HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյանը վստահեցնում է՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը պետք է լինի ներառական

Խորհրդարանական «Ելք» խմբակցությունում կայացավ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի և խմբակցության պատգամավորների հետ քննարկում՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը քննարկումն արդյունավետ համարեց։

«Քննարկումը շատ արդյունավետ էր, որևէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա, կար մեկ-երկու տեխնիկական հարց, որոնք կլուծվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Մեր դիտարկմանը, որ մինչ քննարկումը «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը մինչ հանդիպումն ասել էր, թե խնդիր է տեսնում այն հարցում, որ առաջարկվող փոփոխություններով չի լինելու ռեյտինգային ընտրակարգ, Արարատ Միրզոյանը վստահեցրեց՝ «Ելքում հակասություններ չկանմեկ-երկու տեխնիկական բնույթի հարցեր կան, որոնք դեռ ճշգրտման կարիք ունեն»։

Հիշեցնենք, որ երեկ արդեն իսկ կայացան հանդիպումներ մյուս երեք խմբակցությունների՝ ՀՀԿ-ի, «Ծառուկյան» խմբակցության և ՀՅԴ-ի հետ, հոկտեմբերի 22-ին հրավիրված է արտահերթ նիստ՝ օրակարգում ընտրական օրենսգրքի փոփոխությունները։

Թե որ օրենսգրքով կլինեն դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Արարատ Միրզոյանը չի կարող պատասխանել, սակայն պնդում է՝ ցանկացած պարագայում գործադիրը պատրաստ է տարբեր զարգացումների։

«Մենք գնալու ենք ընտրությունների, թե ինչպիսի օրենսգրքով կորոշեն խորհրդարանականները, հույս ունեմ, որ նոր օրենսգրքով կգնանք, որովհետև առաջարկվող փոփոխությունները ավելի առաջադեմ և ժողովրդավար պայմաններ են ստեղծում ընտրությունների համար»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Դիտարկմանը, որ իրավաբանների մի խումբը պնդում է, որ եթե վարչապետի ընտրության առաջին փուլում թեկնածու չառաջադրվի, դա խնդիրներ կառաջացնի, Արարատ Միրզոյանը համաձայնեց, որ նման տեսակետներ հնչել են, այս տարբերակը կուսումնասիրեն, եթե օրենսդրության պահանջ լինի, որ լինի առաջադրված թեկնածու և այդ դեպքում վարչապետ չընտրվի, ապա կառաջադրեն Նիկոլ Փաշինյանին, որը երկու փուլով էլ չի ընտրվի, որպեսզի խորհրդարանն իրավունքի ուժով արձակվի։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստերում քննարկո՞ւմ է արտահերթ ընտրություններում նախընտրական ցուցակի հարցը, Արարատ Միրզոյանը դրական պատասխան տվեց։

«Բնականաբար ցուցակը չեմ հրապարակելու, բայց ցուցակը պետք է լինի իսկապես հեղափոխության քաղաքական թիմը, ՔՊ կորիզը, առաջնային շարքերում, իմ կարծիքով կլինեն գործադիրում ընդգրկված անձինք, ասում եմ իմ կարծիքով, քանի որ վարչությունում դեռ չենք քննարկել այդ հարցը, և ենթադրյալ ԱԺ ղեկավարությունը, կլինեն նաև մարդիկ, որոնք ՔՊ-ից չեն, այսինքն բացի հեղափոխության ցուցակը լինելուց պետք է լինի ներառական ցուցակ՝ ընդգրկի տարբեր ոլորտներում հայտնի գործիչների»,- ասաց Միրզոյանը։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը պետք է աչքի ընկնի տարբեր ոլորտներում աչքի ընկնող պրոֆեսիոնալ մասնագետների հագեցվածությամբ՝ հաշվի առնելով խորհրդարանական հանձնաժողովների, պատվիրակությունների պահանջարկը։

Հարցին, թե արդյոք ցուցակում կլինե՞ն մարդիկ, որոնք ժամանակին բարիկադների մյուս կողմում են եղել, Արարատ Միրզոյանը չբացառեց։

«Մենք չենք կարող մերժողական հասարակություն կառուցել՝ խոսելով այն մասին, որ ուզում ենք Հայաստանն ավելի լավը լինի։ Մենք ասել ենք, որ մեր ձեռքը մեկնած է, մենք չենք վերացնում իրենց Հայաստանը և սարքում մեր Հայաստանը, նոր Հայաստանի մեջ իրենք էլ են մտնում և պետք չի սա ընկալել ճամբարափոխություն եզրույթով, պարզապես մարդիկ կան, որոնք ուզում են մասնակցել ինչու ոչ պետականաշինությանը», - ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter