Շոտլանդական «հագգըս»-ը կրկին Երևանում է
Արդեն տասնչորս տարի շարունակ Հայաստանում կազմակերպվում է Բըրնսի ընթրիք` նվիրված շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին: Երեկույթի նպատակը ոչ միայն ուրախ ժամանց կազմակերպելն է ներկաների համար, այլ նաև գումար հավաքագրել բարեգործական նպատակներով:
Բըրնսի ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք ունի և ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ «հագգըս» ուտեստն է, որը ավանդաբար Շոտլանդիայից Հայաստան է ժամանում Բըրնսի ընթրիքից մի քանի օր առաջ՝ հագգըս պատրաստող խոհարարի և շոտլանդացի պարկապզուկահարի ուղեկցությամբ:
Հունվարի 27-ին' ժամը 14:00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան դահլիճում շոտլանդական պարկապզուկի ուրույն երաժշտության ներքո «հագգըս» ուտեստը, ըստ ավանդույթի, հանդիսավոր կերպով կհանձնվի Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Քեթրին Լիչին:
Այս տարի Բըրնսի ընթրիքը կկայանա հունվարի 28-ին, ժամը 19:00-ին «Ֆլորանս» ռեստորանային համալիրում (հասցեն՝ Բարբյուսի 64/2):
Անցյալ տարի Բըրնսի ընթրիքի ընթացքում հաջողվեց հավաքագրել 27 000 ԱՄՆ դոլարին համարժեք հանգանակություններ, որոնք ուղղվեցին տարբեր բարեգործական ծրագրերին. ապահովվել է լեյկեմիայով հիվանդ երեխայի մեկ տարվա բուժումը (Էխո ՀԿ-ի հետ համատեղ), դիաբետով տառապող երեխաների համար գնվել են գլյուկոմետրեր (Երազ հիմնադրամ), ձեռք է բերվել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար զարգացնող սարքավորում (Եվրազիա համագործակցության հիմնադրամ), նորածինների համար հատուկ սարքավորում (Հայկական ակնաբուժության նախագիծ), աջակցություն է տրամադրվել սահմանային գյուղերում ապրողներին (Հայ Ձմեռ Պապ բարեգործական հիմնադրամ), Զատիկ մանկատան սաները մեկ տարի ուսանել են անգլերեն լեզու և համակարգիչ:
Հայաստանում Բըրնսի ընթրիքի կազմակերպիչներն են Հայ-բրիտանական գործարարության պալատը (ABBC, www.abbc.am) և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Միջոցառման հիմնական հովանավորներն են bmi ավիաուղիները, HSBC բանկը, Pernod Ricard Armeniaընկերությունը, ինչպես նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել