HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրք լուսանկարիչը ցուցահանդեսով է միանում ներողության ակցիային

Թուրքիան միայն թուրքերին չի պատկանում, Թուրքիան այնտեղ ապրող բոլոր էթնիկ խմբերինն է, այդ թվում նաեւ հայերինը, քրդերինը, լազերինը, թաթարներինը եւ այլն, եւ բոլոր խմբերը հավասար են: Սա թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրակի լուսանկարների «Էբրու» խորագիրը կրող շարքի հիմնական ուղերձն է, որը լուսանկարիչը ցանկանում է հաղորդել մարդկանց:

«Էբրու»-ն լուսանկարչական նախագիծ է Թուրքիայում գոյություն ունեցող մշակութային բազմազանության մասին, որի իրականացման համար Աթթիլա Դուրակը 7 տարի շրջել է Թուրքիայի քաղաքներով ու գյուղերով: Լուսանկարիչն այժմ Հայաստանում է, եւ մայիսի 5-ին «ՆՓԱԿ»-ում տեղի կունենա ցուցահանդեսի բացումը:

Աթթիլա Դուրակը նախագծի վրա սկսել է աշխատել 2000 թվականից, բայց գաղափարն ավելի վաղ է ծնվել, դեռեւս երիտասարդ տարիներին: Աթթիլան պատմում է, որ երբ երեխա է եղել, Թուրքիայում ապրող էթնիկ խմբերի նկատմամբ բացասական վերաբերմունք է նկատել, նրանք միշտ տարբերվել են եւ այդ պատճառով խնդիրներ ունեցել: «Թուրքիայում տեսակետ կա, որ Թուրքիան թուրքերին է պատկանում: Բայց ես այս նախագիծը չսկսած' մտածում էի, որ այստեղ սխալմունք կա, եւ պետք է փոխել այդ տեսակետը: Ես ցանկացա իմ աչքով տեսնել, որ ավելի լավ հասկանամ, թե ինչպիսին է իրականությունը»,- ասում է Աթթիլան:

 Աթթիլան անցել է 250 հազար կմ, հայտնաբերել Թուրքիայում ապրող 44 էթնիկ խմբերի, արել ավելի քան 2000 լուսանկար, եւ ծնվել է «Էբրու» նախագիծը: Հիմա Աթթիլան հասկացել է, որ Անատոլիայում 44 առանձին էթնիկ խմբեր կան, որոնց թեկուզ թուրք են ասում, սակայն նրանք իրականում թուրք չեն: Հետեւաբար, Թուրքիան ինչքան որ թուրքերինն է, այդքան էլ հայերինը, չերքեզներինը, քրդերինը եւ էթնիկ մյուս խմբերինն է, չնայած բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են: Նախագծի մեկնարկից հետո Թուրքիան աստիճանաբար սկսել է փոխվել լուսանկարչի աչքում: Այդ ընթացքում Թուրքիայում էլ են որոշակի դրական փոփոխություններ կատարվել, ինչի արդյունքում էթնիկ խմբերի ներկայացուցիչներն արդեն չեն խուսափում խոստովանել, որ իրենք քուրդ են, լազ կամ թաթար: «Էբրու»-ն արվեստի անվանում է. ջրի վրա թուղթ են դնում, յուղաներկով նկարում, երբ թուղթը հանում են, բոլոր գույները միախառնվում են ջրի վրա: Աթթիլան սա օգտագործել է որպես մետաֆոր' իր նախագիծն այդպես անվանելով: Բացատրում է, որ Թուրքիան խճանկար են անվանում, մինչդեռ խճանկարը իրարից բաժանող գծեր ունի: «Մենք' 44 խումբը, իրարից զատ չենք, մենք իրար մեջ ենք մտած' ճիշտ էբրուի պես,- նկատում է Աթթիլան եւ հավելում,- սա Թուրքիային ծանոթացնլու նախագիծ չէ, այլ բացատրություններ տալու: Ամեն մարդ պետք է ինքն իրեն հարց տա իր ապրած երկրի ու իր մասին»: Լուսանկարիչը նշում է, որ յուրաքանչյուր երկրում էլ նույն ընկալումը կա' էթնիկ մյուս խմբերին միշտ այլ աչքով են նայում: «Ես Թուրքիայի մասին եմ պատմում, բայց սա կարծես թե միջազգային պատմություն է' առկա բոլոր երկրներում»,- հավելում է Աթթիլան:

Հրատարակվել է նաեւ «Էբրու. արտացոլումներ մշակութային բազմազանության մասին» վերնագրով գիրքը: Իր լուսանկարների ցուցադրությունը սկսելով Ստամբուլից եւ Անատոլիայից' հասել է Գերմանիա: Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին մասնակցելուց հետո ցուցադրություն է եղել նաեւ Ֆրանսիայում եւ եվրոպական մի շարք քաղաքներում, այնուհետեւ' ԱՄՆ-ում: Մինչ օրս «Էբրու»-ի 26 ցուցահանդես է կազմակերպվել: Հայաստանը 27-րդն է:

 Հարցին' ինչո՞ւ է որոշել հատկապես Հայաստանում ցուցահանդես կազմակերպել, Աթթիլան պատասխանում է, որ կողք-կողքի ապրող երկու ազգեր իրար չեն ճանաչում: Թե Թուրքիայի, թե Հայաստանի կառավարությունները ջանքեր են թափում' իրենց ուզածը հասարակությանը հրամցնելու եւ սովորեցնելու: Հայերի համար թուրքերն են թշնամի, թուրքերի համար' հայերը: «Բայց եթե մի հայ ինձ ճանաչի, իմ նկատմամբ թշնամություն չպետք է տածի»,- ասում է Աթթիլան եւ օրինակ բերում իր ամենամոտ ընկերներից մեկին, ով ֆրանսահայ է: Ծանոթացել են «Էբրու»-ի շրջանակներում, հիմա շատ մտերիմ են: «Առաջին անգամ է, որ թուրք եմ ճանաչում, եւ դու ես»,- ասել է Աթթիլային ֆրանսահայ ընկերը: Մինչդեռ նա նախկինում ատել է թուրքերին, բայց հիմա կարծիքը փոխել է. ասում է, որ եւ լավ, եւ վատ թուրք կա, ինչպես բոլոր ազգերում են լավ ու վատ մարդիկ լինում: Հիմա նա փորձում է ճանաչել Թուրքիան, այցելում է ընտանիքով:

Աթթիլան կարծում է, որ այսպիսի ցուցահանդեսների միջոցով մարդիկ իրար մոտ են գալիս' երկխոսության հնարավորություն են ունենում: «Մենք էլ ձեզ նման մարդիկ ենք, հույզեր ունենք, ուրախություններ, տխրություններ, ուտում ենք, ապրում ենք ձեզ նման: Մենք հասկանում ենք հայերի ցավը: Այս ցավը միայն մեկ ճանապարհով կարելի է նվազեցնել' իրար մոտ գալ եւ խոսել»,- ասում է Աթթիլան եւ միեւնույն ժամանակ նշում, որ ցուցահանդեսը ամեն ինչ չի փոխի, բայց քայլ է դեպի դրական փոփոխություն: Աթթիլան ավելացնում է, որ այդ ցավը մեղմելու բախտ չունեն, այդ ցավը հայերն ապրել են ավելի քան 90 տարի առաջ: Այն չի կարելի նաեւ մոռանալ: «Պետք է միշտ հիշենք, հիշելով ուրիշ ավելի մեծ ցավերի արգելք կարող ենք լինել: Այս ցավը միշտ արգելք է լինում, որ երկու ժողովուրդներն իրար մոտ գան եւ բարեկամաբար ապրեն: Ինչ էլ անենք' ցավը չի նվազի, բայց կարելի է ջանալ իրար հասկանալ»,- կարծում է լուսանկարիչը:

 Վերջին տարիներին նա փոփոխություններ է նկատել, մատնանշում է թուրք մտավորականների նախաձեռնած ներողության ակցիան, ասում, որ տարբեր հասարակական խավեր ջանքեր են թափում այդ ցավը հասկանալու համար: «Դա (նկատի ունի ներողության ակցիան - հեղ.) ցավը նվազեցնելու համար չէր, դա ցավը միասին ապրելու համար էր»,- կարծում է Աթթիլան: Հարցին' միացե՞լ է ներողության նշած ակցիային, պատասխանում է, որ ակտիվիստների խմբում է եղել, բայց ստորագրություն չի դրել բոլորովին այլ պատճառներով: «Իմ ներողության ստորագրությունը այստեղ գալով եւ այս ցուցահանդեսը բերելով եմ դնում»,- ամփոփում է Աթթիլա Դուրակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter