HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Արցախի կառավարությունն անշարժ գույք է վարձակալում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանցից

Այս տարվա հուլիսի 30-ին «Հետք»-ը տեղեկատվություն ստանալու նպատակով հարցում է ուղարկել Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին։ Խնդրել էինք տրամադրել 2012-2018 թթ. ընթացքում Կառավարության վարձակալած ու ձեռք բերած անշարժ գույքի ցանկը (ինչ գներով են դրանք ձեռք բերվել և որ նախարարությունների ու գերատեսչությունների օգտագործման համար): 

Եվ այսպես, վարձակալված ամենաբարձր արժեքով տարածքը պատկանում է «Ալյուս Գրուպ» ՓԲԸ-ին («Արմենիա» հյուրանոց)։ Ընկերությանը ԱԺ աշխատասենյակների համար տարեկան 39 մլն 600 հազար դրամ վարձավճար են մուծվում պետբյուջեից: Ըստ Արցախի Արդարադատության նախարարության Աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ պետական գրանցման պահին ընկերության հիմնադիրները եղել են Արմեն Սարգսյանը, Նելլի Մաթևոսյանը, Գալինա Սահակյանը և Լևոն Մնացականյանը: Ընկերության տնօրենն է Արմո Վալերիի Հակոբյանը:

Քաղաքացիական ծառայության խորհուրդը 2012 թվականից «Սիրկապ-Արմենիա» ՓԲԸ-ից վարչական շենք է վարձակալում: Եթե 2012 և 2013 թվականներին տարեկան վճարել է 1 մլն 706 հազար դրամ, ապա 2014 թվականից 6 մլն դրամ է վճարում:

2017 թվականից Ստեփանակերտի հրշեջ փրկարար մասի համար ԼՂՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը 4.187.400 տարեկան վարձավճար է տալիս Կասյան Դ.-ին, իսկ 2018-ից՝ 6.384.000 դրամ:  Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձի եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի տեղեկանքի՝ Շուշի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի հետ փոխկապակցված միակ անձը Դոնարա Կասյանն է, ամենայն հավանականությամբ՝ նույն Դ. Կասյանը: «Հետքը» փորձեց մի քանի անգամ կապվել Շուշի շրջվարչակազմի ղեկավարի հետ: Նա աշխատավայրում չէր:

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը 2013 թվականին 2.100.000 դրամ է հատկացրել «Հորիզոն» ՍՊԸ-ին Իրազեկման կենտրոնի գրասենյակի համար: Իսկ 2014-ին և 2015-ին՝ 4.200.000 դրամ: «Հորիզոն» ՍՊԸ-ի միակ հիմնադիրը և տնօրենը Լիլիթ Յուրիի Ղազարյանն է: 2015-2017 թթ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնը զբաղեցրած, իսկ 2017-ից ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար նշանակված Լևոն Ավետիսի Գրիգորյանի եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի տեղեկանքում միակ փոխկապակցված անձը հենց Լիլիթ Յուրիի Ղազարյանն է:

2015 թվականից Արցախի Արդարադատության նախարարությունը Մկրտումյան Հ.-ին 3.600.000 դրամ է մուծում Պետական ռեգիստրի գրասենյակի համար: ԱՀ արդարադատության նախարար Արարատ Աշոտի Դանիելյանի եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի տեղեկանքում միակ փոխկապակցված անձը ամուսինն է՝ Հասմիկ Նապոլեոնի Մկրտումյանը: ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Կամո Քոչարյանը հաստատեց, որ Մկրտումյան Հ.-ն Արարատ Դանիելյանի ամուսինն է, ու 2018 թվականից ներկայիս Պետական ռեգիստրի տարածքն անհատույց տրվել է Արդարադատության նախարարությանը:

Այլ վարձատու ընկերություններից է «Օլիմպ-1» ՍՊԸ-ն, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն այն վարձակալում է 2013 թվականից 3 մլն 750 հազար դրամով, որպես Ասկերանի հրշեջ փրկարար մաս: «Օլիմպ-1» ՍՊԸ-ի սեփականատերերն են Արամ Արմենի Կոստանդյանը և Ստելլա Շահուշի Միրզոյանը: Ընկերության տնօրենն է Լևոն Ալեքսանդրի Միրզոյանը:  Վերջինս չկար Արցախի ընտրողների ռեգիստրում, իսկ առաջին երկուսը գրանցված են Ստեփանակերտում:

Առաջին լուսանկարում՝ ԼՂՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի վարչական շենքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter