HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Տաշիրի ֆերմերներին մտահոգում է կաթի ցածր գինը

«Այս ֆերման 20 տարի առաջ եմ հիմնադրել, սկսել եմ զրոյից` ունենալով երկու հա հողատարածք և մեկ տրակտոր»,- ասում է 48-ամյա ֆերմեր, մոլոկան Պավել Գուսևը: Նախկին մեկ տրակտորի փոխարեն նա արդեն վեցն ունի, 200 հա հող եւ 100 գլուխ անասուն։

Գուսևը կաթը հանձնում է Տաշիր քաղաքում գործող կաթի մշակման գործարան: Կատակում է, թե կաթի գինն այնքան է ընկել, որ այն «նվեր են տալիս»: «Երբ դրամը սկսեց արժեզրկվել, կաթ վերամշակողները սկսեցին հրաժարվել այն ընդունելուց, կարծես թե կաթ ենք արտադրում շնորհակալություն ասելու համար»,- ասում է  Պավելը: Հիմա կաթը վաճառում են 120 դրամով:

Ֆերմերը չի ցանկանում անձամբ վերամշակել կաթը և կաթնամթերք ստանալ, կարծում է՝ աշխատուժի եւ գյուղատնտեսությամբ սիրով զբաղվողների պակաս կա։

Ֆերմերի կարծիքով` Տաշիրի կլիման, բնությունը հարմար են անասնապահությունը զարգացնելու համար: Արոտավայրերը մոտ են, իսկ խոտից ստացած կաթի որակը բարձր է: Անասուններին արածեցնելու համար շատ հեռանալ պետք չէ, ֆերմերը հովիվ պահելու փոխարեն ֆերմայի տարածքով մեկ «էլեկտրական հովիվ» կոչվող հատուկ մետաղական համակարգ է անցկացրել, որը թույլ չի տալիս կովերին հեռանալ տարածքից:

Պավելը մոլոկան է, ծնվել է Տաշիրում, դպրոց գնացել, բանակից հետո նորից վերադարձել, սկսել աշխատել: «Իմ առաջին աշխատանքի ընթացքում ուրիշի հողում էի աշխատում, ուրիշի տրակտորն էի վարում: Քիչ փող էի ստանում: Քիչ-քիչ փողերս հավաքեցի, իմ սեփական տրակտորն առա: Հիմա էլ առավոտից երեկո աշխատում եմ իմ հողում»,- նշում է ֆերմերը։

Եգիպտացորեն, հաճար, ոլոռ ու ցորեն է մշակում, աշխատանքից չի դժգոհում, ասում է՝ աշխատող մարդը միշտ էլ կաշխատի, անգործը կմնա:

Հարազատներից միայն ինքն է Հայաստանում, Ռուսաստան մեկնելու լավ հնարավորություններ ունեցել է, սակայն մնացել է Տաշիրում: «Այստեղ դժվար է, շուկա չկա, եթե անգամ արտադրում ենք, ապա դժվար է իրացնելը: Պայմանները դժվար են, կառավարությունում պիտի այնպիսի կադրեր ներգրավել, որոնք կհասկանան գյուղատնտեսությունից եւ ինչ-որ չափով կհեշտացնեն ֆերմերի աշխատանքը»,- ասում է Պավելը։ Ֆերմերի պնդմամբ` կաթի գնի անկման հիմնական պատճառը կաթի փոշու ներմուծումն է:

Ֆերման ընդլայնելու համար Պավելը վարկ է վերցրել, բայց 2014-ի ֆինանսական ճգնաժամի պատճառով չի կարողացել վճարել։ Ասում է՝ կցանկանար, որ այդպիսի իրավիճակում պետության կողմից ֆերմերներին երկարաժամկետ վարկեր տրամադրվեին։

Գուսեւի ֆերման Տաշիր քաղաքի ծայրամասում է: ԽՍՀՄ ժամանակներից պահպանված քարե շենք է, դրսից` անմխիթար, հազիվ է կարողացել պահպանել: Կողքին տեղակայված գոմ ծառայող մյուս շինությունը քանդվել է: Տանիքը փոխված չէ, անձրևաջրերը տեղ-տեղ լցվում են ներս: Հույս ունի, որ մի օր կկարողանա ֆերմայի շենք-շինությունները վերանորոգել։

Պավել Գուսեւը Տաշիրը համարում է իր հայրենիքը, բայց դպրոցահասակ որդին Ռուսաստանի քաղաքացի է։ Ընտանիքի մասին շատ չի խոսում, միայն ասում է՝ սիրում է Տաշիրը ու աշխատում սիրով:

Ազգությամբ եզդի Համլետ Ուսուբովը նույնպես Տաշիրում տնտեսություն ունի: Նա մեծացել է անասնապահի ընտանիքում, հայրը ԽՍՀՄ տարիներին Տաշիրի խոշոր ֆերմաներից մեկի վարիչն է եղել: Մոլոկան Գուսևի նման Համլետ Ուսուբովին ևս մտահոգում է կաթի ցածր գինը: Ասում է՝ եթե կաթի գինը մի քիչ բարձր լինի, ֆերմերների գործը կհեշտանա: Հիմա նա 30 կով է պահում, գոմը կառուցված է տան հարևանությամբ, անասունների ավելի մեծ քանակ տեղավորելու հնարավորություն չունի:

Համլետի կարծիքով` անասնաֆերման պետք է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լինի, որպեսզի ստացված կաթը մաքուր լինի: Իր ֆերմայի համար օդափոխության և ջրով մաքրման համակարգ է կառուցել, ախոռներն առանձնացրել, կիթն էլ իրականացվում է միայն ավտոմատացված համակարգով:

Տնտեսությունը սկսել է երկու կովից, հետագայում աշխատանքի շնորհիվ կարողացել է հողերի մշակման տեխնիկա ձեռք բերել, որի շնորհիվ խոտհունձը ևս իրականացվում է ավտոմատացված համակարգով: Ըստ ֆերմերի՝ Տաշիրի նախաալպիական մարգագետնինները հնարավորություն են տալիս քաղաքում մնալ, սեփական տնտեսություն հիմնել ու եկամուտ ստանալ:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter