HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնողում ապօրինի անտառահատումները հովանավորում է համայնքապետ Դավիթ Ղումաշյանը. ահազանգում է անտառապետը

Արդեն  մեկ ամսից ավելի է` Շնող համայնքի ավագանու անդամ Վիգեն Սարգսյանն իր թրթուրավոր տրակտորով օրը ցերեկով ապօրինի անտառահատումներ է իրականացնում Շնողի անտառապետության  Գուլաբի և Չնգլի ձոր հանդամասերի անտառներում: Վիգեն Սարգսյանին հովանավորում է համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Վերջինս իր մոտ երկու անգամ ժողովի է հրավիրել Շնողի անտառապետության անտառապետ Վարուժան Մաշինյանին և հայտարարել. «Վիգենը պետք է անտառից փայտ բերե, Վիգենին բան ասողը ինձ հետ գործ կունենա»:

Անտառապետ Վարուժան Մաշինյանը այդ մասին տեղեկացրել է «Լալվարի անտառտնտեսության» տնօրինությանը և ոստիկանության Թումանյանի բաժնին: «Ես անձամբ երկու անգամ գնացել եմ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի մոտ, խնդրել եմ անտառից հանել Վիգենի տրակտորը, սակայն բողոքից հետո Վիգենը իր տրակտորը ընդամենը Շնողի Գուլաբի անտառից տեղափոխել է Չնգլի ձորի անտառ»,- ասում է Լալվարի անտառատնտեսության տնօրեն Հարություն Ամիրջանյանը:

Հոկտեմբերի 18-ին` ժամը 12-ի սահմաններում, Շնողի համայնքապետարանի աշխատակից Վասո Սարգսյանը երկաթյա ձողով զինված իր ավագ որդու՝ Արմեն Սարգսյանի հետ ինձ և  ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Հարություն Ամիրջանյանին խոչընդոտեց մտնել Շնողի Գուլաբի հանդամասի անտառ: Վասոն Վիգեն Սարգսյանի հայրն է: Անտառի եզրին հայր ու որդի, ձեռքերը թափահարելով, Հ. Ամիրջանյանից պահանջում էին կանգնեցնել ավտոմեքենան: Շնողի անտառների անվտանգության թիվ մեկ պատասխանատուն ձեռքի տակ պաշտպանվելու որևէ միջոց չուներ, ուստի արագ  շրջադարձ կատարեց և անտառի հատատեղերի անանցանելի մոտ 10 կմ ճանապարհը մեծ արագությամբ անցնելով՝ հայտնվեց Շնողի Մանստև հանդամասում:

Վասոն և իր տղան շուրջ մեկ կմ ճանապարհահատվածով հետապնդեցին անտառտնտեսության «Նիվային» :

Մանստևում անտառտնտեսության ավտոմեքենայի ընթացքը սկսեցին խոչընդոտել դեպի Գուլաբի հանդամաս շտապող 5-6 «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ: Համայնքապետարանի ծառայողական ավտոմեքենայով Գուլաբ գնացող ճանապարհին հայտնվեց նաև Դավիթ Ղումաշյանը: Վերջինս Գուլաբի անտառում կատարված ապօրինի անտառահատումների բացահայտման մտավախությամբ կազմակերպել էր հետապնդումը և շտապում էր այնտեղ: Դ. Ղումաշյանը մի պահ իր ավտոմեքենան քշեց անտառտնտեսության ավտոմեքենայի ուղղությամբ: Անտառտնտեսության տնօրենը մի կերպ շրջանցեց համայնքի ղեկավարի «Նիվան»:  Անտառում լրագրողական աշխատանքս խոչընդոտելու և հետապնդվելու համար հոկտեմբերի 18-ին հայտարարություն ներկայացրի ոստիկանության Թումանյանի բաժին:

Շնողի անտառապետության անտառապետ Վարուժան Մաշինյանը «Հետք»-ին պատմեց, որ Դավիթ Ղումաշյանին 8 խմ թափուկ վառելափայտի օգտագործման տոմս է տվել: Տոմսը համայնքի ղեկավարին տալիս անտառապետը զգուշացրել է, որ պետք է թափուկը տեղափոխի անտառից: Դ.Ղումաշյանը հոկտեմբերի 13-ին նոր հատված շինափայտ է հանել անտառից:

«Համայնքապետի բերած փայտին, որ մտիկ ես անում,  դա վառելափայտ չէ: Հո իմ ասելով չի: Ես ասեմ-չասեմ համայնքի ղեկավարի փայտը շինափայտ է: Կլի մի 10 խմ-ից ավել փայտ է բերել»,- ասաց Վարուժանը:

Դավիթ Ղումաշյանի կողմից թափուկ վառելափայտի տոմսով անտառից շինափայտ տեղափոխելու մասին նա հենց հոկտեմբերի 13-ին տեղյակ է պահել անտառտնտեսության տնօրեն Հարություն Ամիրջանյանին: Վերջինս հոկտեբերի 15-ի գրությամբ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին հայտնել է Շնող համայնքի ղեկավարի կողմից ապօրինի ծառահատման մասին: Անտառապետ Վարուժանի ասելով` արդեն մեկ ամսից ավելի է Վիգեն Սարգսյանը իր թրթուրավոր տրակտորով Շնողի Գուլաբի հանդամասի անտառում փայտի գործ է անում:

«Ես տեսել եմ, Վիգենին Գուլաբի անտառից փետը բերելիս»,- պնդում է  անտառապետը:

Նրա խոսքով` համայնքի ղեկավարը երկու անգամ ժողով է արել, իրեն էլ հրավիրել է այդ ժողովներին. «Դավիթ Ղումաշյանն ինձ ասավ Վիգենի հետ գործ չունեք, Վիգենի տերը ես եմ: Գեղացոնց քոմագ է անում ու անել տի: Թող մեկը ռիսկ անե, Վիգենին ոտն անե, ասե էս մարդը խի է փետ բերում: Ես դրա պատասխանը կտամ»,- պատմեց  Վ. Մաշինյանը:

Գյուղացիներին օգնելու նպատակով անտառում տրակտոր աշխատացնելու դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր էր պաշտոնական գրությամբ անտառտնտեսության տնօրենից խնդրել աշխատանքի կազմակերպման թույլտվություն և աջակցություն: Դավիթ Ղումաշյանը, սակայն դրան չի գնացել: Հարություն Ամիրջանյանի ասելով` Վիգեն Սարգսյանի կողմից վերջին մեկ ամսում Շնողում մոտ 200 խմ վառելափայտ է վաճառվել: Լալվարի անտառտնտեսության գլխավոր անտառապետ Արտեմ Անթանեսյանի ասելով` անտառապետ Վ. Մաշինյանն իրեն պարբերաբար տեղեկացրել է, որ Դավիթ Ղումաշյանը մարդիկ է ուղարկում իր մոտ և պահանջում է առանց փաստաթղթի փայտանյութ հատկացնել նրանց :

«Համայնքի ղեկավարն անտառապետի մոտ հոխորտացել է, թե անտառում ինչ ուզենա, այն էլ կանի: Մենք Վ. Մաշինյանի տեղեկությունից հետո խնդիրը քննարկել ենք, գրություն ենք ուղարկել ոստիկանություն»,- պատմեց Ա. Անթանեսյանը:  

Վ. Մաշինյանը իր ղեկավարներին նաև տեղեկացրել է, որ Դավիթ Ղումաշյանի մարդիկ վերջին մեկ ամսում պարբերաբար  անցուդարձ են անում անտառում: Թափուկ փայտանյութի տոմսով համայնքի ղեկավարի անտառից հանած շինափայտը լուսանկարեցի  նրա տան բակում: Վերադառնալիս Դ. Ղումաշյանին հանդիպեցի գյուղամիջում, ասացի՝ աշխատում եմ Շնողի տարածաշրջանում, հանդիպելու եմ իրեն, հարցերի պատասխաններ ստանալու համար:  

Հենց դրանից հետո Դավիթ Ղումաշյանը  որոշել է մեր առաջ փակել անտառ տանող ճանապարհը: Անտառտնտեսության տնօրենի հետ հոկտեմբերի 18-ին կարողացանք շրջել միայն Չնգլի ձոր հանդամասի անտառում: Անտառի կենտրոնում կանգնած էր Վիգեն Սարգսյանի թրթուրավոր տրակտորը, որի մոտ նոր պատրաստված փայտանյութ էր թափված: Մեր ուշադրությունը գրավեց տրակտորի ճոպանը:

« Ճոպանը ամրացնում են ծառին և տրակտորով  քաշում, կանգած ծառը արմատախիլ է լինում: Փայտի գողերը դա ներկայացնում են որպես ընկած ծառ»,- բացատրեց  Հ. Ամիրջանյանը:  Անտառի ընկած ծառը քարշ տալիս փչացրել էին 5-ից ավելի մատղաշ ծառեր:

Չնգլի ձորի անտառի ճանապարհին մենք հանդիպեցինք թափուկ վառելափայտ տեղափոխող մեկ բեռնատարի: Փայտի տերը` շնողցի Ա. Հոբոսյանը, նկատելով անտառտնտեսության տնօրենին, կանգնեցրեց  բեռնատարը և թափուկ փայտ տեղափոխելու տոմսը ձեռքին մոտեցավ Հ. Ամիրջանյանին և այն  ներկայացրեց նրան: Չնգլի ձոր հանդամասի անտառը դիտարկելուց հետո շարժվեցինք դեպի Գուլաբի հանդամասի անտառ: Այստեղ էլ  իր ավագ որդու հետ մեզ սպասում էր Վասո Սարգսյանը: Անտառտնտեսության տնօրենը պատմեց, որ համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը բնակչության շրջանում հայտարարում է, թե այս տարածքի ու նաև անտառի տերն ինքն է:

Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 45 հոդվածով համայնքի ղեկավարը պետության պատվիրակած  լիազորություններով պարտավոր է վերահսկողություն իրականացնել բնության պահպանության բնագավառում, այդ թվում` կազմակերպել ընդերքի, անտառային, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունը: Դավիթ Ղումաշյանը տեղյակ չէ անտառի պահպանության գործում պետության պատվիրակած իր լիազորություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter