HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Ինգո Արմենիա»-ն վրաերթի ենթարկված երեխայի ծնողից պահանջում էր վերադարձնել վիրահատության ծախսերը

10-ամյա Էլլադա Անիսոնյանը այս տարվա մայիսին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում վարորդի անզգուշության պատճառով վրաերթի է ենթարկվել։

Երեխայի մայրը՝ Մելանյա Անիսոնյանը, «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ վրաերթից հետո երեխան միջին և ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վրաերթից երեխան ստացել է ձախ ազդրի փափուկ հյուսվածքների բաց վնասվածք, ձախ ձեռքի կոտրվածք, ձեռքի մատի բաց վնասվածք: Վրաերթի ենթարկած վարորդ Գագիկ Վարդանյանը Մելանյային հավաստիացրել է, թե «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ պայմանագիր ունի, որով կփոխհատուցվեն երեխայի վիրահատության ծախսերը: Նույն պահին Մելանյա Անիսոնյանին ԱՊՊԱ-ի բժիշկը ստորագրել է տվել պայմանագրեր, որից հետո բժիշկները սկսել են վիրահատությունը:

«Այդ պահին հոգեպես անկայուն վիճակում էի, երեխան վնասվածքներով էր, արյունոտված, գոռում էր ցավից, բերել թղթեր էին մեկնել, ասում էին` ստորագրիր: Էդ վիճակում ու՞մ մտքով կանցնի կարդալ այդ թղթերը: Որևէ իրավաբան չկար այդ պահին, ով կկարողանար բացատրել»,- հիշում է երեխայի մայրը:

Հոկտեմբերին Մելանյա Անիսոնյանը ապահովագրական ընկերությունից ծանուցում է ստանում, որ բժշկական ծախսերի փոխհատուցման պահանջը մերժվել է։

Ծանուցումը ստանալուց հետո Մելանյան գնում է ԲԿ, որտեղ վիրահատության ժամանակ նրա ստորագրած փաստաթուղթն են ներկայացրում: Ըստ դրա` դիմում ստացած ապահովագրողը պահանջվող փաստաթղթերը եռամսյա ժամկետում չստանալու դեպքում իրավունք ունի մերժելու դիմումը, իսկ կանխավճարներ վճարած դեպքում տուժողից հետ պահանջելու վճարված գումարը:

«Բժիշկն ասաց` չես տեսե՞լ` ինչ ես ստորագրում, ստորագրել ես, ուրեմն պարտավոր ես կատարել պայմանագրի պահանջները։ Ես ստորագրելու պահին չեմ կարդացել, որ երեք ամսվա մեջ պետք է ներկայանալ ԱՊՊԱ, ինձ այս ամիսների ընթացքում որեւէ մեկը չի զգուշացրել»,- ասում է երեխայի մայրը:

Մելանյայի փոխանցմամբ՝ իրեն ընկերությունից միայն զգուշացրել են, որ համապատասխան ժամկետներում ապահովագրական ընկերության պահանջները չկատարելու դեպքում կդիմեն հարկադիր կատարման ծառայություն` վիրահատության գումարը բռնագանձելու պահանջով:

«Ինձ նույնիսկ ասել էին, որ կարող եմ երեխայի վերականգնողական բուժման համար դիմել «Ինգո Արմենիա» ու փոխհատուցում պահանջել, իսկ դրա փոխարեն ինձ են ներկայացնում բռնագանձման պահանջ»,- դժգոհում է ծնողը:

Մելանյա Անիսոնյանը մի քանի օր առաջ բողոք է ներկայացրել ապագովագրական ընկերություն: Ընկերության իրավաբանության վարչության պետ Հայկ Մանգոյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իրավական տեսանկյունից ընկերությունը սխալ չի գործել, իսկ եթե հարցը դիտվի բարոյական տեսանկյունից, ապա կարելի էր նախապես զանգահարել և տեղեկացնել դիմումատուին: Նշեց, որ որոշում են կայացրել Մելանյայի դիմումին դրական լուծում առաջարկել և հնարավորություն տալ տուժողին ներկայացնելու փաստաթղթերը:

Մելանյայի կարծիքով` «Հետք»-ի հետ զրույցից հետո է հարցը կարգավորվել։

Մելանյան պատրաստվում է բողոք ներկայացնել նաև վրաերթ կատարած վարորդի դեմ։ Վրաերթից հետո նա ոստիկանություն չի դիմել՝ մտածելով, թե վարորդն ուշադիր կլինի երեխայի նկատմամբ, կփորձի աջակցել վերականգնողական բուժման հարցում, քանի որ վրաերթը տեղի է ունեցել նրա անուշադրության պատճառով:

Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter