
«Էրեբունի–Երևան» տոնական միջոցառումների համար կծախսվի 252 միլիոն դրամ
Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հիմնական միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին:
Կրճատվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների համար նախատեսված գումարը, սակայն քաղաքապետարանից չեն հայտնում, թե դրանց արդյունքում որքան գումար է տնտեսվել:
Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ տոնական միջոցառումները բովանդակային առումով չեն տուժելու, իսկ տարվա ընթացքում իրավիճակի փոփոխության, քաղաքային ընտրությունների, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի առիթով ծրագրված մի շարք միջոցառումներ չեն իրականացվել, որոշներն էլ ժամանակագրական և նախահաշվային արժեքների առումով փոփոխություններ են կրել:
Հոկտեմբերի 21-ին կայանալիք «Էրեբունի–Երևան» տոնական միջոցառումների համար Երևանի քաղաքապետարանը կծախսի 252 միլիոն դրամ:
Քաղաքապետարանը միջոցառումների կազմակերպման համար հոկտեմբերի 10-ին 4 ընկերությունների հետ պայմանագրեր է կնքել:
Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնակատարության ամփոփիչ գալահամերգը կկազմակերպվի Հանրապետության հրապարակում: Այդ համերգի համար Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Էյդիվի մեդիա էս» ընկերության հետ:
Ընկերությունը Հանրապետության հրապարակում 20:00-22:00 ժամանակահատվածում համերգային ծրագիր պետք է կազմակերպի՝ երգի, պարի, համույթների և անհատ կատարողների մասնակցությամբ: Իսկ մինչ գալահամերգի մեկնարկը կլինի կես ժամ տևողությամբ բեմադրություն՝ ուրարտական ժամանակաշրջանին համահունչ և Երևանի հիմնադրմանը վերաբերող:
Քաղաքային բյուջեից 43 միլիոն դրամ հատկացվելու է «Քանան քոնսթրաքշն» ընկերությանը՝ 4 միջոցառման կազմակերպման համար:
Այդ գումարից 16,5 միլիոն դրամով ընկերությունը Ազատության հրապարակում 15:00-21:00-ն կկազմակերպի համերգային ծրագիր՝ ազգային երգի, պարի, ժողովրդական գործիքների համույթների և անհատ կատարողների մասնակցությամբ:
Մոտ 15 միլիոն դրամ էլ կտրամադրվի Կասկադի համալիրի տարածքում Ջազ համերգի կազմակերպման համար: Համերգը կկայանա ժամը 16:00-21:00-ն, որի ընթացքում կհնչի կենդանի նվագակցություն՝ ջազային երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
Շառլ Ազնավուրի հրապարակում 17:00-22:00-ն կլինի ռոք համերգ. այդ նպատակով կհատկացվի 12 միլիոն դրամ:
10 միլիոն դրամ էլ կփոխանցվի «Արեն Գրուպ» ընկերությանը՝ Անգլիական այգու տարածքում «Ազգային փոքրամասնությունները Երևանին» խորագրով ցուցահանդես-էքսպո և Կիրովի անվան զբոսայգում մանկական համերգային ծրագիր կազմակերպելու համար:
Ցուցահանդեսին կներկայանան նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունների գեղարվեստական խմբեր և համույթներ: Իսկ Կիրովի այգու մանկական այգում կլինեն հեքիաթների հերոսների կերպարներ, խաղավար, հանդիսավար, ծաղրածուներ:
Քաղաքապետարանը 20,5 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր էլ կնքել է «Պրո սոունդ» ընկերության հետ՝ Կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց դասական երաժշտության համերգ կազմակերպելու և Հյուսիսային պողոտայում հայաստանյան բենդերի մանակցությամբ համերգային ծրագիր կազմակերպելու համար:
Մեկնաբանել