HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բալկոնում Արտո Թունչբոյաջյանն է (մաս 1)

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում Արտո Թունչբոյաջյանն է։

Արտո Թունչբոյաջյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

(այս հատվածն այս անգամ տեքստում ընդհանուր զրույցի մեջ գտի՛րառանձնացնելը խախտելու էր տեքստը)։

Արտո, երբ Ղարաբաղում հանդիպեցինք, զրուցեցինք, Բալկոն գալու մասին պայմանավորվեցինք, մտածեցի՝ տեքստը, որ պիտի հնչի այստեղ, ինչպես եմ փոխանցելու։

Բարդ է, երբ քո մտքերը չեմ կարողանալու ներկայացնել «քո լեզվով»։ Արեւելահայերենով չգիտեմ՝ ինչպես է ընկալվելուերեւի տեղ-տեղ պիտի «պահեմ» քեզ։

Մի անգամ ռադիոկայաններից մեկի հյուրն էի․ ուղիղ եթերով զանգեր էին գալիս, մի մարդ խիստ ձայնով հարցրեց՝ ինչու պարոն Արտոն չի խոսում արեւելահայերեն․ ես պատասխանեցի․ «Ի՞նչ ասեմ․ «նասկի, տռուսիկ, սամալյո՞տ»»․․․

Է՛, իմ բառերով մի գրի․ գրի քո բառերով։ Կարեւորը լսես ու միտքը բռնես։ Իմ ասածը ֆիզիկական ներկայության հետ կապ չունի։ Քո բառերով ներկայացրու այն, ինչ կասեմ․ այդպես ինձ համար ավելի լավ է, որովհետեւ ես միտքս հանգիստ ձեւով գործածելու եմ։ Դու այստեղ ես, բայց չլինես էլ, նույնն եմ ասելու, նույնն եմ խոսելու։

Մինչեւ ձայնագրելուն կանցնեի, զրույցն անսպասելի գնացայդ մասը թողնում եմ ինձ, քեզ, Բալկոնինշարունակենք․․․

Գիտեմ, որ միտքս առանց այս սարքի էլ բռնել ես․հանգիստ եմ․ դուն ալ հանգիստ եղիր, հասկացա՞ր։

Ի՞նչ էի ասում․ հա՜, հիմա ամեն բանի «light»-ը (թեթեւը) կա չէ՞․ «լայթ ստրուկ», «Մալբորո լայթ», «լայթ ռասիստ»։ Է՛ ես էլ էի «լայթ ռասիստ», որովհետեւ Թուրքիայից եկել էի Ամերիկա եւ բնական ձեւով «մի ընտանիքի պես» էի մեքսիկների, մյուս փոքրամասնությունների հետ։ Հոգեբանական այդ բանն ունեի դեռ Թուրքիայում․ բնական էր չէ՞։ Բայց ասացի՝ մի վայրկյան, ինչի դեմ ես պայքարում եմ, նույն ձեւով եմ պայքարում, նույն «ռասիստն» եմ, իսկ ես մեկի նկատմամբ իրական ատելություն չունեի, չէի ընտրում մեկին․․․ Ընտրեցիր արդեն մի կողմ ես գնում, մի ուղղությամբ, ու մյուսները դառնում են խանգարող կողմ։

Այս ամենի մեջ դու ինձ կհարցնես՝ Սերժ Սարգսյանին դեմ չէիր, ես էլ կասեմ, որ չէ, դեմ չէի․ ինքն արել է մի բան, կյանքն իրեն դրա պատասխանը «կմշակի», կտա։ Ես մարդուն անկեղծ ձեւով եմ ծառայում, էս է․ ուրախ եմ դրա համար, ուրախ եմ նաեւ, որ ապրել կարողացա։ Մարդու հիվանդությունն է սպանելը․․․

Ինձ հարցնում են՝ ապրիլի 24-ը սգի օր եք համարում․․․

Մի քանի հարցազրույցներում այս հարցը կա, որովհետեւ նախապես պատասխան ունեիր, որ ապրիլի 24-ը սգո օր չէ։

Է՛ հա, նայիր հիմա քեզ ուրիշ օրինակ տամ․ Շառլ Ազնավուրը մահացավ, ի՞նչ արեցինք․․․ Թաղեցինք։ Ո՞նց ճանաչեցինք Ազնավուրին․ կոշի՞կ էր ծախում, դրա համար ճանաչեցինք, չէ՛, մարդը հարյուրներով երգեր է գրել, դրանով գիտենք իրեն ու դրանով ենք հպարտանում։

Հիմա եկող տարի իր մահվան օրն ի՞նչ ենք անելու․ սգալու՞ ենք․․․Չէ՛․ իր մահվան օրը տոն պիտի դարձնենք, հեռուստատեսություններով պիտի հայտարարվի «մեկ, երկու, երեքը», ու մենք՝ ամեն մեկս մեր տեղում, Շառլի երգը պիտի սեղմենք․․․ Ով ինչ երգ ուզի, ինչ երգ ընտրի, որ անցնող ինքնաթիռների մեջ Շառլի ձայնը խառնված տեղ հասնի։

Այդպես եմ տոնում իմ, քո, ուրիշների ապրելը․ մենք շարունակում ենք ապրել։

Վա՜խ, Արտո։

Վա՜խ, Արտո՞․․․ Այս ամենի վերջն էդպես ես տեսնու՞մ․ դեռ հետդ խոսում եմ, այստեղ եմ, ապրում ենք։

Արտո, գիտե՞ս՝ Բալկոնում մի այսպիսի պայման կա․․

Ի՞նչ ենք անում․ վերջում ցատկում ենք վա՞ր։ Վատ չէր լինի։

Չէ՜, դեռ ցատկելուն չենք հասել։ Ուզում էի ասել, որ Բալկոնում գտնվողին ես չեմ ներկայացնում, ինքն է իր մասին խոսում երրորդ դեմքով։

Ոնց եմ ես տեսնու՞մ Արտոյին։

Հա, ես դրա անունը «երրորդ տարածություն» եմ դրելչգիտեմ՝ դու ոնց ես պատկերացնում, բայց այդպիսի մի «երրորդ» դիրքից խոսելու մասին է։

Այս բալկոնի պահն է ինձ համար հիմա, որովհետեւ սա եմ ապրում։ Անցյալը ո՞նց կարող եմ ապրել․ հիշողությունն է, որն ամենաշատը կարող եմ զգալ։ Հիմա՝ այս մոմենտին, կարող եմ կիսվել այդ հիշողություններով։ Վաղվա մասին էլ նույնն է, ինչ անցյալի մասին արդեն ասացի՝ մի տարբերությամբ․ անցյալի մեջ էլ ոչ մի բան անել չես կարող, վաղվա մեջ կարող ես։ Տեսա՞ր՝ ուրիշ դեմքով խոսեցի․ ոնց որ չորրորդը եղավ․ երրորդն անցանք։

Անցա՞նք, թե՞ «երրորդին» ոնց որ նոր ենք հասնում։

Երկու տարեկան, երեք տարեկան․․․ Ունեմ հիշողություններ։ Հա՜, մի մոմենտ փորձում էի նաեւ մամայի մեջ լինելու պահը հիշել, հետո հասկացա, որ «harddrive»-ս ինֆորմացիա չունի, հիշողությունն այդ մասին չի երեւում։ Հասա այն տեղերը, որ զգացումին վստահեցի։ Այդ օրից (արի ասեմ՝ այդ օրից) բոլոր մարդերը սովորական մարդուն հետ դադարեցին կապ ունենալ։

Տես՝ գնում եմ կինո նայելու, տեսնում եմ գլխավոր դերասաններին, բայց ինձ համար հետեւիններն են միշտ հետաքրքիր, հասկացա՞ր։

Արտոյին այդպես եմ տեսնում ո՞նց աճեց այդ ձեւով, չհասկացաերեւի նախ անկեղծ եղասուտերս էլ եմ ընդունում, խաբելս էլ, բայց ընդունում եմ այն էլ, որ արարքս վնաս չի կարող կարող տալ մարդուն։

Վնաս չտալու մասին մտածում եմ՝ ինչու չեմ կարող, որովհետեւ հենց սկզբից է դրվել մեջսհիմա հասկանում եմ, որ խիղճ ունեմ, մարդուն հետ հարաբերվելն ուրիշ է ինձ համար։

Երբ նոր կոշիկ էին ինձ առնում, ամաչում էի հագնելուն, որովհետեւ ընկերներս կոշիկ չունեին։ Օրինակ առաջին ֆուտբոլի կոշիկը՝ «Ադիդասը», երբ Եվրոպայից ինձ բերին, մեկ տարի չհագաընկերներիս սպորտային կոշիկները վատն էին։

Սա է Արտոն ինձ համարմարդոց մեջ իր քայլերը չափողը։ Հաց սարքող լիներ, նորից էդ ձեւով պիտի լիներ, կոշիկ սարքող լիներ, նորից նույնն է։ Հիմա հասկանում եմ, որ սա ընտանիքես անցավախպերս ըտենց էր, մամաս ըտենց էր, քույրս ըտենց էր․․․ Պապաս․․․ Ուղիղ ըտենց էրգրել-կարդալ՝ զրո, ուղղակի չգիտեր, բայց հազար կոշիկի մեջ ասում էին սա Սեդրակի սարքածն է։ Մենք գիտեինք, որ փողերի մեջ կարող ենք լողալ, որովհետեւ պապաս վարպետն էր իր գործի, բայց ինքը կասեր՝ անորակություն կլինիմենք գիտեինք նաեւ սա, իսկ մյուսներն էլ էդպես Սեդրակի կարած կոշիկը գիտեին։

Արտոն հաճույք է զգում մեկին ոգեւորելով։

Արտոն շատ շուտ հասկացավ պատասխանատվությունը։

Տասնչորս տարեկանում կարող էր երեք տուն պահել։ Այդ պահերից հասկացավ, որ փողն ու ինքն իրար հետ «աշխատել» չեն կարող․․․ Ուրեմն մի բան կար, որ զուգարանի թուղթն էլ էր «թուղթ» տեսնում, փողին էլ էր նայում նույն թուղթին պեսհիմա ինչու՞ մեկով կեղտն ես մաքրում, մյուսի պատճառով իրար սպանում ես․․․ Ո՞նց է լինում, որ մարդու սարքած թղթի պատճառով սպանում են իրարչեմ հասկնար։

Մնացած ամեն բանում Արտոն քեզ պես էսիրում է իր գործը, ոնց դու։ Մնացած ամեն բան՝ զրո-զրո։ Դրա համար չգնաց Գրեմմի ստանալուպատկերացրու՝ միլիոններով, լիմուզիններով ներս մտնող հյուրեր, ու Արտոն՝ հեծանիվով կամ ուբերով։

Ասում ես՝ «ջուրի պես պարզ, ջուրի պես խորունկ, ապրում եմ կյանքը ես»։

Գրեմմին դրա համար էր․ ինձ համար՝ այդքանը։ Դրանից հետո մարդ լինելուս մեջ ոչ մի բան չփոխվեցավ, ոչ մի բան չփոխվեցավ երաժշտությանս մեջ։ Գիտես՝ ինչ կարող ես գրել, որ Արտոն Գրեմմի շահած ամենաաղքատ մարդն է։ Արի՛ էդպես ասենք։ Հասկացա՞ր չէ, որ էկոնոմիկ իմաստով եմ ասում, թե չէ աղքատությունն ալ ինչ է։

Անընդհատ փորձարկումների մեջ շերտ առ շերտ փոխվող ստեղծագործական փուլերդ ո՞նց են կառուցվումմի տեղից մյուս անցնելը ո՞նց է լինում։

Փոխվում է կյանքը, ես եմ փոխվում, պատկերացումներն ալ մեծանում են․ դրա համար ընթացքում գործիքները սկսում են «փոքրանալ»․ տեսնում ես, որ նոր հնարավորություն տվող գործիքի ժամանակն է, որովհետեւ մի բան ես լսում, մի բան ես պատկերացնում, իսկ դրա համար գործիք չկա։ Հիմա սեղանիդ ինչ-որ կա, կարող եմ տանել ստուդիո ու օգտագործել․․․

(հերթով հարվածում է սեղանի վրա դրված իրերին)

Պիտի մի բան անեմ այստեղ, պլատֆորմ պիտի պատրաստեմ, որովհետեւ գործ եմ ունենում
«17 ամսական» հղի մարդկանց հետ, ասում եմ՝ ի վերջո պիտի մի բան ծնվի, թե չէ։

Երբ մարդոց առջեւը փերֆորմ ես անում, ու ինքը զգում է՝ փերֆորմի մի մասն է, հաջորդ օրն ուզում է նորից գալ, որ տեսնի ինչ հետաքրքիր բան պիտի լինի։ Հիմա, եթե դու նույն բանն անես, էլ ինչի՞ փող պիտի տա, երբ գիտի՝ վերջում ինչ պիտի լինի։

Քեզ ասածիս օրինակ տամ․ մի «մոմենտ» ասում էին՝ Ամերիկան էկոնոմիկ պրոբլեմի մեջ է, բայց բասկետբոլի ամենաէժան տոմսը այդ ժամանակ 300 դոլար էր, եւ տոմսերը ծախվում էին։ Հիմա հարցրու՝ ինչի համար էին տալիս այդ փողը, երբ կար էկոնոմիկ պրոբլեմը։

Ինչու՞․․․

Որովհետեւ չգիտեին՝ խաղի վերջում ով պիտի շահի, մյուս դեպքում ինչու պիտի փող տան, եթե տեղյակ են վերջից։

Բաց դուռը, թո՛ղ կատուն ներս մտնի․ սովա՞ծ է։

Չէ՛, երեւի ուզում է ներկա լինի այստեղ։ Մթնում է։ Արտո՛, կուզե՞ս մի բան բերեմ, ուտենք։ Սովա՞ծ չես։

Չէ, թող, վերջում իրար հետ կսարքենք մի բան։ Գիտե՞ս` ես լավ ուտելիք եմ սարքում՝ նույն երաժշտության պես․ սկզբից չգիտեմ՝ ինչ պիտի դառնա, վերջում մի բան ստացվում է։

Անուշ, հիմա քեզ հետ խոսելու ժամանակ Նիկոլի երգի բառերն եկան․ թեման գնում-գալիս է։

Ասացիր այդ բառերով երգ ես ստեղծում։

Հիմա ինձ համար կարեւորը, գիտե՞ս, ինչ է։ Տես՝ Նիկոլի տրամադրությունը «ստուգում եմ»․ կեղտոտ մի բան չկա․․․ Հիմա  այդ տրամադրությունը ո՞նց կարող ենք հավաքել եւ փորձի վերածել։ Ուզում եմ երգը «մենք»-ի վերածել, հասկացա՞ր։ Ինքը երգեց էդ իր երգը, բայց այն պիտի դառնա ամեն մեկինը, ով հեղափոխությունն արեց։ Հա, ինքը սկսեց քայլել, բայց կարեւորը մեր քայլելն էր նաեւ։ Երբ երգի վրա սկսեմ աշխատել, ուզում եմ՝ գաս, տեսնես։

Դադար

Արտո, քո ու Հայաստանի հարաբերության մասին կասե՞ս։

Հիմա բալկոնում քեզ հետ խոսելը Հայաստանին հետ ունեցած կապը չէ՞։

Ա՞յդ է։

Առաջարկեցիր կիսվել, լսեցի առաջարկդ, իմ ձեւով ընկալեցի, եկա։ Ամենաճիշտ հարաբերության ձեւը չէ՞։

Օրինակ տամ ասածիս իմաստով․ Ղարաբաղի Մշակույթի նախավերջին նախարարը հարցրեց՝ ինչու չեն լինում այնպիսի ղեկավարներ, ինչպիսին օրինակ Շառլ Ազնավուրն է։ Ուրիշ, ուրիշ հարց է։ Բայց հարցի պատասխանը լրիվ դուրս է հարցից․ մեր մեջ եղածները վա՞տն են․ հա՛, սա ընդհանուր հարցն է եղել 30 տարի։ Վա՞տն են․ վատն են, բայց դու ինչու՞ ես գնում վատի հետեւից։ Երգ գրեցի չէ՞, ասացի․ «ի՞նչ ըսի քեզ․ մի գար հետեւէս դուն․․․»։

Հիմա ինչ խոսում ենք, քսան տարի առաջ էլ «պատմել» եմ երգերովս։ Ուրեմն գոնե ինծի համար հարցն այլ մի հարց ունի․ ինչպե՞ս կարող եմ երիտասարդին իր պատկերացումներին, իր վստահությանը բերել, ինչպե՞ս կարող եմ ասել մի հետեւիր, բայց արա քո ստեղծելունը։

(դադարդիմում է կատվին)

Brother, տեղդ նստի՛․ առաջին կատուն ես, որ էսքան մոտիկ կթողնեմ, հասկացա՞ր։ Ախպե՜ր ջան․ արի ես իմ տեղում, դու՝ քո։ Շնորհակալ եմ (ծիծաղում ենք)։

Ի՞նչ էի ասում։

Երիտասարդին վստահության բերելու, ստեղծագործելուն մղելու մասին էիր խոսում։

Հա՜, տես՝ ես մեծ բեմ չեմ բարձրանում, որովհետեւ գիտեմ կամ «չափալախով» իջեցնում են էդտեղից, կամ էլ «նավթալին» ես դառնում։ Ինչի՞ պակաս ուներ Ռոբին Ուիլյամսը, որ չդիմացավ, կյանքին վերջ տվեց․․․

…Եթե մեծ բեմ դուրս գամ, ուրեմն վերջին շերտս է․ պիտի ասեմ շնորհակալություն ու ազատեմ բեմը։ Հիմա ես ուզում եմ պլատֆորմ ստեղծել, բեմ, ուզում եմ երիտասարդը գա, կանգնի, ես ալ ասեմ՝ կողքդ եմ, մի վախեցիր, չեմ թողնի՝ ընկնես։

Հիմա նորից Ղարաբաղի նախկին նախարարի հարցին ուշադրություն դարձու՛ր․ ինչ ըսեր է «ղեկավար»․ ինձ համար այդ կատեգորիան շատ ուրիշ է․ էն ուրիշն է, որ տեսնում է՝ ոնց է իր ազգն ապրում հարյուր տարի հետո․․․Արի ազգ էլ չասեմ․ տեսնում է՝ ոնց է մարդուն պատրաստում առողջ կյանքին, հասկացա՞ր։

Տարիներ առաջ մի հարցազրույցում ասում ես՝ հեղափոխությունը դրական ես գնահատում․․․ «Ամեն մեկը պիտի դրա մասին մտածի ես իմ երաժշտության մեջ հեղափոխական եմ»։

Է՛, Նիկոլի տեղ դու էլ դուրս գայիր, սկսեիր քայլել, էլի պիտի լիներ էն, ինչ եղավ։

Երեսուն տարի այս խոսքերը, մտքերը կամաց-կամաց մի տեղ հավաքվեց, եւ բոլորս էլ տեսանք, որ «հին մեթոդները» պատերազմի կտանեն։ Հասկացողները հասկացան, հետ քաշվեցին, վախեցան։

Նիկոլը ինչ ուզում է՝ ասի, ես կամ ինձ նման շատ մարդերը տարիներ շարունակ ասում են, բայց ես ու այդ շատ մարդերը չունեին «էգոն», որ պլատֆորմի վրա կանգնեին, ասեին․ «Մի վայրկյան, ախպե՛ր, ի՜նչ Նիկոլ, ես էլ կարող եմ ասել»։ Ինքը կարողացավ տարիներ շարունակ ասածը ուրիշ տեղից «ասել»։

Ես էլ ասում եմ երգերիս մեջ․ իմ «խոսելու» տեղը փոխել չկա․ երգն է, երաժշտությունը, բեմը։ Մոդա կա, չէ՞, որ արվեստը քաղաքականության մաս լինի․ ես էլ ասում եմ՝ արվեստը քաղաքական պլատֆորմից պիտի «չխոսի»․․․Է՜, թող խոսի ամեն երեւույթից, բայց իր պլատֆորմից, իր տեղից, հասկացա՞ր։ Այստեղ է, օրինակ, որ ինձ կարող եմ առանձնացնել։ Այս է, օրինակ, որ տարբեր տեղեր է դնում ինձ ու Սերժ Թանկյանին։

Արվեստագետը կամ արվեստին առնչվող մարդը քաղաքական պրոցեսի մաս պիտի չլինի՞․․․ Ա՞յդ ես ասում։

Այդպես լիներ, հեղափոխության օրերին քաղաքական պլատֆորմում կերեւայի ես ալ։ Ինչու՞ չերեւացի․ մինչ այդ հարցին կպատասխանեմ, ազատ համեմատիր իմ ու այլ ճանաչում ունեցող արտիստների էկոնոմիկ վիճակը․ քաղաքական պատճառներ անշուշտ տեսնելու ես, բայց հիմա դա չէ էականը․ դա քո մտորումին կթողնեմ։ Ինձ համար կարեւորը, արդեն ասացի՝ քո «տեղից», քո «պլատֆորմից», քո «լեզվով» խոսելն է։

Ես աշխարհին Հայաստանի անունից բան եմ ասել․ հիմա Հայաստանում էնպիսի դրություն է, որ ավելի շատ բան կարող ես ասել արդեն «մենք»-ով։ Հասկացա՞ր։

Այս զգացումները չունենայի, ինչու՞ պիտի գայի Հայաստան․ Տանզանիա կգնայի։ Քեզի համար պա՞րզ է, չէ, որ ես կրոնի համար չեմ Հայաստանում, ազգայնական մտքի շուրջ չեմ Հայաստանում։ Իմ ազգությունը «մարդն» է, իմ կրոնը՝ «բնությունը»։

Հայաստան գալու մղումները կփորձե՞ս բացատրել։

Ո՞նց կարող եմ բացատրելու պարզ ձեւը գտնել։ Սպասիր։

Ես Թուրքիայում եմ ծնվել․ դա քեզ արդեն «-3» կարգավիճակ․ «-1»՝ հայ եմ, «-2»՝ քրիստոնյա եմ, «-3»՝ ուրիշ միտք ունեմ։

Հասկանում եմ։

Տես՝ Հայաստանն ինձ համար Յուպիտերի պես էր․ ես չէի պատկերացնում, որովհետեւ Կարսից հետո մեզ համար կյանք չկար․ տեսանելի չէ, փակ էր, բայց միտքն ալ ունես, որ Հայաստան կա մի տեղ, որը չես պատկերացնում։

Հիմա մտածում եմ՝ օկ, երգեցի, գնացի մի ճանապարհով, Արտո էի, ճանաչվեցի, «Արտո» դարձա, հետո՞․․․ Այդպես կարող էի Էլթոն Ջոն լինել, Մայքլ Ջեքսոն լինել, բայց ես գիտեմ, որ առանձին՝ «Արտո եւ վերջ» չի կարող լինել։ Միտքդ պահե՞ր ես երկու տարեկան Արտոյին, ուրեմն իմացիր ալ, որ այդ տարիքեն սկսած իր ամենեն սիրած բանը «մենքն» էր․․․ Աղքա՜տ, շա՜տ աղքատ մի տեղ, հնարավորություններ չկան, բայց այդ «աղքատ մենքը» այնքան արժեքավոր բաներ է առաջարկում․․․ Դիմացինը միլիոններ ունի, բայց այդ «աղքատ մենքի» առաջարկածն իր միլիոններով առնել չի կարողանա։

Ես այդ եմ սիրում։ Ես այդ եմ տեսել։

Հայաստանն էլ շատ արժեքավոր այդ միտքն ունի, չնայած, որ այդ «աղքատն» է․ ուզում եմ «աղքատ մենքը» իր արժեքը դուրս հանի միլիոններ ունեցողի դիմաց։

Հիմա հասկացա՞ր՝ Հայաստան գալու զգացումս որն է։

Հիշեցի մանիֆեստ-երգդ, որ ասում էիր՝ Հայաստանն արվեստակենտրոն պիտի սարքենք։

Ուրիշ ի՞նչ սարքենք․ «Մերսեդե՞ս»․․․ Դու ասա, մի բան ասա։ Իմ միտքը կարող է թույլ լինել, քո մտքից տարբեր․ ասա՝ Արտո, չէ, «արվեստակենտրոն» չէ, ուրիշ մի բան։ Ես ալ քեզ պես մեկն եմ, ուզում եմ՝ հավաքվենք, դու քո բառն ասես, մյուսը՝ իր բառը, ես՝ իմը։ Կտեսնես, որ հավաքվածներուն 70 տոկոսը նույն բանն է ուզում․․․ Իսկ մարդու ուզածն ի՞նչ է․ ապահովություն, հանգստություն, վստահություն, էկոնոմիկ նորմալ պայմաններ, առողջ բնություն։ Կա՞ մեկը, որ կասի՝ չէ, ես ուզում եմ անհանգիստ ապրել։

Պատկերացրու, որ մեքենան անսարք է, շարժիչն է խնդիրը, ու դու սկսում ես քննադատել մեքենայի «մարմինը»։ Ասում եմ՝ ախպե՜ր ջան, մոթորը չի աշխատում, ինչ կապ ունի մարմինը, որ քննադատում ես։

Հայաստանում նույն բանն եմ ասում, պատասխանում են․ «ահ, բայց մենք սիրում ենք Հայաստանը»․․․ Հիմա հարցնում եմ՝ ինչ արեցիք էդ «սիրելով»․․․Զուգարան շինեցիք  երկիրը։ Կեղտը մաքրելու ժամանակը եկել է, բայց պիտի մենք «չկեղտոտվենք», հասկացա՞ր։ Հիմա մարդուն անկեղծ ձեւով ծառայելու հնարավորություն կա։ Ինչու՞ իսկապես, իսկական չսիրենք։

Իսկականը ո՞րն է, Արտո։ Քեզ հետ «պտտվող» երեք այդ բառերի՝ «սեր, հարգանք, ճշմարտություն» իսկականը ո՞րն է։

Երեքն էլ կյանքից եմ սովորել․ դրա «սուտը» անհնար է ուրեմն։

Տես՝ դու ինձ ասացիր, որ երգերիս բառերը կարող ես չհասկանալ, բայց հուզվում ես, զգացում ես ունենում․ քեզ կթվա, որ բառը հենց էնպես դուրս է գալիս․․․Չէ՛ բառն ուրիշ տեղից է գալիս, ճանապարհ անցնելեն հետո տոն ունի․ մարդ կա, կասի «բարեւ», բայց տոնից կհասկանաս, որ ավել լավ էր՝ հայհոյեր, չէ՞։ Մի բառ կա է, հայերենը չգիտեմ՝ «subconsciousness» են ասում։

Ենթագիտակցություն։

Հա, հենց էդ․ հիմա երբ դու լսում ես ինձ, կարող ես հասկանալ՝ ասածս որտեղից է գալիս․ ես «ուղեղ» բառը շատ չեմ գործածեր․ ասում եմ «harddrive»-ս, որովհետեւ էնտեղ է հավաքվել ամեն բան, ուրեմն էնտեղից դուրս եկածից կարող ես ասել՝ սուտ ասեցի, թե չէ, ազնիվ էր, թե չէ․․․

Չկա՞ն «սուտ» երգողներ։

Մի պատմություն պատմեմ, որ քեզի համար օրինակ լինի։ Մի օր համերգի համար հրավիրեցին Լոս Անջելեսի “The Actor’s Gang” թատրոն։ Գնացի, հանդիպեցի սուպեր մարդկանց։ Մնալուս տեղի մասին ասացին՝ երկու տարբերակ ունեմ՝ կամ հյուրանոց, կամ տուն, որի տերը հանգստանալու է գնացել, ու տունն իմ տրամադրության տակ է՝ ամեն ինչով ապահովված։ Մտա այդ տուն՝ ահռելի մեծ, հանգիստ, ամեն բան կազմակերպված․․․

Երկար չասեմ, որ հարցիդ հասնեմ․ էնպես ստացվեց, որ տանտերը շուտ վերադարձավ (իսկ տանտերը երաժիշտ էր՝ “The Doors” խմբի հարվածային գործիքներ նվագողը)։ Է՛, ինչ անենք, նստենք ալբոմները հերթով լսենք, խոսենք։

Լսում էինք, ու հասկանում էի, որ երաժշությունից հեռու չինացին ավելի լավ կնվագեր, քան ինքը, բայց հասկանում էի ալ, որ ինքը միլիոնատեր երաժիշտ է, ես՝ 20 դոլար ունեմ գրպանումս․․․ Հիմա ի՞նչ է․ միլիոն ունեցողն ասելիք չունի, «20 դոլարանոց» երաժիշտն ունի։ Ես եմ չէ՞ ընտրել, որ մի երգով հայտնի չդառնամ, հետո միլիոններ սարքեմ․․․ Բայց կարող էի։

Հիշեցի մի պատմություն, որ կապվում է առաջին գումար աշխատելուդ հետ, երբ դեռ երեխա էիր․․․

Է՛, հա․․․Պապաս ամբողջ ամիս աշխատում էր 150 դոլար, ես 12-13 տարեկանում շաբաթը 1000 դոլար էի հավաքում, բայց դա ինձ հարուստ չէր դարձնում։

Ասածս հիմա լրագրողի պրոֆեսիոնալիզմից շատ հեռու է, բայց, մեկ է, քո անկեղծությունից հուզվում եմ։

Շա՞տ է։

Չգիտեմհուզվում եմ։

Մեկ-մեկ  լինում է, ոչինչ, անցիր։ Ես ամեն բան ասում եմ, բաց եմ։

Բաց լինելը խոցելի չի՞ դարձնում քեզ։

Այո, շատ, բայց, Անուշ, 70 միլիոնի մեջ, ո՞նց կանգնեցի Արտո լինելով, ո՞նց չդարձա Ահմեդ կամ Յուսիֆ․․․ Ծեծ կերա, շատ ծեծ կերա․ զինվորության ժամանակ ասացին՝ գեներալը չի ուզում այդ անունը լսել։ Երկու հայ էինք՝ Արտոն ու Գալուստը։ Գալուստին «Քամիլ» անունով կնքեցին (ա՜խ, տաղանդավոր Գալուստը)․․․Առաջին օրը գեներալը նայեց թղթիս, ասաց՝ անունդ ասա, ասացի՝ Արտո, հետո միայն աստղերն էին աչքիս երեւում․ «չափալախս» կերել էի։

Մնացիր Արտո

Է՜հ, հա՜ ․․․ Պիտի մեռնեինք․ ուրեմն պիտի մեռնեինք։ Դա մեր սահմանն էր․ ուրիշ կետ ու տեղ չկար, հասկացա՞ր։

Ղարաբաղում ասացիր «մահը աչքիս առաջ է եղել միշտո՞նց կարող եմ վախենալ մեռնելուց»։

Մահը դու ո՞նց ես պատկերացնում։

Երեւի ուրիշներին «ազատում» է քեզնից, երբեմն քեզ է «ազատում» ուրիշներից․․․ Ու երեւի քանի ապրում եմ, չեմ կարող ասել։

Մի ձեւով մոտիկ ես ասում, ես էլ մահը նոր ծնունդ եմ պատկերացնում․ մի բան վերջանում է, ուրեմն մի բան պիտի ալ սկսվի․ ուղղակի մենք ագահություն ունենք, չենք ուզում «նկարը» վերջանա․․․ Է՛, նկարը վերջանում է, բայց չի կորչում, չէ՞։

Քո ասած այդ «վերջը» միայն մահվան հետ չի, որ կապ ունի։ Ամեն բան «վերջանալու» հնարավորություն ունի հենց ապրելու ժամանակ էլ, չէ՞։

Հա, դա մեջդ է կատարվում, դա է իրականը․ էդ ագահությունը պիտի չունենաս, որ նոր բանի գնաս, նոր ծնունդ լինի։ Ուղեղով դրա պատասխանը գտնել չես կարող։ «Ուղեղ» բառն էստեղ գործածեմ, որ ասեմ՝ ուղեղիդ մեջ մտցրել են, որ մահը վատ է․ հողի տակ գնացիր, մյուսն էլ կասի՝ չէ, դժոխք կամ դրախտ պիտի գնաս, հողը կապ չունի։ Ասում եմ՝ մի վայրկյան․ դժո՞խք, դրա՞խտ․․․ Ախպե՜ր ջան, դուն մեռե՞լ ես, որ հաստատ ես ասում։ Պատասխան՝ չէ՛։ Բա որտեղի՞ց գիտես այդ բաները։

Բայց վախը, ֆիզիկական սարսափը շրջանցել չես կարողքո պատմություններում դրանք կան ու կան։

Հիմա էլ կա․․․ Դա չի վերջանա։ Երբ խոսում էինք (թեկուզ լավ մի բան), պատուհանները մամաս փակում էր։ Դա կարո՞ղ է մի օր վերջանալ․ չէ՛, չի կարող․․․ Բայց ուրիշ մի բան կա․ վախն ինձ ուղղված զենք չէ․ է՛, ասենք ֆիզիկապես դադարեցի, մեռա, բաց Անուշի մեջ Արտոն շարունակում է ապրել։ Այդպես չի՞։ Դու էլ ես այդպիսին, ուրեմն վախ պիտի չունենաս մահից․ ֆիզիկապես չլինես ալ, մեկը, երկուսը, էլի շատերը «ապրեցնելու» են քեզ։

Դադար (23: 42․ կատուն քնել է)

Մարդը, երբ հասկացավ, որ իրեն «ապրեցնում» ես, ուրիշ կերպ է․ հիմա Հայաստանին ունեցած զգացումի մասին նորից պիտի ասեմ․ սիրելը հեռվից մեկ անգամ պատկերդ ցույց տալը չէ․ պիտի գաս, ժողովուրդի մեջ պտտվես, մարդը հասկանա՝ ինչի համար ես եկել․ վերցնելու՞ ես, թե՞ տալու ես․․․ Երբ հասկացավ, որ մի բան կիսելու ես, տալու ես, «փաթաթվելու» է եղբայրական։ Մտածու՞մ ես՝ առանց փողի Հայաստանում սոված կմնամ․․․ Չէ՜, որովհետեւ բոլորը ինձ «տկլոր» գիտեն, ինձ լավ գիտեն։

Քեզ սիրում են։

Զգում են․ չեն կարող ասել, որ սիրում են, որովհետեւ մոռացել են շատ բաներ, մոռացել են «մենքը»․ ես այդ «մենքն» եմ սիրում։

(ձեռքն սկսում է օդում թափահարել)

Լսու՞մ ես մի բան։

Չէ։

(երկու ձեռքն է խփում իրար)

Հիմա լսեցի՞ր, չէ՞։

Մի ձեռքը ի՞նչ պիտի անի․ ես այդպես մի ձեռքի պես՝ օդի մեջ, փորձել եմ «ձայն» հանել։ Հիմա ուզում եմ՝ մեր ձեռքերն իրար կպնեն, մեր ձայնը տեղ հասնի։

Ասում ես՝ սիրում են ինձ․ ես էլ ասում եմ՝ ուղղակի հասկանալ սկսեցին։ Ինձ վրա զայրույթն էլ է շատ եղել․ երբ 15 տարի առաջ ասում էի՝ այնպես ապրեք, այնպես կառուցեք, որ 20 տարի հետո պատկերացնեք՝ ինչ կլինի, զայրանում  էին․ գիտե՞ս՝ ինչից․․․Որովհետեւ ասում էի՝ ձեր էս սարքածով, օտարը 20 տարի հետո գալու է իր խանութը բացի, ու հայաստանցին «զուգարան մաքրողն» է դառնալու։

Դադար

Ինձ ասա՝ սոված մարդը քո արած լուսանկարը տեսնելու՞ է, իմ համերգին գալու՞ է․․․ Սոված մարդը ի՞նչ է ուտելու․ ուրիշի «Մերսեդե՞սը»։

Իսկ այդ «մենքը», որ վստահությունն է ստեղծում, դրսի հային էլ է «ներս» բերելու։ Գլենդելում նստած Արմենը Արամին ասելու է՝ բան է փոխվել Հայաստանում, արի գնանք մի բան անենք, ուրիշ է․․․ Էդ ժամանակ քո արած լուսանկարն էլ, իմ երաժշտությունն էլ «տեսանելի» կդառնա։

Ինձ ասա՝ ինչքան կարելի է «ասֆալտ փռել»․ նույն տեղում ինչու պիտի էդ ասֆալտը երեք անգամ փռվի։ Է՛, հա, հասկացանք՝ «փող եք լվանում», բայց գոնե մի մետր էն կողմ՝ քանդված տեղն էլ ասֆալտեք։ էս էր․․․

Հիմա դու ուշադիր լսում ես, տեսնում եմ, որ ասածս դեմքիդ երեւում է, բայց արդեն քսան տարի է՝ ասում եմ նույն բանը, որովհետեւ չեն լսում։ Գժվելու է իրար չսլելը․․․ Ծանր էլ է․ էդ ծանրությունները պիտի հանենք, ասենք, թեթեւանանք, էդ «մենքի» մեջ կգնա։

«Մենքի» մեջ սուտասանը, դավաճանը, ուրիշը չի՞ կարող լինել։ Հավատացա՞ծ ես, որ հնարավոր «մենքն» ու քո պատկերացրածը նույնն են։

Հենց սկսեցիր ստուգել, դիկտատոր կդառնաս։ «Մենքն» ինքնիրեն պիտի լինի․ դա քո կյանքի պատկերացումը կլինի, իմ կյանք պատկերացումը։

Բայց տարիներ շարունակ ասում ենք՝ «մենք ենք տերը մեր երկրի»սա քո ասած «մե՞նքն» է։

Է՛, 10․000 տարի առաջ էլ կարող էին ասել ու երեւի ասել են․ հողը հանգիստ պիտի մնա ալ։  Սահմանը սուտ կատեգորիա է, բայց կա, ի՞նչ է լինում հողին․ ինքը նույնն է։

Հողի փիլիսոփայությունը չի փոխվում․ մարդն է փորձում փոխել այդ հողի նշանակությունը։ Հիմա այս հողի մասին մի սուտ իմաստ է սարքված, որի բացատրությունը չունեմ եւ պետք էլ չունեմ հասկանալու։ Ասում ենք՝ աշխարհն էլ է մերը․․․ Հետո՞։ Պարզ է չէ՞, որ ասածի մեջ սուտ կա։ Մարդն ամեն տեղ պատասխանատվությամբ ապրել պիտի կարողանա․ եւ իրավունքն ալ ունի այդ ապրելու։

Հիմա ես քո տանն եմ, ես տեսնում եմ տան օրենքները, փորձում եմ հասկանալ, եթե անհանգստություն ունեցա, կասեմ՝ հաջողություն ու կգնամ․․․ Հանգիստ ձեւով զրուցում ենք, որովհետեւ երկուսս էլ մեր պատասխանատվությունը հասկացանք։

Մեր ունեցածը ծիրա՞ն է․ ախպեր ծիրանը դրեք «մեծ եղբոր» սեղանին, ոչ թե իր «Մերսեդեսին» նմանվող մի բան։ Մեզ ոչ մեկ «չի սպանի», որ դա ունենք։

Պատմությունը «սպանելու» շատ օրինակներ ունի, Արտո։ «Մեծ եղբոր» մասին ուրիշ պատկերացումներ չկա՞ն։

Պատկերացումը սխալ է․ «մեծը» ե՞րբ է «մեծ» դառնում․․․ Երբ կարողանում է փոքրին օգնել։ Ամերկան է չէ՞ աշխարհի մարկետը սարքել, բայց իր զինվորներին հիմա դրել է այդ մարկետում։ Իր զինվորը այդ քո ասած «հողում» է, «քո հողում»։ Է՛, հա, ուրեմն ինքը տիրապետում է քեզ, ուրեմն քո պատկերացումը սխալ է, որ քո հողն է։

Բայց այս բաները շատ բացատրության կարիք չունեն․ բացատրություններն ալ տանում են մի բանի, որ սխալ լինելու սկիզբն է։ Սկսեցինք շատ մտածել «մեծի» մասին, էլ ոչինչ չենք անի։

Չափազանցվա՞ծ են մեր ու աշխարհի մասին համեմատությունները, մեր լինելու ու մեր ներկայանալու ձեւերը։

Քո ասածն էլ արդեն «նավթալին» է։ Հայաստանը հիմա ունի իր հնարավորությունը, որ պիտի բաց չթողնի․ հիմա դա «մեծությա՞ն» մասին չի խոսում։ «Armenian Navy Band»-ը այս փոքր տեղից դուրս չեկա՞վ, այս փոքրի տեղի՞ց «մեծին» բան չասեց։ Եղավ չէ՞ էդպես։

Դադար

Կյանքը փոխվում է․ է՛, ինչ են մտածում դրսում՝ Հայաստանը փոքր երկիր է, երկու-երեք միլիոն սեղմված ժողովուրդով փակ սահմաններում ապրում են էլի։ Բայց նորից օրինակն եմ քեզի ասում․ «Armenian Navy Band»-ը, երբ հայտնվեց Ամերիկայում, շոկ եղավ, որոհետեւ մեր գործն ազնիվ էր, այս «փոքր» երկրում անում էինք մի բան՝ չմտածելով, որ Հոլիվուդին մի օր զարմացնելու ենք, որ հետո ասելու էին՝ էս որտեղից հայտնվեցին։

Ազնավուրը ասում է ու լավ է ասում․ «հետ նայում եմ, արցունքներս գալիս են, բայց միշտ հավատում եմ ու առաջ եմ գնում»։

Այդպես պիտի սովորես ընդհանուր ընթացքը․ մի տեղ ուշադիր չէիր, փոշիների մեջ էիր, մեկ էլ հանկարծ աշխարհի «բրենդ» դարձար։ Ես ամբողջ կյանքս եմ այդ տեսել․ մտել եմ հեղափոխություն անողների, ստեղծագործողների շուկան։ Եթե կոշկակար լինեի նույնն էի անելու․․․ Մեծ մորս ասածի պես՝ «հաջողե՞լ ես, արդեն էդպե՞ս զգացիր, ուրեմն վերջացար»։ Ամեն հաջողություն ինձ համար զրո «լեվլ» է բացում, նոր շերտ։

(խոսելով ներս ենք մտնում. բալկոնում ցուրտ է արդեն, ամսաթիվն էլ վաղուց փոխվել է)

Չեմ ուզում դադարենք խոսել, որովհետեւ հոսում է։ Գնանք խոհանոց, մի բան սարքենք։

Սուպեր է վիճակը։ Ինչ լավ է, որ եկա․․․

 շարունակելի․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter