HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ միլիոն շիշ հայկական նռան գինի կարտահանվի Չինաստան

Հոկտեմբերի 18-ին, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ու Չինաստանի միջազգային ընկերակցության կազմակերպիչ հանձնաժողովի գլխավոր քարտուղար Յոնգ ան Չուն ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակներում առաջիկայում Չինաստան կարտահանվի հայկական գինեգործական ընկերությունների կողմից արտադրված մեկ միլիոն շիշ նռան գինի:  

«Չինական շուկային հայկական գինեգործությունը  առաջին անգամ ներկայացավ անցյալ տարի՝ 2017 թվականին, երբ Հայաստանի խաղողագործության և գինեգործության  հիմնադրամի նախաձեռնությամբ, հայկական գինեգործական ընկերությունների արտադրանքը ներկայացվեց «ProWine China 2017» ցուցահանդեսին, որի արդյունքում կնքվեցին արտահանման մի շարք պայմանագրեր: Այս հուշագիրը հայկական գինիների արտահանման ծավալները մեծացնելուն միտված հաջորդ կարևոր հանգրվանն է: Հիմա մենք չինական շուկա ենք մտնում նաև մեր մրգային, մասնավորապես՝ նռան գինիներով, ինչը հնարավորություն է ստեղծում հետագայում չինական շուկային ներկայացնել հայկական գինեգործության  արտադրանքի ամբողջ տեսականին: Իսկ դա նշանակում է, որ մեր արտադրողները կմեծացնեն իրենց սպառման, հետևաբար նաև ներդրումների ու արտադրության ծավալները»,- ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Չինական կողմը ևս մեծապես կարևորում է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն հետագա ավելի լայն համագործակցության սկիզբն է միայն:

«Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի արտադրողներին՝ չինական շուկայում հայկական գինիների ճանաչելիության ու ներկայացվածության բարձրացման հարցերում: Այս հուշագրով մենք նախատեսում ենք սկզբում Չինաստան ներմուծել մեկ միլիոն շիշ հայկական նռան գինի, բայց դա միայն առաջին քայլն է: Ես վստահ եմ, որ համագործակցությունը կընդլայնվի և այս հուշագիրը նաև հնարավորություն է՝ հետագայում մեծացնելու դեպի Չինաստան արտահանվող հայկական գինիների թե՛ ծավալները, թե՛ տեսականին»,- նշեց Յոնգ ան Չուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter