնանկացած երրորդ ավիաընկերությունը՝ «Էյր Արմենիան», թերեւս ամենաշուտը լուծարվի, քանի որ դրա գույքն, ըստ էության, ավելի հեշտ է իրացվում: 2015-ի նոյեմբերին սնանկացած օպերատորի վերաբերյալ նախորդ հրապարակման մեջ հայտնել էինք, որ չի հաջողվում իրացնել ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանի ծնողներին պատկանող, սակայն ավիափոխադրողի պարտավորությունների դիմաց «HSBC» բանկում գրավադրված առանձնատունը, ինչպես նաեւ «Էյր Արմենիայի» հիմնական եւ շրջանառու միջոցները՝ կազմված 2 ենթալոտից:

Այս գործով կառավարիչը նույնպես Կարեն Ասատրյանն է, ով azdarar.am-ում ծանուցել էր, որ մայիսին նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով, սակայն պարզվում է, որ վերը նշված լոտերից առաջինը՝ առանձնատունը, այդ ընթացքում հանվել է աճուրդից: Ըստ էության, պարտատեր «HSBC»-ն, ինչպես թույլ է տալիս օրենքը, գույքը վերցրել է: Վերջին աճուրդում առանձնատան մեկնարկային գինը 284 մլն դրամ էր, այնինչ 2016-ին գնահատվում էր 813 մլն: Ներկայում «HSBC»-ն իր կայքի միջոցով վաճառում է գրավի տակ գտնվող գույքը:     

«Էյր Արմենիայի»՝ աճուրդում մնացած միակ լոտը հիմնական եւ շրջանառու միջոցներն են, որոնք 2016-ին բաղկացած էին 785 ենթալոտերից ու գնահատվում էին ավելի քան 19 մլն դրամ: Այսօր լոտը բաղկացած է ընդամենը 2 ենթալոտից: Նոյեմբերի 8-ին նշանաված հերթական աճուրդում Կ. Ասատրյանը մեկնարկային գին է նշել 1,2 մլն դրամը:        

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter