Ձորագյուղում համայնքապետի ընտրություն է. մրցակից թեկնածուները պատրաստ են շնորհավորել հաղթողին
Այսօր համայնքապետի ընտրություն էր անցկացվում Լոռու մարզի Ձորագյուղ գյուղում: Համայնքապետի պաշտոնի համար մրցակցում էին Գուգարքի անտառտնտեսության Ձորագյուղի անտառապահ Վահրամ Հովսեփյանը և գյուղի հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ, 27-ամյա Արշակ Ռամազյանը: Ժամը 12:00-ի դրությամբ ընտրացուցակում ընդգրկված Ձորագյուղի 260 ընտրողներից ընտրությանը մասնակցել էր 29 ընտրող: «Առավոտ է, անասունի հետ մարդիկ աշխատում են, գործը վերջացնելուց հետո ընտրողների հոսքը կավելանա»,- բացատրեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Ընտրությունն անցնում էր նորմալ, բողոքներ և խախտումներ չէին արձանագրվել: Ժամը 18:00-ին Ձորագյուղում ընտրության մասնակցել է 133 ընտրող:
Ձորագյուղի ընտրատեղամասի տարածքը մեր այցելության պահին խաղաղ էր: Հերթապահում էին ոստիկանները: Ավտոմեքենաների և ընտրողների կուտակումներ չկային: Թեկնածուները զբաղված էին իրենց առօրյա կյանքով։ «Թավշյա հեղափոխությունից հետո սա մեր գյուղի առաջին ընտրությունն է»,- ասաց թեկնածու Արշակ Ռամազյանը:
Ձորագյուղում այսօր հանդիպեցինք համայնքապետի թեկնածուների հետ: «Բաներ կար, որ Ձորագյուղում դուրս չէր գալի: Ձորագյուղցիները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, երկու տարի է սկսել են հող մշակել: Ես աջակցելու եմ, որ կաթի վերամշակման արտադրամաս կառուցվի Ձորագյուղում, որ գյուղացիները գոնե մի 20 դրամով ավել վաճառեն իրենց կաթը: Հիմա մեկ լիտր կաթը վաճառում են 130 դրամով: Գյուղում լուսավորություն չկա: Գոնե մինչև ժամը 24:00-ն փողոցում լույս լինի: Խմելու ջրագծերի վթարների պատճառով ջրահոսքերը գյուղի ճանապարհները քանդում են: Մի սովորական քամուց էլեկտրասյուները ընկնում են, մենք էլ օրերով լույս չենք ենք ունենում»,- ասաց համայնքապետի թեկնածու Վահրամ Հովսեփյանը:
Արշակ Ռամազյանն ավարտել է Վանաձորի մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը: «Ուզում եմ իմ գյուղի համար լավ բան կատարել: Ես մտածեցի, որ ժողովրդի աջակցությամբ կարող եմ գյուղը ոտքի կանգնեցնել: Չէի ասի, թե Ձորագյուղը ծայրահեղ վատ վիճակում է: Սակայն, եթե ամեն ընտրված գյուղապետ ինչ-որ լավ բան կատարի, կարելի է գյուղը ավելի լավ տեսքի բերել»,- ասաց Արշակը: Վերջինս Ձորագյուղի կարևոր խնդիրը համարում է գազիֆիկացումը: «Եթե համայնքի ղեկավար ընտրվեմ, պետք է ամեն ինչ անեմ գյուղացիներին հողին կապելու համար»,- ասաց նա: Արշակի խոսքով՝ Ձորագյուղի վարելահողերը Աստծո հույսին են: Գյուղը ոռոգման ջուր չունի, Արշակը որոշել է համայնքապետ ընտրվելուն պես զբաղվել այդ հարցով: «Ես առաջին հերթին կբարելավեմ ձորագյուղցիների կենցաղային պայմանները: Մեր գյուղի լավ ավանդույթն այն է, որ գյուղացիները միմյանց նկատմամբ հոգատար են: Ես դա կարևոր արժեք եմ համարում»,- ասաց թեկնածուն: Արշակը հարգանքով խոսեց իր մրցակցի նկատմամբ: Ասաց՝ նրա ընտրվելու դեպքում անպայման շնորհավորելու է:
Ընտրող Լուսաշող Սիմոնյանը Ձորագյուղի կարևոր խնդիրը համարեց արտագաղթի կանխումը. «Ջահելությունը գյուղից հեռանում է աշխատանքի պատճառով»,- ասաց նա: Բազմազավակ մայր Գայանե Խաչատրյանն այս անգամ համայնքապետի ճիշտ ընտրությունը բախտորոշ էր համարում իր ընտանիքի և մյուս ձորագյուղցիների համար. «Մեր գյուղում ապրելակերպ չկա: Ձորագյուղցիները գյուղից փախչում են: Ձորագյուղում մեծահասակներն են մնում, մեկ էլ ով ճար չունի՝ նրանք: Ես բազմազավակ մայր եմ, 6 երեխա ունեմ, մեծ դժվարությամբ եմ պահում երեխաներիս: Գյուղում գրեթե բնակվող չկա, լրիվ տները քանդվում են»,- ասաց Գայանեն: Վերջինս կարծում է, որ գյուղը պետք է ընտրի համայնքապետի լավագույն թեկնածուին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել