HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գուսանագյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգումից ընդամենը 3 տարի անց կա նորոգման կարիք

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կազմում գտնվող Գուսանագյուղի միջնակարգ դպրոցը գյուղի միակ եռահարկ կառույցն է: Շենքը շահագործման է հանձնվել 1976 թ.-ին: Նախկին դպրոցը գործում էր 1930-ականներին կառուցված միահարկ շինության մեջ եւ արդեն չէր բավարարում աշակերտների աճող քանակին: 2004 թ.-ից դպրոցի ղեկավարումը ստանձնած Հենրիկ Մարգարյանն ասում է, որ 1949 թ.-ին Գուսանագյուղի հին դպրոցում սովորել է 324 աշակերտ:

«2004 թ.-ին ես դպրոցն ընդունել եմ 197 աշակերտով: Հիմա ունենք 104 աշակերտ, անցած տարի ընդամենը 99-ն էին: Աշակերտների մեծ թվի հետ կապված՝ կարող եմ ասել, որ 1970-ականներին է եղել պիկը՝ 290 աշակերտ, դրանից հետո թիվը մշտապես նվազել է»,- նկատում է տնօրենը՝ նշելով, որ դա պայմանավորված չէ միայն արտագաղթով:

«Գյուղից շատ հեռացողներ չունենք ու չէի ասի, թե երեխաների թվի նվազումը դրա հետ է կապված: Ավելի շուտ վերջին տարիներին դա պայմանավորվում է սոցիալական վիճակով, որ ընտանիքներում չեն ձգտում շատ երեխա ունենալ,-ասում է զրուցակիցս,- բացի դրանից պակասել են ամուսնությունները: Հաշվել ենք, որ գյուղում ամուսնական տարիքի 40 տղամարդ ունենք չամուսնացած: Վատն այն է, որ մեծ մասը չի էլ ձգտում ընտանիք կազմել՝ պատճառաբանելով, թե չի կարողանա պահել կնոջն ու երեխաներին: Դե հիմա պատկերացրեք, եթե սեռահասուն 20 տղամարդ էդ ցուցակից մի տարում ամուսնանա՝ հաջորդ տարի երեխաների ինչ բում կլինի գյուղում»:

Գուսանագյուղի՝ անցած դարի 70-ականերին կառուցված դպրոցը նախատեսված է եղել 520 աշակերտի համար: Դպրոցում առկա է սպորտային դահլիճ, նիստերի դահլիճ, ճաշարան՝ բնորոշ խորհրդային տարիներին գործող բոլոր տիպային դպրոցական կառույցներին (երկրաշարժից հետո շատ քաղաքային ու գյուղական նորակառույց դպրոցներ զուրկ էին այդ անհրաժեշտ տարածքներից): Դպրոցի տնօրեն Հենրիկ Մարգարյանը դժգոհ չէ դպրոցի ֆունկցիոնալ հնարավորություններից: Ասում է, որ 2009 թ.-ից սկսած հիմնանորոգման ժամանակ կարելի էր դրանք բարելավել, սակայն 4 տարի տեւած շինարարությունը, եթե որոշ թերություններ վերացրել է, ապա որոշ դեպքերում էլ եղածն է խորացրել:

Գուսանագյուղի դպրոցը պետբյուջեից հատկացված 350 մլն դրամի շրջանակներում հիմնանորոգվել է 2009-2013 թթ.-ին: Նորացվել են դպրոցի տանիքը, պատուհանները, դռները, միջանցքի ու դասասենյակների հատակը: Շենքի արեւելյան կողմում գտնվող դասասենյակներն ամբողջապես ապակեպատ են եղել: Հիմնանորոգման ժամանակ քարե միջնորմերով պակասեցրել են պատուհանների թիվը:

«Դե սովետի ժամանակ գուցե պրոբլեմ չի եղել, որովհետեւ նորմալ ջեռուցում կար, բայց երկրաշարժից հետո իսկական պատուհաս էր դարձել մեզ համար: Դասասենյակները սոլյարայուղի վառարաններով էին տաքացվում, էդքան պատուհանին պիտի պոլիէթիլենային թաղանթ քաշեինք, մի խոսքով, նորոգման աշխատանքները որ սկսեցին, արդեն նախագծով կար, որ միջնորմներ անեն»,- ասում է Հենրիկ Մարգարյանը:

Ամրացվել են նաեւ շենքի հիմքն ու պատերը: Կառուցվել է նոր կաթսայատուն, նորացվել ջեռուցման համակարգը: Պրոբլեմները սկսվել են, երբ հերթը հասել է սպորտային դահլիճի նորոգմանը:

«2525 քմ տարածք է նորոգվել, սակայն 3 տարի անց արդեն այդ տարածքի կեսը չունենք,- ասում է Հենրիկ Մարգարյանը,- մեր սպորտդահլիճը նկուղային հատվածում է: Հա, դա խնդիր չէր լինի, եթե խոնավության պատճառով հատակը չփտեր: Շինարարության ժամանակ ես առաջարկեցի, ասեցի տղե՛ք, դրսի կողմից, պատի մոտ երկու անցք փորեք, օդափոխության հնարավորություն ստեղծենք դահլիճի համար, որ օդը անընդհատ հիմքերի մոտ շրջապտույտ անի, խոնավություն չմնա: Ասին, չենք կարող, նախագծով չկա, ավելորդ ծախս է, չենք անի: Արդյունքում էդքան փողը ծախսվեց, նորից փայտե հատակ սարքվեց, հիմա դրա կեսը խոնավությունից ու սնկից փտել է, պոկել հանել ենք, դահլիճն էլ չենք կարողանում օգտագործել»:

Անցած երկու տարիների ընթացքում դպրոցի տնօրենը մի քանի անգամ դիմել է մարզային իշխանություններին՝ հարցին օպտիմալ լուծում տալու համար: Հենրիկ Մարգարյանն ուզում է, որ այս անգամ գոնե ճիշտ շինարարական լուծում տրվի եւ գումարը «ջուրը չլցվի»:

«Ափսոս էլ էր էդքան փողը, որ ծախսվեց ու ընդամենը 4 տարի հետո չենք կարողանում ֆիզկուլտուրայի դասերը ներսում կազմակերպել,- դժգոհում է զրուցակիցս,- ջրահեռացման հետ էլ արդեն խնդիր կա՝ միջանցքի պատերի ծեփոնները խոնավությունից թափվում են, տեղադրված դռների պատուհաններն են անորակ՝ իրենց-իրենց ճաքում են, մի քանի հատը մեր միջոցներով փոխել ենք արդեն»:

Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ դպրոցի տնօրենն առաջարկել է հեռացնել երրորդ հարկը: Հենրիկ Մարգարյանն իր առաջարկը պատճառաբանել է աշակերտների նվազ թվով եւ կառույցի ոչ ռացիոնալ օգտագործմամբ:

«Դպրոցը 500 աշակերտի համար է կառուցված եղել ժամանակին, էս վերջին տասնամյակում մեր երեխաների թիվը 100-ից չի անցնում: Շենքը մեծ է, պահպանման ծախսերը՝ շատ, որ երրորդ հարկը հանեին, իմ գործն էլ կհեշտանար: Չարեցին, էլի նախագիծը մեջտեղ բերեցին, բացարձակ ճկուն մոտեցում չկա գոյություն ունեցող պրոբլեմներին»,- նկատում է զրուցակիցս:

Որպես լուծում, տնօրենը ստիպված է եղել տարրական դասարանների համար նախատեսված մասնաշենքից 3 դասարան տեղափոխել եռահարկ մասնաշենք: «Երկու տարի է տարրական դասարանների մասնաշենքը փակել ենք, չենք օգտագործում»,- ասում է Հենրիկ Մարգարյանը:

Գուսանագյուղում չի գործում մշակույթի տունը, չկա արվեստի դպրոց: Այս երկու կառույցների ֆունկցիաները վերջին տարիներին իրականացնում է դպրոցը: Տնօրենը հպարտությամբ է նշում, թե ինչ խմբակներ են գործում դպրոցում՝ նկարչության, կարատեի, պարի, առողջ ապրելակերպի ակումբ, բանավեճի ակումբ, ինչպես նաեւ համագործակցում են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter