HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Չկայացած անասնապահությունը Տաշիրի պանրագործներին թույլ չի տալիս ընդլայնել արտաքին շուկան

Պանրագործությունը Տաշիրի այցեքարտն է։ Պանրի արտադրությանը տիրապետող վարպետներն ավելի քան մեկ դար ավանդաբար իրենց հմտությունը փոխանցում են սերունդներին: Այստեղ դեռեւս 19-րդ դարից տիրապետում էին շվեյցարական պանրի արտադրությանը: Սովետական շրջանում Կրեմլին եւ Ռուսաստանի խոշոր քաղաքներին Տաշիրի պանրագործարանի արտադրանքն է մատակարարվել: Տաշիրում ասում են, որ Ռուսաստանում արտադրվող աղաջրային պանրի վարպետներն այսօր էլ հիմնականում հայերն են, եւ նրանց մեծ մասը տաշիրցիներ են։

Այդուհանդերձ, մեկ դար հետո էլ տաշիրցի պանրագործների արտահանման շուկան մնում է Ռուսաստանը, նրանց դեռեւս չի հաջողվում ընդլայնել արտաքին շուկան: Սահմանափակ արտահանման հիմնական պատճառներն, ըստ մասնագետների, երկուսն են՝ Տաշիրի պանրի արտադրամասերը փոքր են արտահանում կազմակերպելու համար, իսկ մի մասի ապրանքը հեռու է արտահանման համար սահմանված չափանիշներից: 

Տաշիրում ներկայումս կաթնամշակման 10 ձեռնարկություն է գործում, որոնց մեծ մասի արտադրանքը հիմնականում սպառվում է Հայաստանում, լավագույն դեպքում արտահանվում է Ռուսաստան ու Վրաստան: Այստեղ շուրջ 10 անուն պանիր է արտադրվում՝ հայկական աղաջրային պանիրներից մինչեւ եվրոպական 4 տեսակի պանիր՝ «Գաուդա», «Հոլանդական», «Շվեյցարական», «Լալվար», սակայն փոքր ծավալներով: 10 գործարաններից 2-3-ն են պանիր արտահանում, եւ միայն «Դուստր Մելանյա» ընկերությունն է Միացյալ Նահանգներ արտահանում («Լոռի եւ «Չանախ»), Ռուսաստան արտահանվում է 8 տեսակի պանիր: Արտահանումը կազմում է ընկերության արտադրանքի 35-40%-ը, մնացածն իրացվում է Հայաստանի շուկայում:

 «Մենք շատ հեռու չենք եվրոպական պանրագործությունից։ Միայն թե նրանք կաթի արտադրությունն են զարգացնում՝ լավ հումքից պանիր ստանալու համար, իսկ մենք ձգտում ենք լավ տեխնոլոգիա ունենալ՝ որակյալ արտադրանք ստանալու համար»,- ասում է Տաշիրի առաջատար պանրագործարաններից «Դուստր Մելանյա» ընկերության տնօրեն Ռուբեն Հարությունյանը։

Վերջինիս կարծիքով՝ շուկայում մրցունակ լինելու համար կաթի որակը պետք է բարելավել, որպեսզի անվտանգ կաթնամթերք ստանան։ Անասնապահությունը մեզ մոտ լավ զարգացած չէ, զարգացնելու համար լավ մասնագետներ են պետք՝ անասնաբույժներ եւ անասնաբույծներ։ «Մեր անասնապահության ցուցանիշը 2000 լիտրն է, սա զոռով ստացված ոլորտ է, եւ այս հումքի որակական չափանիշները զգալիորեն զիջում են ոչ թե նրա համար, որ մեր կաթը լավը չէ: Ո՛չ, շատ տեղերից լավն է, բայց կենսաբիոլոգիական առումով որքանո՞վ է մաքուր»,- հարցնում է Ռուբեն Հարությունյանը։

Ալպիական մարգագետիններից ստացվող բարձրորակ կաթի շնորհիվ Հայաստանի այս տարածաշրջանում անասնապահությունը դարձել է բնակչության զբաղվածության եւ եկամտի հիմնական աղբյուրը: Անասնապահության բնագավառում ավանդական գիտելիքների, հմտությունների առկայությունը արդյունք ապահովում է, սակայն ժամանակը նոր պահանջներ է առաջադրում թե՛ ֆերմերներին, թե՛ պանրագործներին: Հակառակ դեպքում, ինչպես պնդում է Ռ. Հարությունյանը, նրանց վարպետությունը որակ չի ապահովի։

Ֆերմերային տնտեսությունները ձեւավորվել են 1990-ականների սկզբներին, երբ կոլտնտեսությունների անասունները բաժանվեցին բնակիչներին։ Սկզբնական շրջանում ֆերմերները ե՛ւ կաթ էին արտադրում, ե՛ւ վերամշակում էին, ե՛ւ վաճառում: Պատմում են, որ այդ տարիներին միայն Տաշիր քաղաքում 40-ից ավելի պանրամշակման գործարան կար, մարդիկ իրենց բնակելի տան տարածքն էին  արտադրամասի վերածել։ Սակայն, երբ սեփական հումքի մթերման ծավալներն աճեցին, մի քանի տարվա մեջ ձեւավորվեց բիզնես միջավայրը ու սկսեց կարգավորել շուկան: Տնայնագործներից ոմանք դարձան վերամշակողներ, ոմանք՝ ֆերմերներ։

Ներկայումս Տաշիրում կաթնամշակման 10 ձեռնարկություն է գործում, իսկ անասնապահությամբ զբաղվում է մոտ 500 տնտեսություն: Պանրագործներն ամեն օր աշխատում են հարյուրավոր մարդկանց հետ, նրանց կաթ մատակարարում են ոչ միայն ֆերմաները, այլեւ տնային տնտեսությունները՝ 3-5 լիտրով:

«Մինչ օրս ժամանակի պահանջներին լիարժեք համապատասխանող ֆերմա չունենք, եթե 50 հատ ֆերմերային տնտեսություն լինի, հնարավոր է աշխատանք տանել նրանց հետ: Այդ դեպքում վերամշակողները ավելի քիչ հաճախորդների հետ գործ կունենան, որոնց հստակ պահանջներ կներկայացվեն կաթի որակի վերաբերյալ, բայց 100-ի հետ հնարավոր չէ։ Փորձում ենք տեխնոլոգիաներով կարգավորել բացը»,- հայտնեց Ռուբեն Հարությունյանը:

«Դուստր Մելանյա» ընկերության տնօրենն ասում է, որ կաթ արտադրողների միջից կարողացել են գործընկերներ ընտրել, սակայն «հումքի դեֆիցիտի ժամանակ աչք են փակում եւ առաջ գնում, իսկ ավելցուկի դեպքում որոշ պահանջներ դրվում են»։ Ընկերությունը եվրոպական երկրներից հոլանդական պանրի արտադրությունն է  ձգտում ընդօրինակել։ Գործարանում հոլանդական հոսքագծեր են տեղադրել վերջին տարիներին, իսկ արտադրողներին քամիչներ են տրամադրել կաթը ֆիլտրելու համար, բայց, ինչպես տնօրենն է ասում, համապատասխանության մակարդակը դարձյալ շատ հեռու է պահանջվածից։

Տաշիրում կաթ մշակող խոշոր ընկերությունները համոզվել են, որ լավ ցուցանիշ ունենալու համար որակյալ մասնագետներ են պետք եւ տեխնոլոգիայի ճիշտ կիրառում: «Սա է առաջնայինը»,- ասում է «Լոռվա կաթ» ՍՊԸ տնօրեն Անուշ Սուքիասյանը: Ընկերությունը կաթը մթերում է ե՛ւ ֆերմերներից, ե՛ւ բնակիչներից՝ փոքր ծավալով, 3-5 լիտր կաթ հանձնողներ կան։ Նրանք Ռուսաստանից են պանրագործներ հրավիրել՝ իրենց սովորեցնելու համար, գործարանն աշխատում է ռուսական եւ  արտասահմանյան սարքավորումներով, արտադրանքը սպառում են ներքին շուկայում եւ Վրաստան են արտահանում։ Ընկերությունը տարեց-տարի ավելացրել է արտադրանքի ծավալներն ու տեսականին: «Հիմա որակապես ավելի լավն է պանիրը, բայց շուկան աղի պանրի պահանջարկ չունի։ Երիտասարդությունը կաթնամթերք չի սիրում, կարագ չի օգտագործում»,- ասում է «Լոռվա կաթ» ընկերության տնօրենը։

Արտադրողների առջեւ ծառացած մյուս խնդիրը կաթի մշակման սեզոնային բնույթն է: Կաթը հիմնականում արտադրվում է ապրիլ ամսից մինչեւ սեպտեմբեր, իսկ ձմռան ամիսներին հումքի 1/3-ն են մշակում։ «Եթե անասնապահությունը լիարժեք կայացած լինի, սեզոնային բաշխվածությունն այսքան կտրուկ չի լինի»,- նշում է Ռ. Հարությունյանը։ Այս տարին բացառություն էր՝ բնությունը նպաստավոր էր եւ սեպտեմբերին ամառվա պես կաթ էր արտադրվում, որի շնորհիվ պանրի արտադրության ծավալներն աճել են։

Ֆերմերներին նույնպես չի գոհացնում կաթի արտադրության սեզոնայնությունը, նաեւ՝ դրանով պայմանավորված գնի տատանումները: Կաթ արտադրողների եւ վերամշակողների միջեւ մշտական վեճը կաթի գնի եւ որակի շուրջ է: Կաթ արտադրողների ասելով՝ սեզոնին վերամշակողներն օգտվում են առիթից եւ գին են թելադրում՝ լավ իմանալով, որ պահեստավորել հնարավոր չէ, իսկ չհանձնելու դեպքում իրենց այլընտրանքը արտադրված կաթը թափելն է: Հաճախակի դարձած բանավեճերը երբեմն ավարտվում են  արտադրողների բողոքի ակցիաներով՝ մինչեւ իսկ Հանրապետության հրապարակում կաթով բեռնված ցիստեռներ հայտնվեցին:

2012թ. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ  իրականացրեց պանրի արտադրությամբ զբաղվող 59 տնտեսվարողների մոտ, որի արդյունքում 18 տնտեսվարողների արտադրանքը մանրէաբանական (ԱՑԽՄ) ցուցանիշներով վտանգավոր ճանաչվեց: Դրանց թվում էին «Կալինինո կաթ» ՍՊԸ-ն, Արմեն Սուքիասյանի գործարանը (ներկայումս՝ «Լոռվա կաթ» ՍՊԸ), «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որոնք Տաշիրում համեմատաբար խոշոր արտադրողներ են համարվում:

«Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ն հմտացած էր եվրոպական պանրի արտադրության մեջ: Ընկերությունը 1900-ականներին ձեռք էր բերել 19-րդ դարավերջին Տաշիրի Մեղվահովիտ գյուղում շվեյցարացի պանրագործ Գոթֆրիդ Գրաֆի կառուցած պանրագործարանը եւ «Հոլանդական» ու «Շվեյցարական» պանիր արտադրել։ Ընկերության սեփականատեր Համլետ Դումիկյանն ասում է, որ իրենց արտադրանքը Մոսկվա էին արտահանում, սակայն ջուր չունենալու պատճառով եվրոպական պանրի արտադրությունը 2014թ.-ից դադարեցրել են: «Հին ջրագծեր էին այստեղ, որոնք շարքից դուրս եկան ընդհանրապես, խողովակը գետի ջրին էր միացված եւ սննդի անվտանգության տեսանկյունից նպատակահարմար չէր»,- ասաց Հ. Դումիկյանը։

Եթե նկատի ունենանք, որ «Շվեյցարական» պանիրն արտադրվել է հում կաթից, կաթը համային եւ անվտանգության հատկանիշներով այնպիսին պետք է լիներ, որ առանց պաստերիզացիայի հնարավոր լիներ պանիր պատրաստել։ Մինչդեռ, կաթի կենսաբանական անվտանգությունից բացի, նաեւ արտադրության մեջ օգտագործվող ջրի մաքրությունն է կասկածի տակ դրված: Բնականաբար, արտադրողն առանց պետական աջակցության չի կարող հաղթհահարել այս դժվարությունները:

Արտահանման համար Կառավարությունը երկու կարեւոր հարց պետք է լուծի՝

  • Սննդի անվտանգության ՀՀ իրավական դաշտի համապատասխանեցում միջազգային պահանջներին (Կոդեքս Ալիմենտարիուս, ԱՄՆ, ԵՄ եւ այլն)։
  • Գիտության նվաճումների վրա հիմնված սննդի ապահովության իրազեկման ծրագրերի հզորացում։

Կառավարությունն այս տարի ագրարային տնտեսության առաջնահերթությունների մեջ կարեւորեց կաթնարտադրությունը՝ ակնկալվում է ավելացնել կաթի արտադրողականությունը եւ բարելավել որակը: Օգոստոսին գյուղատնտեսության նախարարությունում ստեղծվեց կաթնարտադրության զարգացման համալիր ծրագիր մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հիմնական թիրախային ուղղություն ընտրելով Հայաստանում անասնաբուծության ոլորտը: Սակայն, Կառավարության անդամների հաճախակի դարձած փոփոխությունները հնարավոր է փոփոխեն նաեւ նախարարության սահմանած առաջնահերթությունները:

Լուսանկարները` Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter