HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Վարորդները կստանան 9 բալ. շատ խախտման դեպքում կզրկվեն վարելու իրավունքից

Ոստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է մշակել, որը կարող ենք անվանել «բալային համակարգի ներդնում»: Բանն այն է, որ իրավապահները եկել են այն եզրակացության, որ բալային համակարգ ներդնելով` վարորդների վարքագծում փոփոխություն կլինի, և ավելի օրինապահ կդառնան: «Հետք»-ը փոփոխությունների նախագծից առանձնացրել և ձեզ է ներկայացնում, թե ինչ է առաջարկվում բալային այդ համակարգով, և որ դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից:

Փոփոխությունների նախագիծն այժմ դրվել է հանրային քննարկման, և ոստիկանությունը շահագրգիռ անձանցից սպասում է առաջարկություների: Դրանք ներկայացնելու ժամկետը մինչև հոկտեմբերի 30-ն է: Դրանից հետո ենթադրվում է, որ նախագիծը կքննարկվի կառավարությունում և սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով:

Վարչական տույժի նոր տեսակ կսահմանվի, որը կկոչվի «տուգանային միավոր», իսկ որպես սանկցիա կավելանա «վարորդական իրավունքից և հատուկ իրավունքից զրկում»-ը:

Տուգանային միավորները կկիրառվեն ճանապարհային երթևեկության կանոնները խախտած անձանց նկատմամբ

Վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից 1 տարվա կտրվածքով վարորդին տրվելու է 9 միավոր: Երթևեկության կանոնները խախտած վարորդներին 1 տարվա համար տրամադրված 9 միավորից ինքնաշխատ եղանակով կհանվեն միավորները: Այսինքն՝ 9 միավոր ՃՈ-ն կտա, հետո, ըստ խախտման տեսակի, կպակասեցնի միավորները: Կախված երթևեկության կանոնների խախտման հանրային վտանգավորության աստիճանից, պատահարի ժամանակ զոհերի առկայությունից և այլնից՝ այդ 9 միավորը կնվազեցվի համապատասխանաբար 1, 2, 3 կամ 4 միավորով:

Միավորները պակասելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից կզրկվի 1-ից մինչև 6 ամիս ժամանակահատվածով: Նախագծով դա կոչվում է «վարորդական իրավունքի կասեցում»: Ներգործության այս տեսակը չի տարածվի հաշմանդամություն ունեցողների վրա` բացառությամբ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքից: Նախագծով առաջարկվում է մի շարք խախտումների դեպքում ավելի երկար ժամկետով զրկել վարորդական իրավունքից:

Որ խախտման համար ի՞նչ չափի տուգանք կսահմանվի, և քա՞նի միավոր կկորցնի վարորդը

Տրանսպորտային միջոցի վրա առանց թույլտվության կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշանային սարքավորում տեղադրելու դեպքում վարորդը գործող 100 հազար դրամ տուգանքի փոխարեն 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից:

Հնարամիտ վարորդները հաճախ տուգանվելուց խուսափելու համար մեքենաների պետհամարանիշերի 1 կամ ավելի նիշերն այսօր փակում են: Նախագծով նման իրավախախտում կատարողը կտուգանվի 20 հազար դրամի չափով և կզրկվի 1 միավորից:

Առանց պետհամարանիշի, փոխարինված կամ կեղծ համարանիշով մեքենա վարելու դեպքում վարորդը 1 տարի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից: Իսկ եթե վարորդն իր մեքենայի պետհամարանիշը տրամադրի այլ վարորդի, ապա կտուգանվի գործող 100 հազար դրամի փոխարեն 20 հազար դրամով ու կկորցնի 3 միավոր:

Վարորդը խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2 միավոր, հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝  1 միավոր, վազանցի կանոնները խախտելու դեպքում՝ 1 միավոր, երթևեկությունը սկսելու, մանևր կատարելու կամ հետընթացի վարման կանոնները խախտելու դեպքում՝ 2 միավոր, տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկության գոտում հանդիպակաց վարելու դեպքում՝ 2 միավոր, հոծ գիծը տրորելով շրջադարձ կամ հետադարձ կատարելու դեպքում՝ 2 միավոր, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում՝ 2 միավոր, մեքենան հետիոտնային անցման վրա կայանելու դեպքում՝  1 միավոր, մեքենան ՃՈ տեսուչի պահանջով չկանգնեցնելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսից 1 տարի ժամկետով:

Կարմիր լույսի պահանջին չենթարկվելու կամ ՃՈ տեսուչի «կանգնել» հրահանգը չկատարելու դեպքում վարորդը 20 հազար դրամ տուգանքի փոխարեն կտուգանվի 25 հազար դրամի չափով և կկորցնի 2 միավոր, ավտոմեքենայի արագությունը 11-ից 30-ով գերազանցելու դեպքում վարորդը կզրկվի 2 միավորից, արագությունը 31-ից 50-ով գերազանցելու դեպքում կկորցնի 3 միավոր, 51-ից 80-ով գերազանցելու դեպքում՝ 4 միավոր, 81 և ավելի արագությամբ ընթանալու դեպքում 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքի վկայականից:

Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելը

Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու դեպքում գործող 100 հազար դրամ տուգանքը կնվազեցվի և կսահմանվի 25 հազար դրամ, սակայն վարորդը կկորցնի 4 միավոր: Այսինքն՝ երկուսից ավել անգամ ոչ սթափ վարելու պարագայում նա կկորցնի իրեն տրված 9 միավորն ամբողջությամբ և որոշակի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից: Բացի դա, նոր հոդված է ավելացվում ՎԻՎ օրենսգրքում հետևյալ խմբագրմամբ. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից չորրորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 6 ամիս ժամկետով»:

Եթե վարորդի 1 լիտր արյան մեջ ալկոհոլի չափաբաժինը գերազանցի 1 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ գերազանցի 0.5 միլիգրամը, վարորդը կզրկվի մեքենա վարելու իրավունքից 1 տարի ժամկետով: Եթե վարորդը թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարի, ապա կզրկվի վարորդական իրավունքից 2 տարի ժամկետով: Եթե վարորդները խուսափեն ոչ սթափ վիճակի զննության պահանջից, ապա վարորդական իրավունքից կզրկվեն 2 տարի ժամկետով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսված փոփոխություններով, որոշ խախտումների դեպքում, տուգանքները նվազեցվել են: Օրենսդրական ողջ փաթեթին ծանոթանալու և համեմատական վերլուծություն կատարելու համար կարող եք այցելել ոստիկանության պաշտոնական կայք:

Մեկնաբանություններ (4)

Միշա
Բալաին հանակարգը հետույքով մտածող մարդիկ են վորոշել որոն անքամ չգիտեն թե ինչ է տրանսպորտաին միջոցը և երթեվեկությունը.. ետ ուղակի ոստիկանական բիզնեսա ուղղակի մտածեք ինչի պիտի չնչին տուգանքների արժեքը թանկանա կամ ղիեն զրկելու վարորթական իրավունքից? Վորովետեվ արանց իրավունքի վարողներից ավելի շատ է հնարավոր փող պոկել.. չասեկ վոր ժողովուրթի համարեկ արել..ինչնա լավ լինելու ինչից վոր զրկում են մարթուն ինքը ավելի շատա ձկտում դրան.ետ համակարքից հետո բոլորնել ավելի լարվացէն վարու ու վթարները ավելիեն շատացել..մարզերում կատարվաց վթարները բալերի հետ կապ չունի ուզումեք սաղին զրկեք մեկա չեք կասեցնի վթարներն ու խցանումները ուղղակի խայտառակում էկ երկիրը..
Անի
Նախ կուզեմ նշել որ այս համակարգը ուղղակի անհեթեթ բան ե ։ եթե մեր երկրում ճանապարհի վիճակը այսինքն ասֆալտը , բացակայող նշանները և առհասարակ ճանապարհները այն մակարդակին չեն որ դուք հարգելի կառավարություն ընդունել եք այս որոշումը ։ ես երկար տարիներ ապրելով արտերկրում շատ տարբեր օրենքներ կան բայց նախ երբ ընդունում են օրենքը նախապես դա էնպես են մշակում որ ժողովրդին հարմար լինի ։ իսկ Հայաստանում նստեցին որոշեցին վերջ ահա ստացեք քաղաքացիներ ջան որոշումը ։ չի կարելի չէ էսպես վարվել ժողովրդի հանդեպ ։ շատ մարդիկ կան որ վարորդ լինելով իրենց տունը պահում ։
Ավետիս
Խստացնել պատժամիջոցները խախտումներ կատարողների նկատմամբ շատ ճիշտ և տեղին կլիներ այն ժամանակ, եթե երթևեկության համար նախատեսված ճանապարհները համապատասխաներ մեքենանաերի քանակի և որակի հետ: Երևան քաղաքում համարյա անհնարին է խախտումներ չանելը, որովհետև հասարակական տրանսպորտը աշխատում է անկանոն , կանգառները կահավորված չեն, կենտրոնում անհնար է գտնել կայանատեղի, առևտրի կետերին սպասարկող ավտոմեքենաներ մշտապես կայանելով երկրորդ շարքում մշտապես խանգարում են երթևեկությանը և այսպես շարունակ: Կարծում եմ բալերի քանակը շատ քիչ է և հետագայում բողոքի մեծ ալիք կբարձրանա:
Տաթևիկ
վերջապեսս...շատ ճիշտ որոշում.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter