HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հայաստանի և Արցախի զարգացման ծրագրերին

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Վարդան Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, մասնավորապես՝ նրա կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերը։

Շվեյցարահայ գործարարը, ըստ հաղորդագրության, ասել է, որ ինքն ու որդիները պատրաստ են տարբեր ծրագրերի միջոցով ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը:

Նշելով, որ արտասահմանյան այցերի ընթացքում իր պարտքն է համարում մշտապես խոսել ու պատմել Հայաստանի մասին, նախագահ Սարգսյանը գերխնդիր է դիտարկել Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր դարձնելը։ «Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն և կանխատեսելի երկիր, որտեղ հնարավոր է երկարաժամկետ ծրագրեր պլանավորել ու հաջողությամբ իրագործել», - ընդգծել է Հանրապետության նախագահը։ Նա նաև կարևորել է սփյուռքի երիտասարդ սերնդի ակտիվ կապը հայրենիքի հետ, նրա ներգրավվածությունը Հայաստանի զարգացման ծրագրերին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter