Խորհրդատվական, իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ինչպես վկայում են իրականացրած դիտարկումները՝ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները և ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն:
«ՊԵԿ-ը նաև տեղեկացված է ՀՀ փաստաբանների պալատի կողմից նույն խնդրի վերաբերյալ փաստաբաններին ուղղված նամակի մասին և ողջունում է ճշգրիտ հաշվառում կատարելու մասին պալատի խորհուրդը»,- գրված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:
ՊԵԿ-ը հայտնում է նաև, որ միաժամանակ այս փուլում, հաշվի առնելով փաստաբանների բարձր դերը ժողովրդավարական հասարակությունում, հակված է զերծ մնալ փաստաբանների նկատմամբ հարկային հսկողության կոշտ միջոցներ որդեգրելու քաղաքականությունից և առաջարկում է բոլոր շահագրգիռ անձանց՝ նախկինում ներկայացված հաշվարկներում ոչ ճիշտ տվյալներ արտացոլած լինելու դեպքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ:
Հորդորում է նաև չթաքցնել հարկվող շրջանառությունը` կնքվող պայմանագրերում ճշգրիտ արտացոլելով հոնորարի չափը, ճշգրիտ որոշել ծառայությունների մատուցման պահը և օրենքով սահմանված կարգով դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր, չխուսափել հարկման հատուկ համակարգից ընդհանուր համակարգի անցնելուց, ինչպես նաև չտրոհել ձեռնարկատիրական գործունեությունը մի քանի սուբյեկտների միջև:
«Պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է երկխոսության փաստաբանների հետ՝ հարկային վարչարարությանը վերաբերող ցանկացած հարցով»,- հայտնում է ՊԵԿ-ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել