HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

ԱՊՊԱ ընկերությունների հաշվին միլիարդավոր դրամներ են Հայաստանից դուրս բերվում

Ավտոմեքենաների ապահովագրություն իրականացնող ընկերությունները արդեն երկու տարի է` «Բիվաք Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանը միլիարդավոր դրամներ են վճարում այն բանի համար, որ ստանան մեկ պատուհանի ծառայություն (ASWA):

Դեռևս 2014 թվականին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նիստում որոշում է կայացվել «Բյուրո Վերիտաս» գնահատման և վերահսկողության ծառայության (Bureau Veritas inspection valuation assessment and control) հետ կոնցեսիոն պայմանագիր կնքել: Արդեն 2016 թվականից ապահովագրական ընկերությունները սկսել են վճարում կատարել «Բյուրո Վերիտաս» ընկերության հայաստանյան ներկայացուցչին՝ «Բիվաք Հայաստան» ընկերությանը: Տարեկան վճարման չափը ընկերությունների համար տատանվում է 7-8 հարյուր միլիոն դրամից մինչև 1.5 միլիարդ դրամի սահմաններում: Ապահովագրական ընկերությունները մինչև 2024 թվականը պարտավոր են վճարումներ կատարել: Վճարման չափն ամեն մի ապահովագրական ընկերության դեպքում կախված է ապահովագրական ոլորտում իր զբաղեցրած դիրքից: Այդ վճարումը կազմում է ընկերությունների գործառնական ծախսերի մոտ 6 տոկոսը:

«Հետք»-ը փորձեց խնդրի վերաբերյալ զրուցել հնարավոր բոլոր կողմերի հետ, սակայն Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խուսափեց հարցազրույց տալուց: Այդ իսկ պատճառով զրուցեցինք ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ, Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վարդան Ավետիսյանի և «Բիվաք Հայաստան» ընկերության ներկայացուցչի հետ:

Ավտոապահովագրողների բյուրոն առանց մրցույթի է պայմանագիր կնքել

Ավտոապահովագրողների բյուրոն պետության կողմից օրենքով ճանաչված ինքնակարգավորվող կազմակերպություն է, որտեղ ներգրավված են ապահովագրական ընկերությունները: Բյուրոն 2014 թվականին ապահովագրական ընկերություններից լիազորագրեր է վերցրել, որպեսզի պայմանագիր կնքի «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ մեկ պատուհանի ծառայություն ստանալու համար: Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները «Հետք»-ի հետ զրույցներում կարևորելով 1 պատուհանի անհրաժեշտությունը՝ տարակուսանք հայտնեցին ծառայության գնի վերաբերյալ:

Նրանց հետ զրույցներից տպավորություն ստացանք, որ «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ պայմանագիր է կնքվել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի շահագրգռվածության արդյունքում: Բացի այդ, ԿԲ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ տարիներին որոշ ապահովագրական ընկերություններ չեն ցանկացել «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ կնքել թանկ պայմանագիր, սակայն ԿԲ նախագահն ու ֆինանսական վերահսկողության վարչության պետը առանձին-առանձին ապահովագրողներին «կողմնորոշել» են այդ հարցում, և բյուրոն ստացել է ցանկալի լիազորագրերը: Դրանց հիման վրա արդեն պայմանագիր է կնքվել «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ:

Քանի որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը խուսափեց հարցազրույց տալ, մեր հարցերն ուղղեցինք ԿԲ հանրության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանին:

«Ինչո՞ւ է պայմանագիրը կնքվել առանց մրցույթի, և դրան ի՞նչ առնչություն է ունեցել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը»,- հարցրինք Հարություն Բերբերյանին:

«ԿԲ նախագահը ոչ մի առնչություն չի ունեցել այդ գործընթացին: Ինչ վերաբերում է մրցույթի անցկացման հարցին, ապա այդ ընթացակարգը բյուրոն ինքն է որոշում: Բյուրոն իր կանոնակարգով, իր կարիքների համար գնման գործընթացն այնպես է կազմակերպել, ինչպես իրեն հարմար է եղել: Մնացած մանրամասներին ես չեմ տիրապետում և իրավասու էլ չեմ պատասխանել», - ասաց Հարություն Բերբերյանը:

Նույն հարցի պատասխանը գտնելու համար զրուցեցինք Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի հետ: Վերջինս ասաց, որ 2014 թվականին ինքը չի զբաղեցրել բյուրոյի տնօրենի պաշտոնը և, դրանով պայմանավորված, իրեն հայտնի չէ, թե ինչու մրցույթով չի անցկացվել գնման գործընթացը: Ի դեպ, ավտոապահովագրողների բյուրոյին և ԿԲ-ին մենք գրավոր հարցումներ էինք ուղարկել, սակայն մեզ չտրամադրվեց «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի պատճենը: Դրանում առկա տեղեկությունները համարվեցին կոնֆիդենցիալ:

Մենք գրավոր հարցմամբ դիմել էինք նաև Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողով և հետաքրքրվել, թե երբևէ ապահովագրական ընկերությունները դիմե՞լ են հանձնաժողով «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ կնքված պայմանագրի առնչությամբ: ՏՄՊՊՀ-ից մեզ հայտնել են, որ ապահովագրական ընկերությունները չեն դիմել, սակայն մեր դիմումի հիման վրա հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել: Հանձնաժողովը տեղեկություններ ստանալու համար դիմել է Կենտրոնական բանկ:

Ի դեպ, բյուրոյի կանոնադրության համաձայն, որը պարտադիր է ապահովագրական ընկերությունների համար, 1 պատուհանի ծառայությունից հրաժարվելու կամ «Բյուրո Վերիտասի» հետ կնքված պայմանագիրը խզելու պարագայում տվյալ ընկերությունը զրկվում է ապահովագրական գործունեություն ծավալելու իրավունքից:

ASWA-ն կամ մեկ պատուհանը

«Բիվաք Հայաստան» ընկերության գրասենյակում մեզ ներկայացրեցին, թե ինչ է մեկ պատուհանը: Այն այսօր հնարավորություն է տալիս ապահովագրական ընկերություններին առցանց տեղկություներ ստանալ ՃՈ-ից, Իրավաբանական անձանց ռեգիստրից, քաղաքացիների հաշվառումն իրականացնող մարմնից (ոստիկանության ԱՎՎ կամ օվիր), իսկ քաղաքացիները կարողանում են առցանց պայմանագիր կնքել 5% նվազ գնով:

2019 թվականից նախատեսվում է ևս մի քանի գործիք ստեղծել, որպեսզի հատուցման գործընթացը դյուրին դառնա և մարդկային գործոնից զերծ: Օրինակ՝ հավելված է ստեղծվելու, որի միջոցով վարորդները վթարից հետո կլուսանկարեն վնասված մեքենաները, և մի քանի գործողությամբ այդ լուսանկարները կփոխանցվեն ապահովագրական ընկերություններին: Դրանից հետո ավտոմատացված ընթացակարգերով փորձաքննություններ կպատվիրվեն, և հատուցում կիրականացվի: Ապահովագրական ընկերություններն էլ կկարողանան ավելի հեշտացված և կարճ ժամանակահատվածում կազմակերպել իրենց աշխատանքը:

«Բիվաք Հայաստան»-ը խոշոր հարկատու է

Մեկ պատուհանի ծառայություն մատուցող «Բիվաք Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2014 թվականին: Այն հիմնադրել է ֆրանսիական «Բյուրո Վերիտաս» ընկերությունը, որը իր գործունեությունն իրականացնում է Նիդերլանդներում գրանցված «Բիվաք ԲՎ» ՍՊԸ-ի միջոցով: «Բիվաք Հայաստան»-ի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են «Բյուրո Վերիտաս»-ին:

«Բիվաք Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը հիմնադրման ժամանակ կազմել է 8 մլն դրամ: 2018 թվականի 2-րդ եռամսյակի տվյալների համաձայն` «Բիվաք Հայաստան» ընկերությունը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 720-րդ տեղն իր վճարած 90 մլն դրամ հարկով: Սա այն դեպքում, երբ, օրինակ, «Ռեսո» ապահովագրական ընկերությունը նույն ժամանակահատվածում վճարել է 103 մլն դրամ հարկ և զբաղեցնում է 633-րդ տեղը:

Տվյալ դեպքում ապահովագրական ընկերությունը գրասենյակներ է վարձում, սպասարկող աշխատակիցներ է պահում, գործակալական ցանց ունի և այլ ծախսեր է կատարում, բայց ընդամենը 13 մլն դրամով է ավել հարկ վճարում: Մյուս ապահովագրական ընկերությունների և «Բիվաք Հայաստան» ընկերության վճարած հարկերի համեմատականը կարող եք տեսնել ստորև ներկայացված ինտերակտիվ ինֆոգրաֆիկայում:

«Բիվաք Հայաստան» ընկերությունը վերջին ամիսների ընթացքում ունեցել է ընդամենը 17-ից 21 աշխատակից:  Ընկերությունը տեղակայված է Երևանի «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում:

ԱՊՊԱ իրականացնող ընկերությունների վնասաբերությունն աճում է

Հայաստանում ԱՊՊԱ համակարգի ներդրումից՝ 2012թ.-ից տարիներ անց ընկերությունները մոտենում են վնասաբերության թույլատրելի շեմին: Ավտոմեքենաների ապահովագրություն իրականացնող ընկերությունների վնասաբերության շեմը սահմանված է 75%: Ավտոապահովագրողների բյուրոյի կազմած վիճակագրության համաձայն` 2018 թվականի 8 ամիսների կտրվածքով ընկերություններն արդեն հասել են վնասաբերության 70,9%-ի:

Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի կանխատեսմամբ` տարվա վերջում վնասաբերությունը կհասնի 72%-ի: Ավետիսյանը խնդրի կագավորման իր պատկերացումն ունի, սակայն հատուկ նշում է, որ այն իր անձնական կարծիքն է, և բյուրոն վերջնական որոշում չունի այդ հարցի շուրջ: Նա համարում է, որ վաղ թե ուշ ԱՊՊԱ պայմանագրերի գնի ազատականացում պետք է տեղի ունենա: Օրինակ՝ սահմանվի առավելագույն գին, իսկ դրանից նվազ գին առաջարկողների կողմից մրցակցություն լինի: Վահան Ավետիսյանը ԱՊՊԱ պայմանագրերի գնի ազատականացմամբ պայմանավորված` կտրուկ ցնցումներ չի կանխատեսում, սակայն անհանգստություններ է լսել հասարակական կազմակերպությունների կողմից:

«ՀԿ-ներից շատերին մտահոգում է, որ անցման շրջանում կարող է որոշ մարդկանց մոտ գնային փոփոխություն լինի, բայց մենք պետք է հարմարվենք այն վիճակին, որ սա ևս կդառնա շուկայական ծառայություն և ամեն տարի կարող է մյուս ծառայությունների նման, կախված ինքնարժեքից, գինը փոփոխվի», - ասաց Վահան Ավետիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter