HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Կոնյակի արտադրության ոլորտում լուրջ խնդիրներ ունենք»

Կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում Հայաստան ժամանած հյուրերը տպավորվել են հայկական գինով և կոնյակով։

 «Մասնավորապես ինձ համար շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու և կոնյակի՝ իհարկե իրենց բառապաշարով բրենդիի որակի կապակցությամբ, ինչը շատ լավ է, և ոչ միայն նրանք: Ընդհանուր առմամբ մեր գինին և կոնյակը շատ լավ տպավորություն են գործել, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել գինու և կոնյակի արտադրության միջազգային որոշակի ստանդարտին։ Կարծում եմ, որ իսկապես պետք է քաջալերել մեր արտադրողներին, և կառավարությունը բոլոր միջոցները պետք է ձեռնարկի, որպեսզի մեր արտադրողներին կարողանանք աջակցել նոր շուկաներ մտնելու, ձեռք բերելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ներդրումային ծրագրերով պետք է աջակցել կոնյակագործներին, գինեգործերին՝ արտադրանքի ծավալները մեծացնելու հարցում:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ միջնաժամկետ հեռանկարում կարող են  Հայաստանում մշակվող խաղողի ծավալների խնդիրներ լինել, ուստի գյուղատնտեսության նախարարությունը պետք է շատ ինտենսիվ աշխատի, որպեսզի խաղողի այգիների ծավալները, մշակման կուլտուրան և որակը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության, ոռոգման խնդիրը պատշաճ մակարդակի լինի։

«Կոնյակի արտադրության ոլորտը, ըստ էության, համարում ենք կայացած, բայց այդտեղ էլ ունենք լուրջ խնդիրներ և այդ խնդիրները, այսպես ասած, ոչ իրական արտադրանքի սպառումն է և տարածումը հատկապես ԵԱՏՄ տարածքում: Այսինքն՝ հայկական անվան տակ տարածվող այն խմիչքները, որոնք իրականում հայկական կոնյակ չեն, այստեղ պետք է լուրջ վերահսկողություն կարողանանք ապահովել մթերման ծավալների առումով, որ չստացվի՝ որոշ անբարեխիղճ արտադրողներ այլ երկրներից այլ ծագման սպիրտ ներկրեն, թեկուզ ոչ հայկական կոնյակի սպիրտ ներկրեն, և դա հայկական կոնյակի անվան տակ արտահանեն, ինչը բրենդի հեղինակության վրա լրջագույն նեգատիվ ազդեցություն է ունենում»,- ասաց Փաշինյանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter