HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Առաջարկ նախարարին». ընթերցողներին պատասխանում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը

«Հետք»-ը «Առաջարկ նախարարին» նախագծի շրջանակում հարցաթերթի միջոցով մոտ 200 առաջարկներ և հարցեր է ստացել` ուղղված նորանշանակ նախարարներին: Ներկայացնում ենք ընթերցողների՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին ուղղած հարցերը և առաջարկները՝ նախարարի պատասխաններով։


Կենսաթոշակներ և նպաստներ

- Հարգելի նախարար, ես խնդրում եմ ուշադրություն դարձնել «Փարոս» կոչվող համակարգով անապահով ընտանիքներին դրամական միջոցներ հատկացնելու գործընթացին։ Եվ առաջարկում եմ դրամական օգնություն հատկացնել յուրաքանչյուր անչափահաս երեխային, ոչ թե գործող խայտառակ սանդղակով։

- Հարգելի՛ քաղաքացի, ընտանեկան նպաստների համակարգի բարեփոխումները նախարարության առաջնային օրակարգում են և առաջիկայում սպասվող փոփոխությունները էականորեն կբարձրացնեն արդյունավետությունը և հասցեականությունը, այդ թվում ավելի կարևորելով երեխաների առկայությունը այդ ընտանիքներում: Խնդիրները շատ են ու բազմաշերտ, ուստի դաշտը համակարգային բարեփոխման կարիք ունի, ինչը, ցավոք, ժամանակ ու ռեսուրսներ է պահանջում։

Բավարար գնահատու՞մ եք նպաստների գործող համակարգը։ Ես՝ ոչ։ Առաջարկում եմ նպաստ տալ անչափահաս երեխաներին՝ առանց բացառության։

- Հարգելի՛ քաղաքացի, իհարկե նպաստների համակարգը մեր երկրում արդյունավետ համարել չի կարելի։ Սակայն կարևոր է, որ գիտակցենք, որ միայն աջակցության ծրագրերը պետք է ներառեն ոչ միայն ֆինանսական, այլև այլ կարևոր բաղադրիչներ։  Ընտանեկան նպաստների համակարգի բարեփոխումները նախարարության առաջնային օրակարգում են։ Անհրաժեշտ է, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդը ստանա այնպիսի աջակցություն, որի օգնությամբ կկարողանա դուրս գալ այդ դժվար կացությունից և շարունակի իր բնականոն կյանքը։ Ցավոք, միայն ֆինանասկան աջակցությամբ մենք այդ խնդիրը լուծել չենք կարող։ Դա է փաստում նաև նախորդ տարիների՝ ոլորտում առկա փորձն ու գրանցված արդյունքները։ Ուստի մենք պետք է ոլորտը բարեփոխենք այնպես, որ գնահատվեն մարդու բոլոր կարիքները և ֆինանսական աջակցության փոխարեն կամ դրան զուգահեռ քաղաքացին ստանա նաև սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Այս գործընթացում, իհարկե, երեխաներն առանձնահատուկ դեր ունեն։ Նրանց ուղղված ցանկացած արդյունավետ աջակցություն պետության ներդրումն է մեր առողջ ու բարեկեցիկ ապագայի ստեղծման գործում։ 

- Բարև Ձեզ, տիկ. Թանդիլյան: Շնորհավորում եմ և ցանկանում եմ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Ուշի ուշով հետևում եմ Ձեր կատարած բարեփոխումներին: Շատ եմ ցանկանում և կարևորում, որ անդրադառնաք նաև նպաստների կոռումպացված համակարգին: Որտեղ նպաստ ստանում են բոլորը՝ բացի կարիքավորներից: Ցավոք այդտեղ էլ է շատ «կեղտը»:

- Հարգելի՛ քաղաքացի, ԱՎԾ հետազոտությունների տվյալներով ընտանեկան նպաստների հասցեականությունը վերջին տարիներին գերազանցում է 70 տոկոսը: Մենք այս փուլում քննարկում ենք ոլորտը բարեփոխելուն ուղղված մի շարք նախագծեր, որոնք ուղղված են նպաստներն ու սոցիալական մյուս ծառայություններն ավելի հասցեական ու արդյունավետ դարձնելուն։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա հայտնում եմ, որ այդ հարցով ներկայումս զբաղվում են իրավապահ մարմինները: Նախարարությանն ուղղված ցանկացած գրություն, որտեղ կան իրավախախտումների մասին տեղեկություններ, ուղղվում են համապատասխան իրավական մարմիններ։ Այս ժամանակահատվածում դիտարկվում են անգամ անստորագիր նամակները։ Այս համատեքստում հարկ է նշել, որ բողոք պարունակող գրությունների զգալի մասը անանուն է, ինչը թույլ չի տալիս երբեմն լիարժեքորեն իրականացնել դեպքի քննություն։ Ամեն դեպքում, համոզված եմ, որ առաջիկայում ոլորտում համակարգային փոփոխությունները դաշտն ավելի թափանցիկ ու արդյունավետ կդարձնեն, իսկ չարաշահումների համար պատասախանատու անձինք կենթարկվեն պատասխանատվության։

- Բարեվ ձեզ, ես Զարուհի Խաչատրյանն եմ, ապրում եմ երկու անչափահաս երեխաներիս հետ: Ամուսինս վեց տարի է՝ մահացած է: Վարձով եմ մնում: Մշտական աշխատանք չունեմ, սոցալիապես անապահով եմ: Չեմ ստանում ոչ մի տեղից գումար, որտեղ դիմում եմ, չեն օգնում: Խնդրում եմ խորհուրդ տվեք՝ ինչ անել:

- Հարգելի քաղաքացի, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի   13-րդ հոդվածի համաձայն` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի անդամներին, մասնավորապես՝

1) մահացած կերակրողի 18 տարին չլրացած երեխաներին,

2) ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը,    

3) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ամուսնուն, եթե չի աշխատում,

4) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում:  

Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ: 

Պահանջվող աշխատանքային ստաժի բացակայության դեպքում կարող է քննարկվել կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու հարցը:

 Ելնելով վերոգրյալից՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ (կամ կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ) նշանակելու հարցով Ձեզ խորհուրդ է տրվում գրավոր դիմել կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

- Հարգելի տիկին Թանդիլյան, առաջարկս վերաբերում է պարտադիր կուտակային հատկացումներին: Լինելով ֆինանսական հատվածի աշխատող՝ մենք այնպես, թե այսպես պարտադրված էինք հենց սկզբից մասնակցել այդ ծրագրին, որը տարբեր տեսակի փոփոխություններ ունեցավ, բայց ի վերջո դրա մեջ ներառված վատ պահերը չվերացվեցին: Առաջարկում եմ Ձեր քննարկումների ընթացքում ավելացնել հետևյալ փոփոխությունները, որոնք կարող են այդ ծրագիրը ավելի գրավիչ դարձնել առանց պարտադրանքի.

1. Պարտադիր կոմպոնենտում կիրառել ոչ թե պրոգրեսիվ բնույթ, այլ ռեգրեսիվ: Այսինքն գանձվող եկամուտների մեծացման զուգահեռ իջեցնել տոկոսի չափը 5 և 3 տոկոս համապատասխանաբար: Կարելի է կիրառել նաև 1 տոկոս ավելի բարձր եկամուտների համար:

2. Պետության կողմից համալրման գործընթացը դնել կազմակերպության վրա և դրա կրկնակի չափով թույլ տալ նվազեցում շահութահարկով նախատեսված ծախսերով:

3. Այդ միջոցներից օգտվելու հնարավորություն հատուկ դեպքերում, որի ցանկը պետք է մեծացվի (ոչ միայն մահացու հիվանդության դեպքում): Ուղղակի սահմանափակել հարկման մեխանիզմներով, ինչպես նաև վերադարձման հնարավորությամբ՝ հավաքված գումարի ինչ-որ մասի համար:

4. Ժամկետի ավարտին գումարը վերցնելու հնարավորության բազմազանություն՝ նորից կարգավորելով հարկման մեխանիզմներով: Գործող օրենքով «սուտ մարդասիրական» մոտեցումով սահմանված է մինիմալ 5 տարի ժամկետ: Մահվան դեպքում բաշխում են ժառանգների ֆոնդերի մեջ շինծու ենթադրություններով: Տվյալ մարդու թոշակային հատկացումը, թող ինքը օգտագործի, այլ ոչ թե ֆոնդի ռեսուրսի հարց լուծի:

- Հարգելի՛ քաղաքացի, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններին վերաբերող քննարկումները շահագրգիռ բոլոր կողմերի հետ (ՀՀ վարչապետի և փոխվարչապետի աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ) սկսվել են առաջին իսկ օրվանից և շարունակվում են։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ տեղի են ունեցել նաև քաղաքացիների հետ: Հանդիպումների նպատակն է` օրենքի հայեցակարգային մոտեցումներում ձևավորել և ունենալ ՀՀ կառավարության միասնական դիրքորոշում: 

Օրենքի նախագծի շրջանակում առաջարկվում են փոփոխություններ, որոնք, հաշվի առնելով ժողովրդագրության և քաղաքացիների սոցիալական բեռին առնչվող խնդիրները, համակարգը կդարձնեն առավել գրավիչ, ընդունելի և հնարավորություն կտան սոցիալական խնդիրները փոխկապակցել լուծումների հետ։ 

Օրենքի նախագիծը վերջնական տեսք կունենա ՀՀ կառավարության միասնական դիրքորոշումը ձևավորելուց հետո։ 

Տեղեկացնում եմ, որ խնդրո առարկա օրենսդրական փոփոխության շրջանակներում մշակված իրավական ակտի նախագիծը օրենքով սահմանված կարգով ենթակա է հանրային քննարկման: Ըստ այդմ, նախարարության օրենսդրական նախաձեռնության մասին կարող եք տեղեկանալ (ինչպես նաև կարող եք Ձեր կարծիքը թողնել) իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am): 

- Հարգելի Մանե Թանդիլյան, հավանաբար տեղյակ կլինեք, որ Կենտրոնական բանկը, օգտագործելով իր վերահսկողական իրավունքները ՀՀ-ում գործող ֆինանսական կազմակերպությունների վրա, ստիպել է, որ իբր «կամավոր» կենսաթոշակային կուտակային համակարգին անդամակցեն նաև աշխատողներ, որոնք տարիքով մեծ են, այսինքն՝ ծնվել են 1974թ. հունվարի 1-ից առաջ: Պարզ է, որ չանդամակցելու գինը աշխատանքից ազատման սպառնալիքն էր: Ստացվեց, որ օրինակ 2016թ. «կամավոր» համակարգին մարդիկ միացան (ինչպես ես), իսկ պարտադիր կերպով նրան անդամակցողների մի հատվածի համար այն գոնե կարծեմ 2 անգամ արդեն հետաձգվել է: Առաջարկում եմ գոնե այդ մարդկանց օրենքով տալ հնարավորություն փոփոխելու իրենց որոշումը, քանի որ ինչպես դուք եք նշում, համակարգին անդամակցումը պետք է լինի իրապես կամովի,այլ ոչ թե ստիպողաբար «կամովի»:

- Հարգելի՛ քաղաքացի, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մինչև 01.07.2018 թ. 1974 թ. հունվարի 1-ից առաջ ծնված՝ կամավոր միացածների թիվը 400-500 է:

Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ մինչև 1974 թ․ ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, վճարում են սոցիալական վճար (դառնում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից) եթե օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում:

Ընդ որում, եթե օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ 1964 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումը ներկայացնում է մինչև 2018 թ․-ի հուլիսի 1-ը, ապա նրա համար (օգտին) կուտակային հատկացումները կատարվում են օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով (1974 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի սահմանված կարգով): 

Բոլոր դեպքերում սոցիալական վճար կատարելու պարտականությունից անձը կարող էր հրաժարվել մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը՝ հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:

Սկսած 01.07.2018 թ. համակարգը գործում է ամբողջությամբ՝ 1974 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը հանդիսանում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ (կատարում են սոցիալական վճարներ): 

Համակարգի մասնակցի կարգավիճակի  ընտրությանն առնչվող որևէ նոր կարգավորում սահմանելը չի բխում օրենքի տրամաբանությունից և վարվող քաղաքականությունից:

Բարձրացված հարցի լուծումը նաև բովանդակային առումով դուրս է Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի կարգավորման շրջանակից, քանի որ այն վերաբերում է անձի կամարտահայության  սահմանափակմանը:

Աշխատանքային իրավունք

- Խնդրում եմ այնպիսի մի միջոց ձեռնարկեք, որ բոլոր գործատուները գրանցեն իրենց աշխատողներին, բայց ոչ աշխատողի կրճատման և մյուս աշխատողներին անխնա շահագործելու հաշվին։ Վերականգնեք աշխատողների իրավունքները մասնավորին բերեք օրինական դաշտ մարդկանց աշխատացնում են՝ ոնց իրենց հարմար է, բացարձակ չի համապատասխանում աշխատանքային օրենսգրքի կանոններին։ Շնորհակալություն:

- Հարգելի՛ քաղաքացի, չգրանցված (անօրինական) աշխատողներին օրինական դաշտ բերելու խնդիրը խիստ կարևոր է։ Այս պահին գործող կարգավորումների համաձայն՝ առանց աշխատանքային պայմանագրի աշխատողը համարվում է անօրինական աշխատող, իսկ անօրինական աշխատող պահելու դեպքերի նկատմամբ վերահսկողություն իրականացնում են հարկային մարմինները՝ հարկային իրավախախտումների շրջանակներում։

Այս խնդրի լուծման համար կարևոր է ոչ միայն լիազոր մարմնի, այլև ոլորտին առնչվող մյուս գերատեսչությունների, տեղական և միջազգային կառույցների ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև անկախ արհեստակցական միությունների ու ամբողջական լիազորություններ ունեցող աշխատանքային տեսչության դերը։

Այս ուղղությամբ մշակվում են ոլորտը կարգավորող նախաձեռնութուններ, որոնք ուղղված են նաև աշխատանքային օրենսդրության նկատմամբ  ամբողջական վերահսկողական մեխանիզմների ներդրմանն ու ահրեստակցական միությունների հզորացմանը։ 

- Խնդրում եմ այդ զբաղվածության կենտրոններին ու դրանց աշխատանքներին ուշադրություն դարձրեք, էդ անունն էլ փոխեք, ի՞նչ զբաղվածություն էս ժողովուրդը իր համար զբաղմունք կարող է գտնել, հեչ որ հեչ նարդի կխաղան, կզբաղվեն.... Դուք մտածեք մարդկանց աշխատանքով ապահովելու մասին: Ես հաճախ եմ լսել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչեցված մտքեր, թե մենք պետք է ապահովենք միջավայր և պայմաններ, որտեղ ներդրող գործարարը կգա ու աշխատատեղեր կապահովի, մենք կոմունիստական պետություն չենք, մենք կապիտալիստական պետությունների արժեքներով ենք ապրում... Ռուսները մի խոսք ունենն, ասում են՝ դեռ չթռած հոպ մի սա: Էս պետությունը նորմալ չոչ անել չի սովորել, արդեն թռնելու մասին է խոսում... Խոսքս վերաբերում է կոնկրետ էդ պաշտոնյաներին, ոչ թե ձեզ, դուք ել կարող եք հետեւություններ անել... Եվրոպական շատ պետություններ, որոնք տասնամյակներ շարունակ կապիտալիստական ժողովրդավարության ուղիով են ապրում, մինչեւ հիմա ունեն պետական գործարաններ ու խոշոր ձեռնարկատիրական հաստատություններ, դուք ուզում եք սաղ սեփականացնել: Սոցիալիստական որոշ արժեքներ ու համոզմունքներ պետության կայացման ու զարգացման մեջ ուղղակի անհրաժեշտություն են, դա մի անտեսեք: Հոլանդիան ու Գերմանիան հենվում են երկու հոսանքների գաղափարական համոզմունքների վրա... Դրանք կապիտալիստական երկրներ չեն, վատ էլ չեն ապրում... Գուցե ավելի ճիշտ կլինի սոված մարդուն ձուկ տալու տեղը ձուկ բռնելու կարթ տաք ու սովորեցնեք՝ ինչպես ձուկ բռնել ու էլ ձեզնից չմուրալ:

Նպաստներ բաժանելու տեղը գուցե աջակցեք՝ ով կարող է, սեփական աշխատանքով հոգա իրա կարիքները․․․ Օրինակ՝ Հոլանդիայում ու Գերմանիայում պետությունը ընկերություն է ստեղծել, որը զբաղվում է ոչ թե միայն համապատասխան աշխատանք գտնելով ու ապահովելով, այլ նաեւ գործատուի ապօրինի գործողություններ իրականացնելու դեպքում ստանձնում է աշխատողի աշխատանքային իրավունքի պաշտպանմամբ: Գուցե մեզ էլ նման կառույցները չէին խանգարի, քան թե էդ սուտի զբաղվածության կենտրոնի հովանավորե՞լը: Գերմանիայում ու Հոլանդիայում ծերերի համար հատուկ ակրոպոլիսներ կան, որտեղ ծերերը ապրելու և ծերությունը վայելելու բոլոր հնարավոր պայմաններն ունեն՝ ի շնորիվ ծերության ապահովագրական միջոցների եւ աշխատավարձերից հետպահումների... Գուցե պետք է մտածել սոցիալական այնպիսի կառույցների մասին, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենան թոթափել իրենց սթրեսը որոշ առողջարարական ու ֆիզիոթերապեվտական աշխատանքների միջոցով, որպեսզի հետո հոգեկան շիզոֆրենիայի անգրագետ ախտորոշմամբ չդատապարտվեն անմարդկային պայմաններում պայքարելու աշխարհի ու հոգեկան ծանրագույն դեպրեսիաների դեմ... Այո ձեր ոլորտը բավականին լուրջ ոլորտ է, որից ի հայտ են գալիս մնացած ոլորտներում խնդիրներն ու դրանց պատճառները... Հաջողություն եմ մաղթում ձեզ ձեր պատասխանատու գործում:

Հարգելի՛ քաղաքացի, հավատացեք՝ զբաղվածության ոլորտում առկա խնդիրներին ծանոթ ենք նաև մենք և ակնհայտ է, որ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը բավարար չէ։ Ցավոք, արագ և մակերեսային փոփոխություններով ոլորտի խնդիրները լուծել հնարավոր չէ։ Հավատացնում եմ, որ զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի բարեփոխման, դրանց հասցեականության աստիճանի բարձրացման հարցը մեր նախարարության առաջնահերթությունների ցանկում է։

- Առաջարկում եմ սահմանել պրոֆմիությունների ներքին կազմակերպման վերաբերյալ մինիմալ ժողովրդավարական նորմատիվներ, օրինակ՝ ղեկավարության վերընտրվելիության պահանջ, ժողովներ անցկացնելու պարտականություն, հարցերի շրջանակ, որոնք միայն մասնակիցների քվեարկությամբ կարող են որոշվել: Տիպային պայմանագրեր պատրաստել, որոնք թույլ կտան առանց դժվարության նոր, անկախ պրոֆմիություն ստեղծել:

- Հարգելի՛ քաղաքացի, թեպետ արդեն իսկ գործող «Արհեստակցական միությունների մասին» օրենքի համաձայն արհեստակցական միքությունն ինքնին ազատ է և անկախ իր կանոնադրությամբ ղեկավար ընտրելու և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման և գործունեության կարգը, մասնակիցների (անդամների) իրավունքները սահմանելու հարցում, սակայն օրենքի կիրարկման և դաշտում առկա պրակտիկայի մասով այնուամենայնիվ խնդիրներ կան։ Նախարարությունը կարևորում է արհեստակցական միությունների անկախության և հզորացման խնդիրը և նույնիսկ, այդ թեմայով գործընկեր կառույցների հետ անցկացվել է աշխատանքային համաժողով, որտեղ ներկայացված առաջարկներն ու դիտարկումներն այս պահին ամփոփվում են։ Տեղեկացնում եմ, որ ոլորտում առկա իրավիճակի շտկմանն ուղղված նախաձեռնությունների մի քանի տարբերակներ կան, որոնք այժմ քննարկվում են ոչ միայն ոլորտին առնչվող գերտեսչությունների, այլև գործընկեր միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։

- Աշխատանքային օրենսգրքի փոփոխություն առաջարկել, որը կարգելի գործատուին աշխատանքից հեռացնել գործադուլ հայտարարած աշխատակիցներին, եթե մասնակցում են աշխատակիցների առնվազն, օրինակ, 20%-ը:

- Հարգելի՛ քաղաքացի, Օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված են գործադուլավորների իրավական վիճակը և երաշխիքները։ Ընդ որում, նույն հոդվածի 2-րդ մասով գործադուլին մասնակցող աշխատողներն ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից: Գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը (պաշտոնը): Միևնույն ժամանակ Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունելուց հետո և գործադուլի ընթացքում, եթե աշխատողն այդ գործադուլին մասնակցում է սույն օրենսգրքով սահմանված կարգով։

- Օրենքով սահմանել աշխատավարձի վճարման ուշացման դեպքում հավելավճարի պարտականություն, որը կհաշվարկվի մաքսիմալ վարկային տոկոսադրույքով (տարեկան 24%):

- Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը։

Ավելին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1698-րդ հոդվածով գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելու կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելու համար սահմանվել է տուգանքի նշանակում նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով: Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

- Օրենքով սահմանել, որ կազմակերպությունը պարտավոր է վճարել աշխատավարձները մինչև իր բոլոր այլ պարտականությունները կատարելը: Այդպիսով կազմակերության սնակությունից առաջ պետք է նախօրոք վճարվեն բոլոր աշխատավարձները, հետո նոր հատուցվեն պարտքերը այլ կազմակերություններին:

- Հարգելի՛ քաղաքացի, «Սնանկության մասին» Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են պարտատերերի չապահովված պահանջները բավարարելու հերթականությունը, որում առաջին հերթին («ա»-րդ կետ) բավարարվում են կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում` գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները), վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները, վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը, պարտադիր սոցիալական վճարները, աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը։

Միևնույն ժամանակ նշենք, որ պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) պահանջները ենթակա են բավարարման նույն հոդվածի 1-ին մասի «թ»-րդ կետով։

«Սնանկության մասին» Օրենքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է նաև, որ եթե առկա միջոցները բավարար չեն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ վճարելու համար, ապա աշխատավարձի վճարումը կատարվում է համամասնորեն կամ աշխատավարձի վճարումն իրականացվում է` հիմք ընդունելով աշխատավարձի չափի մեծությունը` փոքրից դեպի ավելի մեծ առաջնահերթությամբ։

- Խստացնել գործատուի պատասխանատվությունը աշխատանքի անվտանգության կանոնները չպահպանելու և աշխատավայրում դժբախտ պատահարների դեպքում:

- Հարգելի՛ քաղաքացի, 2018 թ. մարտի 23-ին ընդունված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2018թ. ապրիլի 9-ից)  նախատեսվել է, որ ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների կազմում գործելու է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ (ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսի 19-ից) հաստատվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը: Կանոնադրության համաձայն՝ նոր ստեղծված Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների նկատմամբ վերահսկողությունը և մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողությունը:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 961-ին հոդվածով սահմանված է, որ.  

 Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը մեկից ավելի անգամ խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

- Արդյոք չե՞ք պատրաստվում փոխել թոշակի գնալու տարվա սահմանը՝ հաշվի առնելով, որ 50-ից բարձր մարդկանց գործ չեն տրամադրում:

- Վերջին տասնամյակներում տարբեր երկրների կենսաթոշակային համակարգերում կատարվում են պարամետրիկ փոփոխություններ: Ընդ որում, հիմնականում բարձրացվում է կենսաթոշակի իրավունք տվող տարիքը` պայմանավորված մի շարք գործոններով` ժողովրդագրական իրավիճակի փոփոխությամբ (հասարակության ծերացում), կյանքի տևողության ավելացմամբ և այլն:

Հայտնում եմ նաև, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը իջեցնելը չի բխում Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականության սկզբունքներից:

Արդյո՞ք նախարարության նախկին ղեկավարության կողմից առաջադրված, հիմնականում աշխատողների իրավունքները ոտնահարող, ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունելի տարբերակ է այժմ կրկին համարվում ու հաստատմանն է ուղարկվելու:

- 2018 թ. հունվարին Կառավարության աշխատակազմ ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Օրենքի նախագիծը 2018 թ. հուլիսին հետ է ուղարկվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ քննարկելու նոր  նախագիծ մշակելու անհրաժեշտության հարցը։

- Երևանի աշխատանքի տեղավորման մի շարք գործակալություններ խաբել են ինձ, ու վստահ կարող եմ ասել՝ ինձ նման շատ շատերին։ Մուծել եմ 3000 դրամ ապարդյուն։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ գործակալությունների աշխատանքը վերահսկելու նպատակով։

- Հարգելի՛ քաղաքացի, ՀՀ ԱՍՀՆ-ն իր լիազորությունների շրջանականերում աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների նկատմամբ վերահսկողական գործառույթներ չունի: 

Աշխատանքի տեղավորման նպատակով կարող եք դիմել ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններ, որոնք իրականացնում են աշխատանքի տեղավորման միջնորդության ծառայություններ անվճար հիմունքներով:  

- Մայրս 13 տարվա ստաժի մասին տեղեկանք ուներ կոլխոզում աշխատած տարիներին, որը սակայն այդպես էլ չընդունվեց՝ իբր աշխօրերով ձևակերպված չլինելու պատճառով: Գյուղում արխիվը այրված, թե ոչնչացված է, ասեցին, որ դատարանով է պետք կազմակերպել, ինչը մենք չենք ցանկանում: Սա արդար չէ, ավելորդ քաշքշուկ է, երբ մարդն իրոք աշխատել է ու ինքն էլ շատ ցավում է, որ անասելի պայմաններում երկար տարիների այդ փորձից նա չկարողացավ օգտվել: 

- ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնների» 18-րդ կետի համաձայն` կոլտնտեսության անդամի՝ կոլտնտեսությունում աշխատած ժամանակահատվածը հաստատվում է աշխատանքային գրքույկով կամ աշխատանքի մասին կոլտնտեսությունների վարչությունների ունեցած փաստաթղթերի հիման վրա տրված փաստաթղթով, կամ արխիվի տված տեղեկանքով, ընդ որում, տարվա ընթացքում վաստակած մեկ աշխօրը հաշվառվում է որպես մեկ աշխատանքային օր, հարյուր և ավելի աշխօրը` մեկ աշխատանքային տարի, իսկ մեկ մարդ-օրը հաշվառվում է որպես մեկ աշխատանքային օր: Կոլտնտեսությունում աշխատած ժամանակահատվածում ռուբլով վարձատրված լինելու մասին փաստաթուղթ ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր 70 ռուբլին հաշվարկվում է որպես մեկ ամսվա ստաժ, իսկ 840 և ավելի ռուբլին՝ որպես մեկ տարվա ստաժ:

Այսինքն, օրենսդրությամբ սահմանված է կոլտնտեսությունում աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառելու կարգը՝ ըստ աշխօրի կամ ըստ մարդ օրերի: Աշխատանքային գրքույկը իրավահարաբերությունները ծագելու պահին (կոլտնտեսությունում աշխատելու ընթացքում) այն լրացնելու կարգին համապատասխան չլրացվելու և դրա պատճառով աշխատանքային գրքույկում պահանջվող տեղեկատվության (տարվա ընթացքում վաստակած աշխօրերի կամ մարդ-օրերի վերաբերյալ) բացակայության դեպքում հնարավոր չէ հաշվարկել կոլտնտեսությունում աշխատած ժամանակահատվածը:

- 1992-2013 թթ.. ժամանակահատվածը աշխատանքային ստաժում ներառելու համար անհրաժեշտ է լինում նաև կազմակերպության կողմից սոց. վճարներ կատարած լինելու մասին կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ: Սակայն 1992-2004 թթ.. այդ տեղեկատվությունը գտնելը երբեմն անհնար է լինում' կազմակերպությունում կամ արխիվում այդ տվյալների չպահպանվելու (կամ պահպանված է լինում մասնակի) պատճառով: Ի՞նչ տարբերակ եք տեսնում այս խնդրի լուծման հարցում:

- «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

Աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկությունները անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը) հարցման միջոցով ստանում է պետական արխիվից, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժեշտ տվյալներ: Հարցման համար անհրաժեշտ տվյալների ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Սոցիալական ծրագրեր

- Հրատապ և զարգացման համար ճակատագրական. պետք է գործի պետության կողմից ֆինանսավորվող աջակցություն՝ վերապատրաստման և մասնագիտություն ձեռք բերելու համար, որ գործազուրկները կարողանան աշխատաշուկա մտնել։ Խոսքը բարձրագույն կրթության մասին չէ: Թեկուզ համակարգչային դասընթացներ և այլն․․․ Վերջապես ռեալ գործազուրկների նորմալ վիճակագրություն ունեցեք։

- Հարգելի՛ քաղաքացի, Ձեր կողմից բարձրաձայնված խնդիրը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Այո, ցավոք աշխատաշուկայում հաճախ տեղերը թափուր են մնում նաև այն պատճառով, որ չկան անհրաժեշտ հմտություններ ունեցող մարդիկ։ Ինչպես գիտեք, 1996 թ.-ից Զբաղվածության պետական գործակալությունն իրականացնում է գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագիրը, որի նպատակն ունկնդրին աջակցելն է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում։ 2018 թ.-ից սկսած իրականացվում է նաև աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագիրը, որի նպատակն է աշխատաշուկայում անմրցունակ և առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների ու կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռման միջոցով կայուն զբաղվածության ապահովումը:

Հարկ է նշել, որ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների կողմից իրականացվում է կենտրոն դիմած աշխատանք փնտրող անձանց, այդ թվում` գործազուրկների հստակ հաշվառում:

Իհարկե իրականացվող ծրագրերի արդյունավետությունը բավարար չէ և զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի բարեփոխման, դրանց հասցեականության աստիճանի բարձրացման հարցը մեր նախարարության առաջնահերթությունների ցանկում է։

- Պետական միջոցներով ձեռք բերեք բնակելի շենքեր, որոնք կմնան պետական սեփականություն ու տրամադրեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին: Անտանելի վիճակում ապրող երեխաներ կան: 

- Հարգելի՛ քաղաքացի, պետական միջոցներով շենքերի ձեռքբերում և դրա կարիքն ունեցող քաղաքացիներին տրամադրում, ցավոք, մեր պետությունը դեռ չի նախատեսում։ Սակայն տեղեկացնում եմ, որ նախարարության օրակարգում է «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը, որի ընդունումը հնարավորություն կտա բազմազավակ ընտանիքներին ցուցաբերել արդյունավետ աջակցություն, այդ թվում նաև նախատեսել կացարանով ապահովումը:

- Առաջարկում եմ ձեռնարկություններին հարկային արտոնություններ տրամադրել՝ ուսուցման նպատակով աշխատողներ կամ նորավարտ ուսանողներ ընդունելու դեպքում:

- Հարգելի՛ քաղաքացի, Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվում է Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման ծրագիրը, որի շրջանակներում գործատուն պարտավորվում է աշխատանքային պայմանագիր կնքել առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկի հետ առնվազն 3 ամիս ժամկետով, որի ընթացքում գործազուրկը ձեռք է բերում մասնագիտական աշխատանքային փորձ` դառնալով աշխատաշուկայում առավել մրցունակ: Ընդ որում, ծրագրի իրականացման առաջնահերթությունը տրվում է այն գործատուին, որը պարտավորվում է ծրագրի ավարտից հետո առնվազն մեկ տարի գործազուրկի հետ շարունակել աշխատանքային հարաբերությունները: Ծրագրի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում գործատուին տրվում է գումար` գործազուրկի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը փոխհատուցելու համար:

- Տիկին Թանդիլյան, բազմաթիվ դժգոհություններ եմ լսել Նորքի տուն ինտերնատից: Դժգոհությունները վերաբերում են թե՛ այնտեղ գրանցվածների պահման պայմաններին, թե՛ բուժաշխատողների աշխատանքային պայմաններին։ Նաև նշվում է, որ նախկինում նախարարության կողմից բոլոր ստուգումների ժամանակ տուն ֊ինտերնատի տնօրինությունը միշտ նախապես զգուշացվել է այցելությունների ու ստուգումների մասին։ Խնդրում ենք ուշադրության կենտրոնում պահել նաև այս կառույցում աշխատողների և գրանցվածների խնդիրները։ Շնորհակալություն։

- Հարգելի՛ քաղաքացի, հավատացեք, որ այդ խնդիրների մասին լսում ենք նաև մենք։ Հաճախ մեզ են գրում նաև խնդիրների մասին պատմող նամակներ, որոնցում առկա տեղեկություններն ու փաստերը համապատասխան ընթացակարգով դառնում են քննարկման առարկա։ Օբյեկտիվ պատճառներով, այս պահին այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին դեռևս նախարարությունը  բարձրաձայնել չի կարող, սակայն  համոզված եղեք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում այդ հաստատությունը կմատուցի որակյալ ծառայություններ ու կունենա արդյունավետ կառավարում:

- Բարև Ձեզ: Նախորդ կառավարությունում որոշ տեղեկություններ կային մի ծրագրի մասին, որով միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին պետք է հնարավորություն տրվեր բնակարան գնել։ Կա՞ արդյոք այդպիսի ծրագիր և ի՞նչ փուլում է այն: Շնորհակալություն։

- Այս պահին կառավարության և ԿԲ-ի նախաձեռնությամբ իրականացվում են բարեփոխումներ հիփոթեքային վարկերի հասանելիության մասով, որն արդեն ավելի լայն շրջանակի հնարավորություն է տալիս ստանալ վարկ ավելի ցածր տոկոսադրույքով: 

Արդյո՞ք նախատեսվում են աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում, եթե այո, ապա մինչև երբ և որքանի սահմաններում: 

- Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 55000 դրամ է, որը սահմանված է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Օրենքի 1-ին հոդվածով։ Ներկայում քննարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2019 թվականից բարձրացնելու հարցը։

Ինչ վերաբերում է կենսաթոշակներին՝ ապա տեղեկացնում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակի տրամադրումը անընդհատ և խիստ ծախսատար գործընթաց է՝ նախարարությունը որդեգրել է հարցի լուծման ոչ թե համաչափության սկզբունքը, այլ աղքատների թիրախավորումը: Ինչպես գիտեք՝ այս պահին արդեն իսկ շրջանառվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ներդրվում է նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։ Նախագիծն ընդունվելու դեպքում կառավարությունը կսահմանի նվազագույն կենսաթոշակի չափ, որից պակաս չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։ 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25 500 դրամ, որի հիմքում դրված է ծայրահեղ աղքատության շեմը՝ 23 313 դրամ (2016 թ տվյալներ) գումարած տարեկան 3 տոկոս գնաճ: Ուստի, եթե կենսաթոշակի չափը պակաս է նվազագույն կենսաթոշակի չափից, ապա քաղաքացին ստանալու է նվազագույն կենսաթոշակ, այս դեպքում՝ 25500 ՀՀ դրամ:

Բազային կենսաթոշակի բարձրացման հարցը ևս կառավարության ուշադրության կենտրոնում է․ ՀՀ պետական բյուջեում համապատասխան միջոցների առկայության դեպքում կքննարկվի նաև այդ հնարավորությունը։ Ձեռնարկվող կոնկրետ միջոցառումների վերաբերյալ հանրությունը կտեղեկացվի (կենսաթոշակին վերաբերող հատվածը առաջարկ 12-ի պատասխանն է)։

Ավելացնել թոշակներն այնքան, որ մարդիկ դրանով գոնե մի ամիս կարողանան հաց գնել:

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակի տրամադրումը անընդհատ և խիստ ծախսատար գործընթաց է՝ նախարարությունը որդեգրել է հարցի լուծման ոչ թե համաչափության սկզբունքը, այլ աղքատների թիրախավորումը: Ինչպես գիտեք՝ այս պահին արդեն իսկ շրջանառվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ներդրվում է նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։ Նախագիծն ընդունվելու դեպքում կառավարությունը կսահմանի նվազագույն կենսաթոշակի չափ, որից պակաս չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։ 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25 500 դրամ, որի հիմքում դրված է ծայրահեղ աղքատության շեմը՝ 23 313 դրամ (2016 թ․ տվյալներ) գումարած տարեկան 3 տոկոս գնաճ: Ուստի, եթե կենսաթոշակի չափը պակաս է նվազագույն կենսաթոշակի չափից, ապա քաղաքացին ստանալու է նվազագույն կենսաթոշակ, այս դեպքում՝ 25500 ՀՀ դրամ:

Բազային կենսաթոշակի բարձրացման հարցը ևս կառավարության ուշադրության կենտրոնում է․ ՀՀ պետական բյուջեում համապատասխան միջոցների առկայության դեպքում կքննարկվի նաև այդ հնարավորությունը։ Ձեռնարկվող կոնկրետ միջոցառումների վերաբերյալ հանրությունը կտեղեկացվի:

- Հարգելի տիկին նախարար, խնդրում եմ լուրջ վերահսկողության տակ առնել հանրապետության մանկատներն ու տարեցների համար նախատեսված տները: Ուժեղ պետությունը երևում է հասարակության ամենաանպաշտպան խավերի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով: Ծնողների կողմից լքված երեխաներն ու երեխաների կողմից լքված տարեցները շատ հաճախ հադիսանում են այդ հաստատությունների տնօրինության քմահաճույքի գերին: Շատ հաճախ այդպիսի հաստատություններում բանտային պայմաններին մոտ իրականություն է: Խնդիրներ կան սննդի, հիգիենայի, ջեռուցման և կենսական նշանակության այլ հարցերի հետ կապված: Խնդրում եմ լրջագույն վերահսկողություն ու կանոնավոր ստուգումներ անցկացնել նման հաստատություններում: Համոզված եմ, որ ստուգումների դեպքում կհայտնաբերվեն պետությունից այդ հաստատություններին հատկացված գումարների ոչ նպատակային ծախսման բազմաթիվ դեպքեր: Եվ մի խնդրանք ևս, նման հաստատություններ այցելեք հանպատրաստից, առանց տնօրինությանը տեղյակ պահելու, խոսեք ոչ այնքան տնօրինության, որքան այնտեղ ապրողների հետ, ցանկալի է՝ առանց վկաների, որպեսզի ծանոթանաք իրական վիճակին և ոչ այն «ֆեյքին», որը կստեղծվի հատուկ բարձրաստիճան պատվիրակության համար և հօդս կցնդի պատվիրակության մեկնելուն պես:

- Հարգելի՛ քաղաքացի, այս ոլորտում առկա խնդիրները մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Տեղեկացնում եմ, որ այս փուլում մենք իրականացնում ենք մանկատների հիմնական մասի վերակազմակերպման գործընթաց, որը նպատակ ունի ապահովել երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքը՝ միաժամանակ տրամադրելով նրանց անհրաժեշտ սոցիալական ծառայություններ։ Քննարկում ենք  նաև այլ խնամքի հաստատությունների ավելի արդյունավետ կառավարման մեխանիզմներ։ Բոլոր այս փոփոխությունների հիմքում պետք է լինի մարդը՝ իր ճիշտ գնահատված կարիքներով։ Տեղեկացնում եմ, որ իրականացվում են հաստատությունների աշխատանքի գնահատման միջոցառումներ, ինքս էլ անձամբ այցելում եմ այդ հաստատություններ՝ տեղում ծանոթանալու խնդիրներին։ Լիահույս եմ, որ մոտ ապագայում նման հաստատությունները կմատուցեն որակյալ ծառայություններ ու կունենան արդյունավետ կառավարում՝ իրականացնելով իրենց առաքելությունը:

Այլ

- Հարգելի տիկին նախարար, խնդրում եմ Ձեզ ուսումնասիրել և վերանայել հաշմանդամության կարգ տրամադրելու մասին օրենքը: 

Նշեմ, որ քաղցկեղով հիվանդ, մի քանի անգամ վիրահատության ենթարկված, քիմիաթերապիայի 8 կուրս անցած և յուրաքանչյուր ամիս մոտավորապես 25 000 (քսանհինգ ազար) դրամին համարժեք դեղ օգտագործող և յուրաքանչյուր վես ամիսը մեկ անգամ համապատասխան անալիզների համար կլորիկ գումար օգատգործող անձին զրկում են հաշմանդամության կարգից:

2009 թվականից մինչև 2017 թվականի մարտ ամիսը 3-րդ կարգի հաշմանդամին համարում են առողջ և չեն տրամադրում հաշմանդամության կարգ` պատճառաբանելով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը` հաշմանդամության կարգ տրամադրելու վերաբերյալ: 

Հաշմանդամության կարգ ունեցող անձը օգտվում է մինչև հիսուն տոկոս զեղչով որոշակի անալիզներ հանձնելու իրավունքից` հաշվի առնելով տվյալ անձի բժշկական հաստատուտություններ դիմելու հաճախականությունը, իսկ հաշմանդամության կենսաթոշակի ամբողջ գումարը օգտագործվում է միայն դեղերի և հերթական անալիզների համար: Կանխավ շնորհակալություն:

- Հարգելի՛ քաղաքացի, այս ոլորտում առկա խնդիրները շատ են ու բազմաշերտ։ Դրանց լուծումը համակարգային մոտեցում է պահանջում։ Այս պահին հաշմանդամություն սահմանելու գործընթացը կարգավորելու համար մշակվել է կառավարության որոշման նախագծերի փաթեթ, որի նպատակն է  առավել հստակ և օբյեկտիվ դարձնել փորձաքննության գործընթացը: Այդ կարգավորումները միտված են նրան, որ յուրաքանչյուր անձի կարիքը բազմակողմանի գնահատվի և ըստ այդմ նրան տրամադրվեն համապատասխան ծառայություններ:

- Հարգելի նախարար, խնդրում եմ ուշադրություն դարձնել տարեկան տրամադրվող սոցփաթեթներին, որպեսզի և ուժային կառույցնները, և այլ հիմնարկությունները օրինական ճանապարհով հնարավորություն ունենան կանխիկացնելու. կարծում եմ ևս մեկ կոռուպցիոն աղբյուր կվերանա: Կանխավ շնորհակալություն:

- Հարգելի՛ քաղաքացի, հարկ է նշել, որ Կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետով սահմանված են սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցների կանխիկացման դեպքերը։ Մասնավորապես՝

1. աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու և սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա՝ սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, և նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել),

2. աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից,

3. «Կուտակային կենսաթոշակների մասին» Օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա, որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում, սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը։

Նպատակային սոցիալական վճար վճարող սոցիալական փաթեթի շահառուների սոցիալական փաթեթի կանխիկացումը համարվում է կատաված սոցիական վճարների փոխհատուցում։ Ինչով էլ պայմանավորված, քանի որ զինծառայողները և զինծառայողներին հավասարեցված անձինք (ՀՀ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողները, քրեակատարողական ծառայողները և դատական ակտերի հարկադիր կատարողները) նպատակային սոցիալական վճար չեն վճարում («Կուտակային կենսաթոշակների մասին» Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետ) չեն կարող վերը նշված 3-րդ կետի կարգավորումների շրջանակներում կանխիկացնել սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները։

- Դեմոգրաֆիայի համար պատասխանատու նշանակել կամ առաջարկել կառավարությանը համապատասխան կոմիտե ստեղծել: Այն պետք է հանդես գա համապատասխան օրենքի նախագծերով և այլ առաջարկներով:

- Հարգելի՛ քաղաքացի, ժողովրդագրական խնդիրները կառավարության առաջնահերթություններից են և տարբեր, այդ թվում՝ օրենսդրական ծրագրեր են նախատեսվում իրավիճակի բարելավման համար: Այս հարցում մենք ակտիվորեն համագործակցում ենք ոչ միայն տեղական, այլև միջազգային կառույցների հետ։ Նախատեսվող նոր նախաձեռնությունների հանրային քննարկումների ժամանակ հանրությունը ևս իր կարծիքն ու դիրքորոշումը հայտնելու հնարավորություն կունենա։

- Արգելել լոտոյի և գումարային այլ խաղերի գովազդը:

- Հարգելի՛ քաղաքացի, այս պահին խորհրդարանում առկա է նման նախագիծ, որը կարծում եմ կստանա նաև կառավարության հավանությունը և որոշ չափով կկարգավորի խնդրահարույց ոլորտը:

- Հարգելի տիկին նախարար, խնդրում եմ ուսումնասիրել Երևանում մուրացկանության երևույթը: Մուրացկանները վերածվել են «սոցիալական խավի», որի «աշխատանքային գործունեությունը» տարածվում է հիմնականում քաղաքի կենտրոնական հատվածներում: Կան մուրացկաններ, որոնք տասնամյակի «աշխատանքային փորձ» ունեն: Օրինակ՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դիմաց մի կարճահասակ, կաղ, կավատ հիշեցնող մի կին է «աշխատում», Հերացու թիվ առաջին հիվանդանոցի և ԵՊԲՀ «Մարի Նուբար» համալսարանական ակնաբուժական կլինիկայի միջև ընկած հատվածում «գործում է» մի լացող տատիկ, որը բոլոր խղճահարված անցորդներին նույն «երգն» է երգում. ցույց է տալիս դեղերի ցուցակ, որը գնելու գումար չունի և անցորդները գումար են տալիս, երբեմն էլ գնում են դեղը, ինչպես ես եմ մի անգամ միամտաբար հավատացել այս տատիկին: «Փարիզյան սուրճ» սրճարանի հարևանությամբ Երևանի մուրացկաններից «ամենաստաժավորն» է գործում՝ սևազգեստ, մի տարեց կին, որին հիշում եմ դեռևս իմ ուսանողական տարիներից: Աբովյան փողոցի այդ հատվածում առհասարակ մուրացկանների մի ամբողջ աստղաբույլ է գործում: Թվարկումը կարելի է անվերջ շարունակել: Միանշանակ է, որ այստեղ գործ ունենք հանցավոր խմբի հետ, որի համար մուրացկանությունը աշխատանքային գործունեության չհարկվող մի տեսակ է: Անշուշտ, փողոցում «աշխատող» մուրացկաններն ունեն իրենց գործատուները, վստահաբար նաև հովանավորները: Չեմ զարմանա, եթե դրանց թվում լինեն թաղային կրիմինալ հեղինակություններ, ոստիկաններ: Խնդրում եմ զբաղվել այս խնդրով և Երևան քաղաքը մաքրել այս կարգի «գործատուներից» և «աշխատողներից»:

- Մուրացկանությունը, ցավոք, մեր առօրյայի անբաժան մասն է դարձել, առավել վտանգավոր է երեխաների մուրացկանությունը, ովքեր հաճախ դառնում են նաև մեծահասակների շահագործման միջոց: Պետք է նշեմ, որ մուրացիկների հետ կապված որևէ կոնկրետ ծրագիր չունի նախարարությունը, սակայն երեխաների իրավունքների պաշտպանության, բռնության կանխարգելման և թրաֆիքինգի բաղադրիչների մասով մենք ինտենսիվ աշխատում ենք իրավապահ մարմինների հետ։ Խնդիրը գտնվում է համապատասխան մարմինների մշտական վերահսկողության ներքո։

- Եկամտային հարկի տոկոսադրույքը իջեցրեք:

- Հարգելի՛ քաղաքացի, այս պահին կառավարությունում քննարկվում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգը, որի առանցքային կետերից մեկը հենց եկամտային հարկի իջեցումն է և ինչպես արդեն ներկայացրել է վարչապետը, քննարկվում է լուծման մի քանի տարբերակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter