HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մուրադյանների ընտանիքը հավաստիացնում է՝ Տաշիրը հարմար է անասնապահության զարգացման համար

64-ամյա Միշիկ Մուրադյանն արդեն 40 տարի բնակվում է Լոռու մարզի Տաշիր քաղաքում: Ծնունդով Մեծավան գյուղից է, բայց ամուսնանալուց հետո տեղափոխվել է Տաշիր եւ կնոջ հետո  կառուցել իրենց երկհարկանի  տունը։ Բնակվում են երկու որդիների, հարսների եւ թոռների հետ։ Մուրադյանների ընտանիքը Տաշիրում հայտնի է որպես հմուտ ֆերմերների ընտանիք: Այստեղ անասնապահությամբ զբաղվելը ժառանգաբար հորից անցել է որդուն:

Միշիկ Մուրադյանի հայրն էլ է անասնապահությամբ զբաղվել, մայրը ԽՍՀՄ տարիներին կթվորուհի է աշխատել, Միշիկի կինը՝ տիկին Նազիկը, եւս մեծացել է անասնապահի ընտանիքում։ «Ես ծնվել եմ,  աչքս բացել եմ կով ենք պահել, հորանցս տանը պահել են, սկեսրայրենց տանը պահել ենք, մինչև էսօր»,- ասում է տիկին Նազիկը: Հիմա ամուսիններն իրենց ֆերման ունեն, որտեղ ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր գործն ունի։

Ֆերմայում ունեն կովեր, հորթեր, խոզեր և այլ կենդանիներ:

Մենք ֆերմա այցելեցինք, երբ կովերին կթում էին: Մուրադյանները բազմացնում են հոլանդական տեսակի կովեր` հաշվի առնելով բարձր կաթնատվությունը։ Բայց նպատակ ունեն նոր ցեղատեսակներ ձեռք բերել:

Կաթի քանակից չեն դժգոհում, միայն ասում են, որ կաթի փոշու ներկրման հետեւանքով կաթի գինը նվազել է: «Եղանակը որ լավ էղնի, գոհ ենք, որ լավ չեղավ, գոհ չենք լինի»,-ասում է տիկին Նազիկը։

Կաթը հանձնում են Տաշիրի կաթի վերամշակման գործարան, օրական ստանում են մոտ 150լ  կաթ: Անասունների գլխաքանակն ավելացնելու համար նոր տարածք է անհրաժեշտ` տան բակում կառուցած գոմը փոքր է: Անասունների մի մասը ձեռք բերելու համար վարկ են վերցրել։

Բացի անասնապահությունը, տնամերձ հողատարածքն ու ընտանիքին պատկանող արտն են մշակում:

Մուրադյանների ավագ որդին՝ Հրայրը, զբաղվում է ֆինանսական հարցերով, համակարգում աշխատանքը, հետևում վարելու, սերմեր գնելու, ցանելու գործընթացին։ Իսկ փոքր որդին հոր հետ անասուններին արոտավայր է տանում, հետեւում մաքրությանը, հարսներն էլ կովերին են կթում, մշակում այգին: Արտում ցանում են հիմնականում հացահատիկ ու կարտոֆիլ։

«Չորսն անց կեսին կարթնանան, հեր ու տղա կգան, կմաքրին, կավլին, կսրբին, տնտեսություն է, պիտի արթուն մնանք, եթե արթուն չմնացինք, հետո ձմեռը վեց ամիս ո՞նց պիտի նստենք, ապրենք, ուտենք»,- ասում է տիկին Նազիկը:

Տաշիրի բնակլիմայական պայմանները հարմար են անասնապահության զարգացման համար: «Կանաչը լավն է, Լոռի է, պարզ է, ջուրը կա, Տաշիր գետը գալիս է, գետի ջրից էլ անասունները ջուր են խմում»,- ասում է Միշիկը: Տիկին Նազիկը հավելում է, որ ամեն ինչ էլ չարչարանքով է ստացվում. «Մենք ոչ Ռուսաստան երթողն ենք, ոչ՝ արտասահման, մեր հող ու ջրի վրա ապրում ենք: Որ չարչրվիս, կարաս անես, որ սպասեցիր, երկնքից չի իջնի»։

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter