
Մարմաշեն գյուղի երեխաները մանկապարտեզ են հաճախում Գյումրիում
«15-20 տարվա խոպանիստի ստաժ ունին ստեղ կանգնածների մեծ մասը»,-անկեղծանում են գյուղամիջում հավաքված մարմաշենցիները: 2340 բնակիչ ունեցող համայնքից դեռ գարունը չբացված 400-500 տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի: «Խոպան չէրթանք` ինչով ապրինք, այ քուրս,-հարցնում է մարմաշենցի Հարութը,- սաղ գեղը վարկի տակ է, հըմի պետությունը սաղին կկոխե տոկոսի տակ ու անգջից կբռնե, օր հեչ մե տեղմ չփախնին: Վարկ կվերցնեն գյուղացիք վար ու ցանքի համար, մինչեւ էդ ժողովրդի ձեռքը փող չկա, կծախսե, ստիպված բդի խոպան էրթա, օր էդ վարկը փակե: Տարով կուտան, տարով էլ գյուղացուն ձեռք չի տա ու էղավ, օր խոպան կերթանք բանկերի համար»:
Հետո հավաքվածները ծիծաղում են, թե «ձմեռն եկար, երեսներս տեսար, ամառն օր գայիր, մենակ կնկտանց հետ բդի հարցազրույց էնեիր: Ըստեղ կանգնածներիս մեծ մասին արդեն ամիսմ հետո գյուղը չես տեսնի, կերթանք Կրասնոդար` աշխատելու»: Կանանց հետ գյուղում մնում են երեխաները, մեծահասակ տղամարդիկ, հաշմանդամները, գյուղի ղեկավարն ու 5 ավագանին, չգիտես լուրջ, թե կատակով տեղեկացնում են հավաքված «խոպանչիները»:
Նորայր Փիլոսյանն ավագանու անդամ է: «Հերու աշունն էր ընտրվա»,- հայտնում է Փիլոսյանը, թեպետ իրականում այս համայնքում ավագանու ընտրություններ անցկացվել են 2 տարի առաջ, օգոստոս ամսին; «Հեչ հնար չկա, օր մարդն ավագանի ընդունվի,-շարունակում է Ն.Փիլոսյանը, -ես, օրինակ, գազի գրասենյակը կաշխատիմ, տեղում եմ: Եթե ես ըստեղ աշխատանք չունենայի, ընձի հեչ պետք էլ չէր էղնի ավագանի էղնելը: Եթե գործ չունենամ, մնամ ինչ էնեմ, գյուղացին հո ընձի չի պահե, բդի խոպան էրթամ; Ըդուր համար լավ կեղներ, օր ավագանին էլ վճարվեր, թեկուզ քիչ, բայց աշխատավարձ ստանար»:
![]() |
![]() |
Նորայր Փիլոսյան | Օֆելյա Վարոսյան |
«Ավագանու անդամները օրենքով պիտի լինեին 7-ը, սակայն հինգն են», -խոսոտովանում է Մարմաշեն համայնքի աշխատակազմի քարտուղար Վարոսյան Օֆելյան: Ախուրյանի տարածաշրջանի Մարմաշեն համայնքում ՏԻՄ ընտրություններ սպասվում են այս տարվա հոկտեմբերին: Նորընտիր համայնքապետը կաշխատի ավագանու հին անդամների հետ: Ավագանու ընտրությունը Մարմաշեն համայնքում կանցկացվեն 2014թ-ի օգոստոսին:
«Մեր տղամարդկանց 99 տոկոսն ընտրությունների ժամանակ դուրսն են: Կանայք չեն խառնվում գործընթացին, թեկնածություն դնում են տղամարդիկ, ովքեր տեղում ունեն աշխատանք եւ սովորաբար գյուղում են լինում: Արդեն ավագանու 2-րդ ընտրություններն են` 7-ի փոխարեն ընդամենը 5 հոգի է ընտրվում: Չեն ուզում, զոռով, մի կերպ թեկնածություն են դնում»,-ասում է Օֆելյա Վարոսյանը:
Մարմաշենի համայնքապետարանի 9 անդամից բաղկացած աշխատակազմում մեկ ձայնով գերակշռում են կանայք: «Ու վատ էլ չենք աշխատում»,-համայնքապետարանի հաշվապահ, գլխավոր մասնագետ Կարինե Մալխասյանը ծիծաղում է: 7,5 մլն սեփական եկամուտների ու պետությունից տրվող 23,5 մլն դոտացիայի հաշվին կարողանում են որոշակի աշխատանքներ կատարել`գիշերային լուսավորության ապահովում, աղբահանություն, ներհամայնքային ճանապարհների բարեկարգում եւ այլն:
«Մենք շատ ակտիվ ենք, որպես համայնք,-հավատացնում է Կարինե Մալխասյանը,-մշտապես համագործակցում ենք «Վորլդ վիժն», «Կարիտաս», «Ամքոր» կազմակերպությունների հետ: Գյուղը վաղուցվանից գազիֆիկացված է, շուրջօրյա ջրամատակարարում ունենք: Մեր ամենամեծ խնդիրը մշակույթի տան նորոգումն է, որ մեծ գումարներ արժի, միայն «Վորլդ վիժնը» երեք անգամ հաշվարկ է արել, մոտ 100 մլն դրամի կարգի թիվ է ստացվել»:
Մարմաշենի համայնքապետարանը եւս «տնազուրկ» է, չունի քարե կառույց, արդեն 20 տարի է` 2 փայտե շինությունների, ասել է, թե «դոմիկներին» մեջ է գործունեություն ծավալում: Մեկ այլ խնդիր է նման մեծ համայնքի համար մանկապարտեզ չունենալը: Մարմաշենցի Գառնիկ Մարտիրոսյանի ութ թոռներից միայն մեկն է մանկապարտեզ հաճախում, այն էլ Գյումրիում:
«Ավտոբուս կա, կուգա կտանի,-ասում է Գառնիկ պապը,- տարեկան 120 հազար դրամ, ամսեկան 9 հազար դրամ կնստի վրեքս մե երեխի մանկապարտեզ էրթալը: Ըդիկ լավ է, օր մեր գյուղը Լեննականին մոտիկ է, բայց շատ լավ կեղներ, օր մանկապարտեզ ըսվածը Մարմաշեն էղներ: Մենակ իմ թոռս չէ, 20-ից ավելի էրեխա մեր գեղեն Լեննական մանկապարտեզ կերթա»:
![]() |
![]() |
Գառնիկ Մարտիրոսյան | Աշոտ Եղոյան |
Մարմաշենի համայնքապետ Աշոտ Եղոյանն ասում է, որ մանկապարտեզի հարցով բազմիցս է դիմել պատկան ատյաններին ու շարունակում է ելքեր փնտրել սկսած 1996 թ-ից: «Գյուղի 130 փոքրիկ հնարավորություն կունենային հաճախելու մանկապարտեզ, եթե գյուղում համապատասխան շինություն լիներ,-ասում է Աշոտ Եղոյանը,-էնպես չի, որ Մարմաշենը երբեք մանկապարտեզ չի ունեցել: Ունեցել է, պարզապես երկրաշարժից հետո սեփականաշնորհվել է մի մարմաշենցու»:
Աշոտ Եղոյանն ասում է, որ դիմել է «Վորլդ վիժն» կազմակերպությանը մանկապարտեզ ունենալու խնդրով: Ցանկացել են մինչեւ հիմնական շենք ունենալն օգտագործել դպրոցի պարապուրդի մատնված մասնաշենքը: Սակայն դրա համար հարկ կլինի գնալ ձեւափոխությունների, որի կապակցությամբ դեռեւս ոչ Կրթության վարչությունը, ոչ Շիրակի մարզպետն իրենց համաձայնությունը չեն տվել:
«Քանի որ մեր դպրոցը նախատեսված է 540 աշակերտի համար ու հիմա կիսով չափ է ծանրաբեռնված, որոշեցինք օգտվել այդ առիթից, մինչեւ մանկապարտեզի շենք ունենալը, բայց մարզպետ Աշոտ Գիզիրյանը հարցը թողել է հետագա քննարկման, որովհետեւ իրեն հետաքրքրում է դպրոցի շենքում կատարվելիք ձեւափոխությունների հարցը: Իրան մտահոգում է այն, որ կարողա ես մեկ կամ 5 տարի հետո ունենամ իմ համայնքային սեփականությունը հանդիսացող մանկապարտեզի շենքն, ու էստեղ արդեն իմ ձեւափոխած մասնաշենքն է դառնում խնդրահարույց»:
Ներկայում Մարմաշենից 30-35 երեխա հաճախում է Գյումրիի մանկապարտեզներից մեկը ամսեկան 8-ից 10 հազար դրամ վարձավճարով: Խնդրով մտահոգ գյուղապետն ասում է, որ գյուղում մանկապարտեզ ունենալու դեպքում եւ երեխաների անվտանգությունը կապահովվի, եւ վարձավճարը 4 անգամ կկրճատվի, ու մարդիկ էլ ավելցուկ գումարով կկարողանան իրեն հարկն ու տուրքը փակել: Աշոտ Եղոյանի փոխանցմամբ, իրենք բանակցում են 90-ականներին մանկապարտեզի նախկին շենքը գնած սեփականատիրոջ հետ այն գնելու համար: Կա նաեւ մեկ ուրիշ տարբերակ:
«Զրոյական, հիմքից նոր շենք կառուցելու տարբերակն է մյուսը, որովհետեւ էս պահին կան բարերարներ, որոնք համաձայն են ներդրում անելու, պարզապես եւ շենք ունենալու տարբերակներն են մի քանիսը, լիովին չենք կենտրոնանում, թե որն է առավել նպատակահարմար, եւ զուգահեռ ընթացող բանակցային պրոցեսներն են մի տեսակ ձգձվում»,-ասում է Աշոտ Եղոյանը:
Մեկնաբանել