
Վերադարձ «ադրբեջանական դժոխքից»
Այս տարվա մարտի 17-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 32-ամյա բնակիչ Արթուր Բադալյանը փոխանակվել է մի ադրբեջանցու հետ: Նրա անհետանալուց հետո հարազատները երկար ժամանակ ոչինչ չգիտեին Արթուրի ճակատագրի մասին, ավելի քան մեկ տարի անց նա Կարմիր խաչի միջոցով ադրբեջանական գերությունից հարազատներին երկու նամակ է ուղարկել:
Արթուրը գերի էր ընկել 2009 թ. մայիսի 9-ին: Նա այդ օրն ընկերների հետ Հաղարծինից գնացել էր Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի անտառ' ծառի սունկ հավաքելու: Այդ գործով տարված' չի հասկացել, թե ինչպես է հայտնվել ադրբեջանական տարածքում: «Անտառից հետո հայտնվեցի մի բացատում, ուր քաղաքացիական հագուստով 25-30 հոգի կովեր եւ ոչխարներ էին արածեցնում: Նրանք ռուսերեն ինձ ասացին' մի վախեցիր»: Արթուր Բադալյանին տարել են Ղազախ, երկու ամիս անց' Բաքու: Մայիսի 9-ը ադրբեջանցիների համար սուգ է, այն Շուշիի կորստի օրն է: «Քաղաքացիական անձինք եւ ոստիկանությունը ցանկանում էին տանել գերեզմանատուն, այնտեղ մորթել: Սակայն զինվորականները ինձ խլեցին նրանց ձեռքից»,- պատմում է Արթուրը: Նրան ծեծել են, ձեռքերին ջուր լցնելով' տանջել էլեկտրական հոսանքով, քացով խփել ոտքերին: Ադրբեջանցի զինվորականները նրան պահել են զորամասի հաուպվախտում, ցանկացել ռազմական գաղտնիքներ իմանալ: Արթուրի խոսքերով' ինքն ասել է, որ բանակում չի ծառայել եւ ռազմական գաղտնիքներ չգիտի (թեեւ ազգային բանակում ծառայել է): Ղազախում գերության մեջ Արթուրը հանդիպել է Լեռնային Ղարաբաղում գերի ընկած ժամկետային ծառայության 6 հայ զինվորների, ովքեր ծագումով Երեւանից են, Վարդենիսից եւ այլն: Բաքվում նրան համեմատաբար քիչ են ծեծել, սակայն Արթուրը գոյատեւել է ծանր պայմաններում, քնել «ֆաներայի» վրա, կերել անասնակեր' քուսպ:
«Գիշերները պահակները դիտավորյալ խփում էին դռանը, որ չկարողանամ քնել: Անմարդկային էին վերաբերվում, ինչպես կենդանու»,- կրած տառապանքների մասին պատմում է Արթուրը: Փոխանակումից առաջ նա ֆիզիկապես շատ թույլ վիճակում է եղել, ադրբեջանցիները նրան ինչ-որ բան են սրսկել, նաեւ պարկուճով ինչ-որ դեղահաբ տվել: Արթուրը կասկածում է, որ դրանք իր առողջության համար վտանգ կարող են ներկայացնել:
«Ինձ թվում է, թե կլոր պարկուճի մեջ հեղուկը ստամոքսիս մեջ մի տեսակ ապակի է դարձել: Ականջիս մեջ երբեմն ձայներ են լսվում: Ադրբեջանցիները երբ ցանկանում, դրանք միացնում են»,- ասում է Արթուրը: Փոխանակումից հետո ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության կատարած հետազոտության փաստաթղթում գրված է, որ նա «ընկճված է, անտրամադիր, դեմքի վախվորած արտահայտությամբ»: Հայաստան վերադառնալուց հետո Քանաքեռում գտնվող զինվորական հոսպիտալում նրան հանգստացնող դեղեր են տվել, որոնք 10 օր օգտագործել է: Սակայն Արթուրն անհանգիստ է, օրական երկու տուփ ծխախոտ է ծխում:
«Գիշերները չի կարողանում քնել, անընդհատ լարված է, իր ապրումների մասին չի արտահայտվում, առանձնանում է, նախկինի համեմատ փոխվել է»,- ասում է կինը' Հաղարծին գյուղի 24-ամյա բնակչուհի Լիլիթ Մանուկյանը: Նա ամուսնու գերության մեկուկես տարվա ընթացքում Բադալյանների տնից չի հեռացել: Իմ այցի ժամանակ Արթուր Բադալյանին տեսության էին եկել նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երկու կին ներկայացուցիչ: Նրանց եւ Արթուրի մոր' տիկին Սուսաննայի զրույցի ժամանակ Արթուրը կարծես մտովի առանձնացավ, ընկավ մտքերի գիրկը: Ադրբեջանական մեկուկես տարվա գերությունից վերադառնալուց հետո երկուսուկես տարեկան որդին' Գարեգինը, հորը չի ճանաչել: Հոր անհետանալու ժամանակ նա ընդամենը հինգ ամսական էր: Տիկին Սուսաննան երախտագիտությամբ թվարկեց նրանց անունները, ովքեր իրենց ընտանիքին աջակցել են: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մշտապես հետաքրքրվել է Արթուր Բադալյանի ճակատագրով: Տավուշի մարզպետարանը 20 հազար դրամ աջակցություն է ցուցաբերել գերությունից վերադարձած Արթուրին, մարզպետ Ղուլարյանը նաեւ աջակցել է, որպեսզի Արթուրի ընտանիքն ընտանեկան նպաստ ստանա: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքից Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանն օգնել է 40 հազար դրամով, խոստացել հետագայում էլ աջակցել: Հաղարծինի գյուղապետարանը Բադալյանների ընտանիքին օգնել է 80 հազար դրամով, բացի այդ' գյուղապետ Սարգիս Պողոսյանն է անձնապես օգնել: Արթուր Բադալյանը մասնագիտություն չունի: Նա ադրբեջանական տանջանքների պատճառով ոտքերի ցավից դժվարությամբ է քայլում: Երիտասարդը դեռ պետք է վերագտնի իրեն, վերադառնա կյանքի բնականոն ընթացքին:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել