
Ստեփանավանի քաղաքապետարանում առայժմ միայն ուրախանում են, որ քաղաքում գումարներ են ներդրվել
Մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների համար Կառավարության 2-րդ ծրագրով Լոռու մարզին հատկացված 1,3 մլրդ դրամից 2011 թ.-ի հոկտեմբերին մարզպետարանը 54 մլն դրամ հատկացրել է Ստեփանավան քաղաքի Րաֆֆի, Բոնդրեւ, Գաբրիել Սունդուկյան, Պետրոս Դուրյան եւ Վահան Տերյան փողոցների բարեկարգման համար: Նախատեսված փողոցներից շինարարական աշխատանքներ են կատարվել միայն Րաֆֆու փողոցում: «Մնացած փողոցներում աշխատանքները կսկսվեն գարնանը»,- ասում է մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գեւորգյանը:
Րաֆֆու փողոցում աշխատանքների մի մասն իրականացվել է Կառավարության առաջին ծրագրով հատկացված 32 մլն դրամով, 2-րդ ծրագրով նախատեսված 16,9 մլն դրամի աշխատանքներն այստեղ թերավարտ ենª կատարվել է ընդամենը փողոցի մայթերի առանձին փոքր հատվածների բազալտե եզրագծերի տեղադրում:
Շինաշխատանքները Ստեփանավանում իրականացնում է Վանաձորում գրանցված «Վառմաշ» շինարարական ՍՊԸ-ն, որին ընտրել է Լոռու մարզպետարանը: Առաջին ծրագրով պետբյուջեից հատկացված 32 մլն դրամով վերջինիս Րաֆֆու փողոցի ընդամենը մի փոքր հատվածում փոսալցում է կատարել եւ գրեթե նույնքան էլ ասֆալտապատում: Փողոցի վերանորոգված հատվածիներին հարող մայթերը չեն բարեկարգվել եւ չեն ասֆալտապատվել:
Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրահատ Աբրահամյանի տեղեկացմամբ, «Վառմաշը» Րաֆֆու փողոցում նախատեսված աշխատանքները սկզբում փորձել է կատարել առանց նախագծի, որը կանխել է Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը: Կտրուկ պահանջից հետո միայն քաղաքապետին ներկայացվել է պահանջված նախագիծը: Երկրորդ ծրագրով Ստեփանավանում նախատեսված աշխատանքների առաջարկությունները մարզպետարանին ներկայացրել է քաղաքապետարանը, սակայն քաղաքապետարանի գործի հետ առնչվող պատասխանատուներին մարզպետարանը չի ներգրավել փողոցների շինարարության կազմակերպական աշխատանքներում: Այդ իսկ պատճառով քաղաքապետարանում տեղյակ չեն փողոցներից յուրաքանչյուրի վերանորոգման համար նախատեսված գումարներին եւ աշխատանքների ծավալներին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշումով մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման 2-րդ ծրագիրը, որի համար Կառավարությունը պետբյուջեից մարզերին տրամադրել է 20 մլրդ դրամ, պետք է ավարտվի մինչեւ 2012թ. սեպտեմբերի 1-ը: ՀՀ կառավարության 2-րդ ծրագրով Ստեփանավանում կատարվող աշխատանքների մասին հունվարի 23-ին մեզ չհաջողվեց տեղեկատվություն ստանալ քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանից: Նա արձակուրդում է գտնվում: Ժամը 11:00-ին աշխատավայրում չէր նաեւ քաղաքապետի տեղակալը: Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ տեղակալի ընտանիքը Երեւանում է, այդ պատճառով նա Երեւանից է գալիս աշխատանքի եւ ավելի ուշ կլինի աշխատավայրում: Տիկին Ղազարյանը տեղակալի հետ հեռախոսով կրկին խոսելուց հետո ինձ հայտնեց. «Ասում է, ես էլ մանրամասներից տեղյակ չեմ»: Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հ. Աբրահամյանն էլ ասաց, որ մասամբ է տեղյակ կառավարության 2-րդ ծրագրով կատարվող աշխատանքներից:
«Ես գումարային չեմ կարող ասել, աշխատանքները մարզպետարանն է կատարում: Միայն կարող եմ Ձեզ ցույց տալ փողոցը եւ կատարված աշխատանքը,- ասաց նա եւ ավելացրեց,- մենք ի±նչ իրավասություն ունենք, եթե փողը տվողն ենք, իհարկե, ավելի հետեւողական ենք լինում, բայց հիմա ուրախանում ենք, որ Ստեփանավանում գումարներ են ներդրվել»:
Ըստ Հրահատ Աբրահամյանի, «Վառմաշ» ՍՊԸ-ն սկզբում փորձ է արել Րաֆֆու փողոցի բարեկարգման աշխատանքները կատարել առանց նախագծի: «Այսինքն, ոնց որ սովետական ժամանակ, փոսը քանդում էին, ասֆալտը լցնում ու անց էին կենում, ուզեցան այդ ձեւով անել»: Սրան քաղաքապետը առարկեց ու ասաց, որ եթե Րաֆֆու փողոցի այս մասը ասֆալտապատում եք, ուրեմն պետք է նաեւ մայթերին բազալտե եզրաքարեր լինեն: Այդ պատճառով տեսաք, փողոցի ասֆալտն արվել է, որից հետո մայթերի եզրաքարերն է տեղադրվել»,- բացատրեց քաղաքաշինության բաժնի պետը:
Վերջինս նաեւ ասաց, որ այլ թերություններ նկատելու դեպքում, շինարարի ներկայացրած կատարողական ակտերը չեն ստորագրվի, մինչեւ թերությունները չվերացվեն:
Ներկայումս Րաֆֆու փողոցում շինարարական աշխատանքները թերավարտ են, փողոցի որոշ հատվածներում փոսալցում էր կատարվել, մի փոքր հատված էր կապիտալ վերանորոգվել: Առանձին հատվածներում տեղադրված էին մայթերի բազալտե նոր եզրաքարեր, որոնք ամրացված չէին, բարակ էր նաեւ կատարված ասֆալտի շերտը: Անզեն աչքով էլ նկատելի էր, որ այստեղ 32 մլն դրամի շինարարական աշխատանքների մասին խոսք լինել չէր կարող:
Լոռու մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գեւորգյանից տեղեկացանք, որ Ստեփանավանի ներհամայնքային փողոցների Կառավարության 2-րդ ծրագրով նախատեսված 54 մլն դրամից 16,9 մլն դրամն է նախատեսված Րաֆֆու փողոցի բարեկարգման համար, Բոնդրեւի փողոցի համար նախատեսված է 4,3 մլն դրամ, Գ. Սունդուկյանի փողոցի համար` 7,4 մլն դրամ, Դուրյան փողոցի համարª 1,4 մլն դրամ, իսկ Տերյան փողոցի համար` 7,9 մլն դրամ:
Մոտ 3 մլն դրամ հատկացվել է շինաշխատանքների տեխնիկական եւ հեղինակային հսկողության համար: Վարդան Գեւորգյանն ասաց, որ ներկայումս Րաֆֆու փողոցում կատարված է աշխատանքների մոտ 20%-ը, ընդամենը շարվել են մայթերի բազալտե եզրաքարերը, մնացած աշխատանքները եղանակի պատճառով դադարեցվել է: Ասֆալտապատումը կատարվելու է գարնանը:
Վ. Գեւորգյանը տեղեկացրեց նաեւ, որ 1-ին ծրագրով հատկացված 32 մլն դրամի շինաշխատանքներում Րաֆֆու փողոցի մայթերի ասֆալտապատում չի նախատեսվել: «2-րդ ծրագրով առանձին հատվածներում նախատեսված է, Ստեփանավանի քաղաքապետը այդպիսի առաջադրանք տվեց»,- ասաց նա: Ստեփանավանի Րաֆֆու փողոցի բարեկարգման աշխատանքները վերահսկում է «Խաչմինշին» ՍՊԸ-ն: Ըստ պրն Գեւորգյանի, «Խաչմինշինը» կառավարության ծրագրով Լոռու մարզի առաջնահերթ լուծում պահանջող շինաշխատանքների որակի մասին իր եզրակացությունը մարզպետարանին կհանձնի ծրագրի ավարտից հետո: Կառավարության 2-րդ ծրագրով Լոռու մարզպետարանին հատկացված 1,3 մլրդ դրամի աշխատանքները վերահսկում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Մեկնաբանել