HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժիշկ- ձիերն աջակցության կարիք ունեն

Գալիզգան և Գոնդենը կարող են այլևս չբուժել, ուժ չտալ  առողջական տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին, որովհետև նրանց տերն ուզում է վաճառել նրանց: Գալիզգան և Գոլդենը բժիշկ – ձիեր են («Կենտավր») հիպոթերապիայի կենտրոնում: «Կենտավրի» մոտ մեկ տասնյակ ձիերի միջոցով ֆիզիկական և մտավոր տարբեր խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների համար անցկացվում է հիպոթերապիա: Այն կիրառվում է այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են մանկական ուղեղային կաթվածը, Դաունի համախտանիշը, սկոլիոզը, մտավոր հետամնացությունը, սրտի եւ ուղեղի կաթված և այլն: Ամբողջ բուժումն իրականացվում է ձիերի միջոցով: Քայլելիս ձիու ողնաշարը կատարում է նույնպիսի տատանումներ, ինչ մարդու ողնաշարը, ուստի ձին իր հեծյալին փոխանցում է շարժման ճիշտ ազդակներ:

Արագածոտնի մարզի Ուշի գյուղում գտնվող «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնն այսօր կանգնած է մի մեծ խնդրի առջև: Կենտրոնի ամբողջ տարածքի ու հինգ ձիերի տերն, ով վերջիններիս տրամադրել էր «Կենտավրին» (որի հիմնադիրները խոստացել են խնամել և հոգ տանել նրանց մասին), այսօր ֆինանսական խնդիրների պատճառով ցանկանում է վաճառել և՛ ձիերին, և՛ ամբողջ տարածքը:  Այս բժիշկ- ձիերից թերևս ամենաբախտավորը Գժելան է. նրան արդեն գնել է մի աղջիկ` այն պայմանով, որ Գժելան շարունակելու է մնալ  հիպոթերապիայի կենտրոնում և բուժել մարդկանց:  Գժելայի ընկերներին` Սաբինային, Սորբոնային, Գոլդենին և Գալիզգային ոչինչ չի մնում անել, քան համբերատար սպասելը: «Մենք շատ լավ հասկանում ենք տիրոջը. նա ֆինանսական խնդիրներ ունի, դրա համար էլ ցանկանում է վաճառել տարածքն ու ձիերին: Նա շատ է ուզում, որ հենց մենք լինենք գնորդը, բայց եթե նույնիսկ վաղը գնորդ հայտնվի, նա կվաճառի: Եթե մենք որևէ երաշխիք ունենայինք, որ կգտնենք այդ գումարը, նա կսպասի, բայց այժմ չկա այդ երաշխիքը»,- ասում է  «Կենտավրի»  հիմնադիր Հասմիկ Հովհաննիսյանը: Եթե  «Կենտավրը» կարողանա հայթայթել 50.000 դոլլար, ապա Հայաստանում կշարունակի գործել հիպոթերապիայի միակ կենտրոնը: Այս պահին ամենահրատապը  Գալիզգայի և Գոնդենի հարցն է. նրանք արդեն գնորդներ ունեն: Ձիերի տերը Գոլդենին ցանկանում է վաճառել 770. 000 դրամով, իսկ Գալիզգայի համար պահանջում է 385. 000 դրամ: Հասմիկն ու նրա ընկերները կենդանիներին ամեն գնով իրենց մոտ պահելու համար դրամահավաքներ են կազմակերպում` հույս ունենալով, որ կգտնեն անհրաժեշտ գումարը:

Երկար ժամանակ է անհրաժեշտ ձիերին հիպոթերապիայի համար նախապատրաստելու: Նրանց վարժեցնել է հարկավոր: Այս ձիերն արդեն իսկ բժիշկ են: Գժելան ծնվել է «Կենտավրի» ախոռում: Նրան սկսել են վարժեցնել հենց ծննդյան պահից: Նա Հայաստանում առայժմ միակ հիպոթերապիայի ձին է, որը պատրաստվել է հիպոթերապիայի համար իր կյանքի հենց ամենասկզբից: 

Ուշի գյուղը թերևս ամենաիդեալական վայրերից մեկն է, որտեղ մարդիկ կարող են բուժվել հիպոթերապիայի միջոցով: Մաքուր օդը, գեղեցիկ բնությունն ու ընդհանրապես այն միջավայրը, որտեղ ապրում են կենդանիները, բժիշկ- ձիերի հետ միասին նպաստում եմ հիվանդների ապաքինմանը: Փաքրիկ Անին 11 տարեկան է արդեն: Հիպոթերապիայի կենտրոն նա հաճախում է 8 տարեկանից: Անին մանկական ուղեղային կաթված ունի և թույլ մկաններ: Սկզբում նա վախենում էր ձիերից, և նույնիսկ չէր ցանկանում հեծնել նրան: Այսօր Անին արդեն հիանալի ձիավարում է: Մեծ կամքի ուժ ունեցող այս փոքրիկը քրտնաջան աշխատելու արդյունքում արդեն կարողանում է ինքնուրույն քայլեր անել: «Եթե Անին մի քանի տարի եռանդուն աշխատի, նա կկարողանա լիարժեք քայլել»,- ասում է Հասմիկը: Անիի և նրա նման շատ փոքրիկների միակ հույսն է հիպոթերապիայի կենտրոնը: Այստեղ նրանք գալիս են ոչ թե հերթական ձանձրալի բուժումը ստանալու, այլ գալիս են զվարճանալու: Այստեղ նրանք հաշմանդամ չեն: Այստեղի պայմաններն հարմարեցված չեն հաշմանդամների համար, և նրանք ամենուրեք անվասայլակներ չեն տեսնում: Նրանք չեն լսում այս ամենօրյա խոսքերը. «չե՛ս կարող, սպասի՛ր օգնեմ քեզ, այսպե՛ս արա…»: Այստեղ նրանք ձիավարում են, նրանք կառավարում են ձիուն, մեծ հպարտությամբ ձիավարման  տարրական կանոններն են սովորեցնում նրանց, ովքեր առաջին անգամ են նստում ձիու վրա: 

Հ.գ. «Կենտավր» հիպոթերապիայի եւ ձիասպորտի ասոցիացիան այժմ ամեն ինչ անում է, որ Ուշիում շարունակի գործել Հայաստանում հիպոթերապիայի միակ կենտրոնը:  Կազմակերպվում են դրամահավաքներ: Առաջիկա դրամահավաքը տեղի կունենա հունիսի 29-ին ժամը 16:00 – 18:00 –ը Կասկադում` Թամանյանի արձանի մոտ:

                                                           Հաշվեհամար`  2050622016401001 (Ինեկոբանկ)

                                                                                      Նարինե Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter