HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շախմատ, Ազատություն, Սեր. իրադարձություններով լի շաբաթ

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Այստեղ՝ կլոր բանտում, վերջին շրջանում բոլորը քննարկում են առաջիկա համաներումը՝ ամեն մեկը մտածում է՝ իր վրա արդյոք կտարածվի, թե՝ ոչ, մանավանդ, որ հայտարարվել է, թե աննախադեպ համաներում է լինելու: Ցմահ բանտարկյալներս նույնպես սպասման մեջ ենք:

Այս կլոր ու փակ պատերի մեջ, որտեղ իրադարձություններ սովորաբար քիչ են լինում, վերջին օրերին սովորականից աշխույժ է: Հիմա թվարկեմ՝

1. ցմահ ազատազրկվածների շախմատի առաջնություն,
2. ցմահ ազատազրկվածի առաջին պայմանական ազատումը,
3. քրեակատարողական համակարգի աշխատողի օր:
Իսկ ազատության մեջ՝ գրքի շնորհանդես...

Շնորհավորանքների ու շնորհակալությունների առիթները շատ են: Նախ շնորհավորում եմ պայմանական վաղաժամկետ ազատված Կարեն Օգանեսյանին: Թե՛ բանտում, թե՛ ազատության մեջ այդ իրավական մեխանիզմի կիրառման համար տարիներ շարունակ պայքարած ու պայքարող դատապարտյալներին, նրանց ընտանիքիներին ու իրավապաշտպաններին:

Շնորհավորում եմ Քրեակատարողական աշխատակցի օրվա առթիվ ՔԿ համակարգի ներկայացուցիչներին: Օրը, կարծես, առաջին անգամ է նշվում: Համենայնդեպս, չեմ հիշում նման առանձնացված օր այս 22 տարվա ընթացքում, ինչ ես եմ այստեղ: Թող մասնագիտական և սովորական օրերին սեփական աշխատանքից բավարարվածության զգացումը Ձեզ ուղեկցի:

Ստացա առաջին մրցանակ ցմահ ազատազրկվածների միջև շախմատի առաջնությունում: Անկեղծ՝ չէի սպասում, թե կհաղթեմ. երկար ժամանակ չէի խաղացել՝ Սլավոնական համալսարանում սովորելու վերջին 5 տարիներին հաստատապես: Բանտի պետ Էդուարդ Գրիգորյանի կողմից առաջին երեք տեղերը զբաղեցրածներին տվեցին շնորհակալագրեր:

Կարևոր իրադարձություն տեղի ունեցավ իմ կյանքում այս պատերից դուրս: Իսահակյանի գրադարանում Դուք ներկա եղաք Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» ռուսերեն առաջին թարգմանության շնորհանդեսին: 6 գիրք, 6 շնորհանդես… այդ օրերին հատկապես բանտի բատերից երևակայելով դուրս եմ գալիս ու հայտնվում ֆիզիկական ազատության մեջ: Երեկոյան էլ հեռուստացույցով տեսա հատվածներ: Գիտեմ, որ 50-ից ավելի գիրք է վաճառվել նույն օրը ու հիմա էլ վաճառք կա «Նոյան Տապան» գրախանութում: Գիրքը վերջապես ես էլ տեսա: Լավ է ստացվել՝ շապիկը, տպագրությունը… հարազատներս փոխանցեցին նաև Լեռ Կամսարի թոռնուհու`Վանուհի Թովմասյանի նամակը հրապարակված «Հետք»-ում: Սիրելի Վանուհի, անպայման կգամ Ձեր նշած հասցեով ու միասին բաժակ կբարձրացնենք`պատվելով Կամսարի լուսավոր հիշատակը:

Իսկ հիմա` հատված իմ նամակից, որը շնորհանդեսին կարդաց մայրիկիս.

«Կամսարին դավաճանեցին ընկերները, երես թեքեցին քաղցր խոսքեր ասող-գովաբանողները... բանտ նետեցին: Ինչու՞... որովհետև չէին ուզում հանդուրժել իրենցից տարբերվողին, առավելին: Իսկ բանտը հավասարեցնում է բոլորին, կոտրում է բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում բանտային օենքները, որովհետև բանտը մարդկանց փորձում է դարձնել միատեսակ գորշ: Նույնն անում են ֆիզիկական ազատության մեջ՝ ինքնատիպ, սեփական գույնն ունեցող, պայքարող մարդկանց հետ: Պարզապես մարդկային մտքի ամենավատ ստեղծագործության՝ բանտի միջոցով դա արվում է ավելի արագ ու դաժան:
Համոզված եմ, որ բանտախցի ոջիլներով, ծխախոտի թունդ ծխով, անիմաստ խոսակցություններով շրջապատված օրերին Կամսարի միակ ընկերը եղել է իր «Բանտիս օրագիրը»:

Նա այնքան անկեղծ ու պարզ է գրել, որ թարգմանելիս բանտախցում նստած ես հայտնվում էի նմանատիպ երկրորդ բանտի մեջ: Ասես, կախարդական դուռ էր բացվում, ու անցած դարի 30-ականնների բանտում էի հայտնվում և, Կամսարի հետ դեմ-դիմաց նստած, իրար ուժ էինք տալիս պայքարը շարունակելու համար:

Կամսարի տեսած 1930-ականների ու իմ տեսած՝ 1990-ականների բանտերը նույնն էին: Սովետական դարաշրջանից պահպանվել էր անգամ բանտային լեզուն, ռուսերեն բառերը՝ «Զավտրիկ, օբեդ, ուժին», «գլազը ու վալչոկը բացեցին», «Էսօր սվիդանի ա», «Պերեդաչի են բերել»... անմարդկային տանջանքները նույնպես նույնն էին, ստորացում, ռեժիմով ծեծ, սով: Այս ամենը հանցանք կատարածին ոչ թե ուղղում, այլ ստորացնում էին, միգուցե չարացնում, իսկ երբ անմեղին են փորձում նման չակերտավոր ուղղման ենթարկել, դա վեր է ածվում ողբերգական կոմեդիայի:

Չնայած ծնողներս միշտ մեջքիս կանգնած են եղել, պահպանել ֆիզիկական գոյությունս, հոգեպես ուժ տվել, ցավոք, նաև ինձ հետ տառապել ու շատ հաճախ մերժվել հասարակության կողմից, այնուամենայնիվ, եկավ մի պահ, որ քիչ էր մնում կոտրվեի, բայց... Հենց այդ ժամանակ Հրաշք տեղի ունեցավ. իմ կյանքում հայտնվեց Կին-Աղջիկը: Պատկերացնու՞մ եք, թե ինչ է անկեղծ Աստվածային Սիրով նվիրվել ցմահ բանտված մի մարդու, ումից, թվում է, թե Ճակատագիրը երես է թեքել... Կին-Աղջիկը դարձավ իմ գրքերի հերոսուհին՝ իմ կյանքի, իմ պայքարի հավատարիմ ընկերը, ինչպես հայրս էր ասում՝ իմ Մուսան:

Դատարանի դահլիճում տեղադրված վանդակի միջից հենց առաջին անգամ տեսա նրան, նայեցի կախարդական մեծ աչքերի մեջ, աննկարագրելի մեծ սիրով լցվեցի: Մեր Սիրո Լույսն է ծնում իմ բոլոր հաջողությունները, այսօր նաև «Բանտիս օրագրի» ռուսերեն թարգմանությունը:

Համոզված եմ, որ Լեռ Կամսարին ապրելու ուժ էր տալիս մինչև կյանքի վերջը նրան Սիրող ու հավատարիմ մնացած կինը, ով նրան էր նվիրել երեխաներ, և այսօր էլ մեզ հետ է «Բանտիս օրագրին» ու Կամսարի գրական ժառանգությանը նոր շունչ տված Կամսարի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը:

Շնորհակալ եմ Ձեզ, սիրելի Վանունի:

Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր ներկա եք շնորհանդեսին:
Վայելեք Ազատությունը և Սիրեք միմյանց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter