
Բերքաբերի նախկին համայնքապետի նկատմամբ 3 քրեական գործ է հարուցվել
Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքի նախկին համայնքապետ Արթուր Մադաթյանի նկատմամբ 3 քրեական գործ է հարուցել։
Երկու քրեականգործ հարուցվել է յուրացումներ և վատնումներ կատարելու հիմքով։ Մյուս քրեական գործը հարուցվել է պաշտոնական կեղծիք կատարելու հիմքով։ Սա այն դեպքն է, երբ պաշտոնատար անձը շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ, գրառումներ է մտցնում, կեղծումներ կատարում։
Քրեական գործերը հարուցվել են հուլիս և սեպտեմբեր ամիսներին, իսկ արդեն սեպտեմբերի 27-ին՝ միացվել։
Միացված գործերի նախաքննությունը շարունակվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, յուրացումներ կամ վատնումներ կատարելու հիմքով։
Արթուր Մադաթյանը քննվող քրեական գործում այս պահին որևէ կարգավիճակ չունի։ Այս տեղեկությունը «Հետք»-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Բերքաբերի նախկին համայնքապետ Արթուր Մադաթյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանություն դիմել է համայնքապետարանի քարտուղարը՝ 2014-ից սկսված դեպքերի առթիվ. «Առանձնապես ոչ մի բան չկա։ Բան են գրել սուտ, ինձ թվում է՝ լրիվ նորմալ է, ոչ մի բան էլ չկա, իրականությանը չի համապատասխանում»,- նշեց նա։
Նախկին համայնքապետը վստահեցնում է՝ որևէ յուրացում չի արել։ Ըստ նրա՝ դիմումներից մեկը եղել է այն հիմքով, որ «Վարդանյան ընտանիք»-ի կողմից տրամադրված գյուղտեխնիկան չի գրանցել. «Բայց տրակտորը գյուղում է, չի վաճառվել, աշխատել է բոլոր ժողովրդի համար։ Որևէ մեկը մի կոպեկ, մի լումա չի տվել»։
Դիմումներից մեկը վերաբերել է 2014 թվականի կրակոցների փոխհատուցումներին։ Համայնքապետը այդպես էլ հստակ չներկայացրեց, թե այս դեպքով ինչ է իրականում տեղի ունեցել, և ինչու է քարտուղարը դիմել ոստիկանություն։
Ըստ նախկին համայնքապետի՝ քարտուղարը ոստիկանությունում նաև հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերը գումար են հատկացրել ճանապարհը ասֆալտապատելու համար, սակայն Մադաթյանն այն չի ասֆալտապատվել. «Ասել եմ՝ բերեք մի մարդ, ով գումար է հատկացրել բյուջե»։
Նշենք, որ Արթուր Մադաթյանը հուլիսին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ այն պատճառաբանելով առողջական վիճակով։
Համայնքապետարանի քարտուղար Ալիսա Մայիլյանը համայնքապետ Արթուր Մադաթյանի կատարած չարաշահումների և յուրացումների փաստով մայիսին 11 կետից բաղկացած դիմում է ներկայացրել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։ Դիմումում առկա փաստերը ստուգելու համար նախարարությունն այն փոխանցել է իրավապահ մարմիններին։
Տիկին Ալիսան համայնքապետարանում քարտուղար է աշխատում 2012 թվականից։ Նրա պատմելով՝ տարբեր տարիների համայնքապետարանը բազմաթիվ բարերարներից օգնություն է ստացել, ինչը միանձնյա տնօրինել է, և դրանց ճակատագրից անտեղյակ են։
Համայնքի քարտուղարը որպես օրինակ նշեց «Գրանդ քենդի» ընկերության կողմից տարիներ շարունակ տրամադրվող ամանորյա նվերները։ Նրա փոխանցմամբ՝ դրանք պետք է բաժանվեին գյուղի բոլոր տներին, սակայն համայնքի ղեկավարը դրանք տրամադրել է ըստ ցանկության։
Քարտուղարի փոխանցմամբ՝ համայնքապետն իր ցանկությամբ է տնօրինել նաև համայնքին հատկացվող և համայնքային բյուջեի սոցիալական օգնության գումարները, նաև գումար է հատկացրել իրեն՝ որպես օգնություն. «Դա էլ ինքն էր ստանում՝ իր հարազատ-բարեկամով։ Այնքան մարդիկ կային, որ դրա կարիքն էին զգում, որ իրոք առողջական խնդիրներ ունեին՝ թե՛ վիրահատման, թե՛ բուժման, որոնք մեծ գումարների հետ էին կապված։ Բայց միայն ինքն էր հիվանդ, միայն իրեն էր գումար պետք, իր հարազատներին»,- նշեց համայնքի քարտուղարը։
Մայիլյանը հիշեց նաև 2014 թվականը, երբ համայնքապետը, որպես գնդակոծությունից տուժած, նշել է իր և եղբոր ընտանիքի անդամներին, գումար ստացել, սակայն վերջիններս բնակվելիս են եղել Իջևանում։
Նախկին քարտուղարի հաղորդմամբ՝ համայնքապետը յուրացրել է նաև բարերարներից ստացած օգնությունը։ Ասում է՝ տարբեր բարերարներից կանխիկ գումարներ է ստացել և բյուջե չի մուտքագրել, ծախսել է իր ցանկությամբ։
Մասնավորապես, նրա խոսքով, 2015 թվականին «Վարդանյան ընտանիքը» համայնքի հանդիսությունների սրահի վերանորոգման համար գումարներ է տրամադրել, որը համայնքապետը չի ծախսել ըստ նպատակի։ Ասում է, որ համայնքի բնակիչները բազմիցս Արթուր Մադաթյանին հարցրել են, թե վերանորոգման համար բարերարները որքան գումար են հատկացրել, սակայն վերջինս որևէ հստակ գումար չի նշել, ասելով՝ շատ քիչ։
Անդրադառնալով գյուղտեխնիկայի գնմանը՝ համայնքի քարտուղարը նշեց, որ «Վարդանյան ընտանիքը» Արթուր Մադաթյանին կանխիկ 5 միլիոն դրամ էր տրամադրել տրակտորի գնման համար, սակայն համայնքապետը այն օգտագործել է իր ցանկությամբ, և չգիտեն՝ տրակտորը որտեղից, ումից է գնել, գնման վերաբերյալ որևէ փաստաթուղթ համայնքապետարան չի ներկայացրել. «Դանակը ոսկորին էր հասել արդեն։ Իմ ձայնը լսող էլ չկար, որովհետև միշտ ասում էր՝ մարզպետն իմ ընկերն է, դատախազն իմ ընկերն է»։
Համայնքի քարտուղարը պատմեց նաև, որ 2014-2015 թվականներին ֆրանսիական կազմակերպություններից մեկը գյուղին 5 մայր խոզ էր տվել, որոնք համայնքապետը պետք է բաժաներ 5 ընտանիքիների, վերջիններս էլ նորածին գոճիները պետք է տրամադրեին այլ բնակիչների։ Սակայն համայնքի ղեկավարը օգնություն ստացած խոզերին տարել էր իր հայրական տուն։
Ալիսա Մայիլյանի խոսքով՝ Արթուր Մադաթյանը հրաժարական է տվել իր դիմումից հետո, երբ իրավապահները սկսել են ստուգել դիմումի մեջ առկա փաստերը։
Մեկնաբանել