HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ԿՏԱԿ-ը ստեղծել է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի նոր տարբերակ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում ստեղծել է նոր տարբերակ, որի մեջ ներառում է նաեւ ծնողների եւ ուսուցիչների համար նախատեսված էլեկտրոնային օրագիր եւ դպրոց ընդունվելու հայտագրման համակարգ։

Համակարգի ներկայացման ժամանակ ներկա էր նաեւ ԿԳ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, որն իր ելույթի ընթացքում շեշտեց, որ նախարարությունն ամբողջությամբ չի օգտագործում ԿՏԱԿ-ի տեխնոլոգիաներն ու ռեսուրսները։

Կարեւորեց տվյալների հավաքագրումն ու վերլուծումը, նշեց, որ դրանք հետագայում կարող են կրթության քաղաքականության որոշումների մեջ օգտագործել։

Նախարարի տեղակալը հավելեց, որ դպրոցների համար էլեկտրոնային համակարգի նոր մեթոդները պարտադիր կլինեն, քանի որ 2019-ի հունվարից սկսած` դպրոցների ֆինանսավորումը կլինի ըստ ներկայացված տվյալների եւ ցուցանիշների։

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը հանդիպման մեկնարկին հայտնեց, որ սեմինարի նպատակներից մեկն է մարզային վարչություններում տեղի ունեցած կադրային փոփոխությունից հետո ոլորտում աշխատողների հետ ծանոթանալ եւ ներկայացնել ԿՏԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները, նորությունները, ինչպես նաեւ լսել առաջարկներ մասնակիցների կողմից՝ կենտրոնի աշխատանքն ավելի համակարգված դարձնելու համար։

Կենտրոնի կրթության տեղեկատվական, վերլուծական բաժնի պետ Սյուզի Մաշուրյանը ներկայացրեց «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» աշխատանքը։

Սյուզի Մաշուրյանն անդրադարձավ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի նոր տարբերակին, խոսեց դպրոցների էլեկտրոնային, անվտանգության քարտեզների մասին, էլեկտրոնային օրագրի մասին։ Էլեկտրոնային օրագիրը գործիք է, որի միջոցով ծնողը կարող է հետեւել երեխայի ուսումնառության ընթացքին, ինչպես նաեւ կապ հաստատել դասավանդող ուսուցիչների հետ։ Այն հնարավորություն կտա դպրոցում սովորող աշակերտի կիսամյակային գնահատականները եւ ամփոփաթերթը ներմուծել էլեկտրոնային համակարգ։ Էլեկտրոնային օրագիրը կգործի հաջորդ կիսամյակից։

Տիկին Մաշուրյանն ասաց, որ իրենց գլխավոր նպատակն է տեղեկատվությունը դարձնել մատչելի բոլորի համար։

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ կրթության կառավարման այս համակարգը ամբողջացնելուց եւ տեղեկատվությունն ամբողջությամբ մշակելուց հետո կրթության ոլորտում աշխատողները տվյալները կմուտքագրեն միայն այդ համակարգի մեջ եւ այլ համակարգերից օգտվելու կարիք չի լինի։

Արտակ Պողոսյանը հավելեց, որ թեեւ դպրոցների ու աշակերտների թվի վերաբերյալ կենտրոնը կատարել է հետազոտություններ, սակայն կրթության կառավարման տեղեկատվական միասնական նոր տարբերակի շնորհիվ կունենան ավելի ճշտգրիտ տեղեկատվություն, որը միայն թվերով չի սահմանափակվի, այլ կլինի անհատականացված։ Համակարգ մուտք գործելու համար կտրվեն նույնականացման կոդեր։

 «Էլեկտրոնային հարթակի արդյուքնում պետք է մշակվի պետական քաղաքականություն կրթության ոլորտում, որը սկսվում է նախադպրոցական մակարդակից մինչեւ բուհական եւ հետբուհական կրթություն։ Հարթակը հնարավորություն է տալիս հավաքել տեղեկատվություն աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, ուսումնական պլանների մասին, որի հիման վրա կձեւավորվի հաշվետվություն թե’  պետական քաղաքականության համար, թե’ տարաբնույթ վերլուծությունների համար»։

Խոսեց նաեւ դպրոցներում մասնագետների պակասի մասին, հավաստիացնելով, որ տվյալները, որոնք հավաքագրվում են, հնարավորություն են տալիս կոնկրետ իմանալ՝ ինչ առարկաներ դասավանդող ուսուցիչների պակաս է նկատվում։ «Սա հնարավորություն կտա սկսել քննարկումներ` կապված դպրոցներում ուսուցիչների ապահովման կամ հեռավար ուսուցման համակարգ ստեղծելու մասին»,- հայտնեց կենտրոնի տնօրենը։ Ըստ նրա` հեռահար ուսուցումը, որի առաջին փորձերը կատարել է կենտրոնը թույլ կտա 10-ից քիչ աշակերտ ունեցող դպրոցներին շարունակել աշխատանքը։

Սեմինարի ընթացքում ներկայացված նոր գործիքներից էր նաեւ դպրոցներում երեխաների հայտագրման էլեկտրոնային համակարգը, որի շնորհիվ ծնողն ինքը կկարողանա երեխային հայտագրել նախընտրած դպրոց, սա հնարավորություն կտա կատարել դպրոցներում աշակերտների թվի հավասար բաշխում եւ գերծանրաբեռնված դպրոցներ չեն լինի։ Մուտք գործելու համար ծնողը պետք է գրանցվի եւ ներմուծի իր եւ երեխայի անձնական տվյալները։

Արտակ Պողոսյանն անդրադարձավ նաեւ կենտրոնի գործունեության մի քանի ճյուղերին, խոսեց դպրոցներին մատակարարվող համացանցի եւ հակավիրուսային համակարգի մասին՝ ընդգծելով, որ այն մաքրում է համացանցը ոչ պատշաճ բովանդակությունից եւ Հայաստանի տարածքով մեկ դպրոցներին տրամադրում ինտերնետ։

Մեկնաբանություններ (3)

Հեղինե
Բարեւ ձեզ։ Խնդրում եմ ասեք, եթե հեռախոսով ենք մտնում էլեկտրոնային օրագիր, դուրս գալուց ինչպես պետք է պակենք էջը, նոր դուրս գանք? Նախապես շնորհակալություն։
էԼԼԱ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ աշխատանքի համար
Լուսինե
Ինչի չեն գործում հիմա այս ծրագիրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter