HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սահմանամերձ Բերքաբերում առաջին անգամ սրճարան կբացվի

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում առաջին անգամ սրճարան կբացվի։

Այն կանվանվի «Էքստրիմ» և կգործի հակառակորդի դիրքից մոտ 1 կմ հեռավորության վրա։ Սրճարանն իր առաջին հյուրերին ընդունելու է մոտ տասն օրից։

Նախաձեռնության հեղինակները «Բերքաբեր» ՀԿ-ի համահիմնադիր Ջորջ Տաբակյանն ու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն են (Բագրատ Սրբազան-հեղ․)։

Տաբակյանը «Հետք»-ին պատմեց, որ նման սրճարան հիմնելու գաղափարը ծագել է մոտ մեկ տարի առաջ՝ Բագրատ Սրբազանի հետ Բերքաբերում սրճելիս․ «Հավաքվել էինք Բերքաբերում, Սրբազանն ասեց՝ հրաշալի կլիներ, որ այստեղ մի սրճարան կառուցվեր, մարդիկ գային, դիրքերի դիմաց սուրճ խմեին։ Իրենք տարածքը ունեին, գտել ենք բարերար, ով օգնել է մեզ տարածքը վերանորոգելու համար»։

Սրճարանը անվանվել է «Էքստրիմ»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բերքաբերը գտնվում է ադրբեջանական դիրքերից 750-1000 մետր հեռու, գյուղում մշտապես կրակոցների ձայներ են լսվում: «Էքստրեմալ իրավիճակ է այնտեղ, քանի որ պատերազմական գոտի է, ամեն պահի կարող է արտակարգ պատահար տեղի ունենա։ Կարծում եմ՝ նորմալ էր, որ սրճարանն էլ նույն անունը կրեր»,- նշեց Ջորջ Տաբակյանը։

«Էքստրիմ»-ը հիմնականում ծառայելու է համայնքի երիտասարդներին, նրանց համար լինելու է հավաքատեղի։ Բացի այդ, նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն այստեղ ընդունել Հայաստանի և աշխարհի այլ բնակավայրերից հյուրեր՝ ներկայացնելու համար, թե մարդիկ ինչպիսի պայմաններում են ապրում սահմանամերձ Բերքաբերում: «Մենք ուզում ենք, որ գան, տեսնեն, թե մարդիկ այնտեղ ոնց են ապրում։ Սա գյուղ այցելելու համար նաև առիթ լինի»,- ասաց Տաբակյանը:

Հետագայում Երևանից փորձառու մասնագետներ կհրավիրվեն սրճարան, ովքեր տեղի աշխատակիցներին կսովորեցնեն յուրօրինակ ուտեստներ պատրաստելու և մատուցելու մեթոդները։

Բերքաբերի նախկին համայնքապետ Արթուր Մադաթյանը «Հետք»-ին հայտնեց, որ գյուղում երբևէ սրճարան չի եղել։ Ասաց՝ 30-40 տարի առաջ ճաշարան է գործել, որը պատերազմական տարիներին փակվել է և մինչ օրս չի վերագործարկվել։

Լուսանկարները՝ Անի Հակոբյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter