HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

O TEMPORA, O MORES!

Ավետիք Իշխանյան

(Օ Ժամանակներ, օ բարքեր)

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի Սյունիքի մարզպետի պաշտոնին նշանակումը իրարանցում առաջացրեց հանրության շրջանում. Էլ հին ռեժիմ, էլ ինչ ասես։ Շարքային, «հպարտ» հեղափոխականները տարակուսանքի մեջ են, բայց նաև անվերապահ հավատալով իրենց կուռքին` համարում են` ուրեմն Նիկոլը մի բան գիտի, որ նշանակել է, ուստի նա, ինչպես միշտ ճիշտ է։ Հրապարակայնորեն իրենց բողոքն են հայտնում հիմնականում, ոչ թե հեղափոխական, արդեն նոր վերնախավն ու ապագա խորհրդարանում «ընդդիմության» խղճուկ տեղերին հավակնող, ներքուստ «սուր ընդդիմադիր», բայց և հաշվենկատ և վեհերոտ քաղաքական ուժերն ու տարբեր պաշտոններին նշանակվելու «թաքուն» ակնկալիքներ ունեցող քաղաքական-հասարակական գործիչները, այլ հեղափոխությանը անվերապահ սատարող և հավատացող հասարակական գործիչները։ Վերջիններիս համար բացարձակապես անընդունելի և անհասկանալի է «Նոր Հայաստանում» հին, իրենց համոզմամբ վարկաբեկված գործիչներին, ոչ միայն խստորեն պատժի չենթարկելը, դեռ մի բան էլ նոր, բարձր պաշտոնների նշանակելը։ Վերջիններին հանգստացնելու նպատակով «Правда»-ն (Հայկական Ժամանակ) իր առաջնորդող «Նշանակում կոնկրետ առաջադրանք լուծելու նպատակով» հոդվածով) «մանրամասն» վերլուծություն է հրապարակել և շատ «համոզիչ» փաստարկներով  փարատել դժգոհողների մտավախությունները։

Իրականում, կարծում եմ` խնդիրն ավելի քան պարզ է։ Միայնակ գալով իշխանության, Նիկոլ Փաշինյանն առաջին մի քանի ամիսների ընթացքում հետևողականորեն, օգտագործելով հանրային ահռելի աջակցությունն ու ուժային լծակները ջախջախեց պոտենցիալ քաղաքական մրցակիցներին` ամրապնդելով  «ժողովրդի իշխանությունը»։ Հոկտեմբերի 2-ից հետո, երբ քաղաքական ասպարեզում գործող բոլոր ուժերը կամ կապիտուլյացիայի ենթարկվեցին, կամ հատվածաբար քայքայվեցին և արդեն ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչներից, այնպես էլ այլ քաղաքական ուժերից այլևս որևէ վտանգ չկար, կարելի էր հենվել նաև «փորձ» ունեցող նախկինների վրա։ Դեկտեմբերին սպասվելիք խորհրդարանական ընտրությունների արդյունքններն արդեն կանխատեսելի են և պետք է Նիկոլ Փաշինյանին այլևս բնավ անհանգստանալու տեղիք չտային։ Սակայն իշխանությունն ամրապնդող ցանկացած գործչի համար ամեն մանրուք կարևոր է։ Եվ եթե արդեն Երևանը նվաճված է, այլ համայնքներում նույնպես լուրջ խնդիրներ չեն երևում (օրինակ Հրազդանում, որտեղ կարելի է նույնիսկ պաշտոնապես չաջակցել կուսակից Սասուն Միքայելյանի բարձր կազմակերպչական ջիղ ունեցող, սիրասուն որդուն), հեռավոր Սյունիքում, ելնելով նախորդ իշխանությունների փորձից, պետք էր ունենալ «ուժեղ, կամային, նվիրյալ» մարզպետ` ապահովելու կենտրոնի իշխանությունը, հատկապես խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, բացառելու համար ցանկացած անակնկալ։ Հունան Պողոսյանի նշանակումը մարզպետի պաշտոնին, իմ համոզմամբ, ընդամենը այդ համատեքստում է։ Նշանակումը նախապատրաստվեց նաև ՀՔԾ-ի կողմից 2015-16թթ․ ցուցարարների և լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների գործերի կարճումով։

Ամփոփում, որպես նախկին ոստիկան Հունան Պողոսյանի նշանակման  ևս մեկ հիմնական փաստարկ  

2002թ․ երբ եթերազրկվեց Ա1+ հեռուստաալիքը, ստեղծվեց Ա1+-ի աջակցման հասարակական խորհուրդ, հետևյալ կազմով՝ Արամ Աբրահամյան, Մեսրոպ Մովսիսյան, Էդիկ Բաղդասարյան, Նիկոլ Փաշինյան, Վարդան Հարությունյան, Տիգրան Տեր-Եսայան և տողերիս հեղինակ՝ Ավետիք Իշխանյան։ 2004թ․ մարտի վերջին խորհուրդը նախատեսում էր Ա 1+-ի փակման երկրորդ տարելիցի կապակցությամբ բողոքի երթ անցկացնել Մաշտոցի պողոտայով։ Երևանի Կենտրոնի նորանշանակ ոստիկանության պետ Հովհաննես Թամամյանը խորհրդի անդամներին հրավիրեց բանակցությունների՝ համոզելու, որ երթն անցկացնենք մայթերով։ Բանակցություններն ընթացան շատ բուռն բանավեճով։ Ամենաարմատական բանավիճողը Նիկոլ Փաշինյանն էր։ Այլևս իրավական փաստարկներ չունենալով` Թամամյանն ասաց մոտավորապես հետևյալը․

  • Հարգելիներս, ի՞նչ եք ինձնից պահանջում։ Հասկացեք, ես միլիցիա եմ, կոմունիստների ժամանակ ծառայել եմ կոմունիստներին, ՀՀՇ- ի Ժամանակ էլ ՀՀՇ-ին՝ Վանոյի ցավը տանեմ, հիմա էս իշխանությանն եմ ծառայում, դուք եկեք իշխանության՝ ձեզ ծառայեմ։

Հ.Գ. 1. Ես չեմ մեղադրում Նիկոլ Փաշինյանին։ Այս գործողությունները իշխանությունն ամրապնդելու քայլեր են, բնորոշ ցանկացած քաղաքական գործչի, ով որևէ կերպ՝ ընտրությունների, հեղաշրջման կամ հեղափոխության միջոցով հասել է իշխանության։ Համոզված եմ` այդպես կվարվեր յուրաքանչյուրը, այդ թվում և ես։ Այսպիսին է իշխանության հասնելու և այն ամրապնդելու տեխնոլոգիան, որը հանրությանը կարող է մատուցվել տարբեր փաթեթավորումներով՝ ժողովրդի իշխանություն, հանուն հայրենիքի և այլն։

  1. Իմանալով, ինչպես հիմնականում բոլոր ոստիկանները, այնպես էլ Հունան Պողոսյանը հաճախ կատարել են օրվա իշխանության ,որպես կանոն, անօրինական հրահանգները` անձամբ Հունան Պողոսյանի նկատմամբ բացասական տրամադրված չեմ։ Ավելին, 2016թ․ հունիսի 18-ին, Ազատության հրապարակում Սասնա ծռերին աջակցող ցուցարարների և ոստիկանության բախումը կանխարգելվեց իմ և Հունան Պողոսյանի բանակցությունների արդյունքում և ձեռք բերված պայմանավորվածությունները խախտվեցին ոչ թե ոստիկանության, այլ ցուցարարների կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter