HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է քաղաքացուն հնարավորություն տալ ընտրել, թե որ բանկային հաշվի վրա ԴԱՀԿ-ն կալանք դնի

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։

Պատգամավորի խոսքով՝ գործող իրավակարգավորման համաձայն, եթե քաղաքացու դրամական հաշիվների վրա ԴԱՀԿ-ն կալանք է դնում ինչ-որ գումարի համար, ապա համակարգը մեխանիկորեն կալանք է դնում բոլոր բանկերում ունեցած նրա հաշիվների վրա, ուստի պատգամավորն առաջարկում է հետևյալ իրավակարգավորումը՝ եթե որևէ բանկում կան բավարար միջոցներ, արգելանք դրվի այդ հաշվի վրա, և մնացած հաշիվները դուրս գան կալանքից։

«Քաղաքացին կարող է տասը բանկերում հաշիվ ունենալ, ԴԱՀԿ-ն չգիտի, թե որ բանկում որքան գումար կա և չունի հնարավորություն ճշտելու, եթե այդտեղ փոփոխություն  լինի, ԴԱՀԿ-ն կարող է կալանք դնել կոնկրետ բանկում առկա հաշվի վրա։ ԴԱՀԿ-ն հարցում է անում բանկերին, և որ բանկն առաջինը պատասխանում է, որ քաղաքացին տվյալ բանկում բավարար միջոցներ ունի, կալանքը դրվում է այդ հաշվի վրա, և մնացածը ավտոմատ դուրս են գալիս համակարգից»,- ասաց Գևորգ Գորգիսյանը։

Նախագծի հարակից զեկուցող, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ գործող օրենքը իրավակիրառ պրակտիկայի անհաջող դրսևորումներից է, ինչն էլ ստիպել է պատգամավոր Գորգիսյանին նման առաջարկով հանդես գալ։

«Ես էլ եմ կարծում, որ առնվազն ԴԱՀԿ-ի և բանկերի համար ողջամիտ ժամկետ սահմանենք, որ լիարժեք գործարկվի, նաև քաղաքացուն բանկի ընտրության հնարավորություն տալը տրամաբանական է, եթե քաղաքացին գրավոր դիմումով ինքն է ներկայացնում արգելանք դնել այսինչ բանկի վրա, ԴԱՀԿ-ն կարող է իրագործել»,- ասաց Մախմուդյանը։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը համաձայնեց գործընկերների հետ՝ առաջարկվող փոփոխությունները կարևոր են քաղաքացին պետք է հնարավորություն ունենա, որպեսզի իր նյութական միջոցները կարողանա ճիշտ ղեկավարել, և չլինի այնպես, որ օրինակ պայմանական 10 հազար դրամի պատճառով քաղաքացու ամբողջ հաշիվների վրա կալանք դրվի։

Կառավարության տեսակետը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ ասելով, որ կողմ են պատգամավորի առաջարկին, սակայն տեխնիկական հարցերը կարգավորելու համար ժամկետների խնդիր կա, և մոտ հինգ ամիս է հարկավոր, որպեսզի օրենքը այս տեսքով գործի։ Չնայած նախագծի հեղինակ Գևորգ Գորգիսյանը համաձայնեց փոխնախարարի դիտարկման հետ, սակայն հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն արձագանքեց՝ կառավարության առաջարկած ժամկետներն իր համար ընդունելի չեն։ Կոստանյանն առաջարկեց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել, առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ քննարկել փոփոխությունները։

Նախագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը և ընդգրկվեց առաջիկայում գումարվող ԱԺ քառօրյայի օրակարգում։

Մեկնաբանություններ (1)

Աննա
ժողովուրդ@ մեղկ են եթե կարողանան վերցրած վարկ@ կմուծեն .դհկին ինչ են տալու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter