HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցարար Վահրամ Հարությունյան. «Ձմեռը յոթ սարի հետևում չէ. հիմա գյուղացու տունը տաքացնելու խնդիրն է կարևոր»

Այսօր ժամը 12-ին մոտ 30 րոպե Մոտկորի Ահնիձոր, Աթան , Շամուտ, Լորուտ, Մարց և Քարինջ գյուղերի գյուղացիները Մարց թեքվող ճանապարհի մոտ փակել էին Վանաձոր- Բագրատաշեն միջպետական ճանապարհը:

«Չեն թողնում անտառից տունը տաքացնելու փայտ տանենք: Ես այս պահին ընդամենը իմ երեխայի մասին եմ մտածում, որ ձմեռը չմրսի: Ես ուրիշ խնդիր չունեմ: Ես չգիտեմ դուք գիտեք, թե ոչ, որպես անտառամերձ գյուղի բնակիչ 8 խմ թափուկ փայտը երբեք գյուղացուն չի բավարարի: Վեց ամիս ձմեռ է ,չէ՞»,- ասաց ահնիձորցի Իվան Քառյանը:

«Այս տարի Ահնիձոր, Աթան, Շամուտ, Լորուտ, Մարց և Քարինջ գյուղերի գյուղացիներին մեր կողմից շուրջ 1500 խմ թափուկ փայտ է բաշխվել, կառավարության որոշմամբ սահմանված` յուրաքանչյուր ընտանիքին 8 խմ չափաքանակով: Սակայն գյուղացիները դրանով չեն բավարարվում, պահանջում են անտառից հանել նաև քամատապալ ծառերի փայտը, որը թույլատրելու իրավունքը սահմանված օրենքով մենք չունենք: Մարդիկ ձմռան շեմին հայտնվել է ծանր կացության մեջ»,- ասաց «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արթուր Ավետիսյանը:

«Մենք կապ չունենք անտառով հարստացածների հետ, հիմա դա էլ չկա, դա անցյալում է: Հիմա գյուղացու տունը տաքացնելու խնդիրն է կարևորը»,- բացատրում  էր Վահրամ Հարությունյանը:

Կենսաթոշակառու 80-ամյա Ջհան Ոսկանյանն ասում է` կինը 2-րդ խմբի հաշմանդամ է, անկողնային է եւ փայտ գնելու հնարավորություն չունի: «էն, որ ասում են պառավին դես-դեն անելուց եդը դուռը ետնափակ են անում, հիմա մեր անտառն ա: Անտառը կտրել են, անտառ չկա, ամեն ինչը պրծելա, նոր եկել են, թողում չեն անտառ մտնենք: Էլ ինչ կա անտառում, որ թողաք, կամ չթողաք: Ի՞նչ տի ըլիլ էս ժողովրդի վիճակը»,- ասաց  80-ամյա մարցեցին

Ցուցարարներից Վահագը ասաց, որ Մոտկորի գյուղերից գազիֆիկացված է միայն Լորուտը, մյուս հինգ գյուղերում գազ չկա: Վարդգես Մելիքսեթյանը «Հայանտառ»-ից պահանջում էր ժողովրդին թույլ տալ տունը տաքացնելու համար քամատապալ ծառերից օգտվելու: Ամրաստան Սարգսյանի ասելով` գյուղացիներին թույլ են տալիս ընդամենը 7 սմ հաստությամբ փայտ դուրս բերել անտառից: Թույլ չեն տալիս, քամուց արմատախիլ եղած ծառերից օգտվել: Վարդգես Մելիքսեթյանի խոսքով` գյուղացիներին փայտի փոխարեն 8 խմ ցախ են տալիս:

«Ավելի լավ է էդ ջախը չտան: Անտառում մի սաղ օր ընկած ջախ հավաքեմ, իսկ ընկած ծառը տեղում փթում է։ Էդ օրենք գրող մարդը գիտի, որ գյուղացին տարին 12 ամիս 3 հատ վառարան է վառում: Մի հատ վառարան վառում ենք քնելու սենյակում, փայտով բաղնիքն ենք վառում: Մի հատ էլ խոհանոցում ենք վառարան վառում, մեր կաթն ենք մշակում»,- ասաց Վարդգեսը:

Մինչ գյուղացիները զայրացած ներկայացնում էին իրենց դժգոհությունները, ճանապարհը փակելու վայրում հայտնվեց ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը: Նա գյուղացիներին խնդրեց ճանապարհի փակելը հիմա դիտել նախազգուշական միջոցառում։ «Ես խնդրին տեղյակ եմ այնքանով, որ այդ ընկած փայտը Մոտկորի ամբողջ գյուղացիներին չի բավարարի»,- ասաց Լ. Գիգոլյանը, և գյուղացիներին խնդրեց բացել միջպետական ճանապարհը: Ցուցարարները ոստիկանապետի խնդրանքով բացեցին ճանապարհը և հավաքվեցին ճանապարհին հարող գազի լցակայանի հրապարակում: Լեռնիկ Գիգոլյանը գյուղացիների պահանջների և ճանապարհը փակելու մասին տեղեկացրեց Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանին: Ուշացումով ցույցի վայր եկավ նաև Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը: Ցուցարարները քամատապալ ծառերի փայտից օգտվելու թույլտվություն ստանալու համար  50 մոտկորցիների ստորագրությամբ վարչապետին ուղղված դիմում հանձնեցին մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանին և Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանին: Վերջիններս խոստացան դիմումը հասցնել կառավարություն: Ցուցարարները ցրվեցին՝ սպասելու իրենց պահանջի բավարարմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter