HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան «Հայաստանում հեղափոխություն է եղել, բայց իշխանափոխություն չի եղել»

Խորհրդարանը քննարկում է վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: Փաշինյանն իր ելույթում ասաց, որ իր նպատակը ոչ թե ընտրվելն է, այլ չընտրվելը, որպեսզի հնարավորություն լինի խորհրդարանն արձակելու: Ըստ Սահմանադրության՝ երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է:

«Ուզում եմ անդրադառնալ հարցին, թե ինչ է Հայաստանում տեղի ունեցածը՝ հեղափոխություն,  թե իշխանափոխություն, աներկբա է, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, հեղափոխությունից հետո որոշիչ ուժը ժողովուրդն է, որը կարողացավ քաղաքական ու տնտեսական էլիտային պարտադրել իր նախընտրելի թեկնածուին ընտրել վարչապետ: Կան քաղաքական գործիչներ, որոնք պնդում են, թե իշխանափոխություն է եղել, ոչ թե հեղափոխություն, ուզում եմ ասել՝ հեղափոխություն եղել է, բայց իշխանափոխություն չի եղել, համենայնդեպս ամբողջական իշխանափոխություն, այո՛, ժողովրդի իշխանություն ունենք, ժողովրդի կառավարություն ունենք, բայց իրենք դեռևս չունեն իրենց գաղափարներն ու իդեաները կյանքի կոչելու գործիք»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ իր՝ վարչապետ ընտրվելուց հետո տասնյակ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել չարաշահումների, յուրացումների մեղադրանքով:

«Ինձ համար երկար ժամանակ հասկանալի չէ, որ ապրիլ-մայիսից հետո որևէ պաշտոնյայի մտքով կարող է անցնել կաշառք վերցնել՝ ընդ որում հեղափոխությունից ամիսներ, շաբաթներ, նույնիսկ օրեր անց: Հայաստանում նման իրադարձություններ են տեղի ունեցել, և կա պաշտոնյա, որը յուրացում է թույլ տալիս, սա անտրամաբանական է, հեղափոխությունից քսան օր անց պաշտոնյան կաշառք է վերցնում ու բռնվում»,- ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ նման պաշտոնյաներին ազդակներ են փոխանցվում, որ հին համակարգը վերադառնալու է:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ նախկին խորհրդարանական մեծամասնությունն է նման պաշտոնյաների ներշնչանքի աղբյուրը, և նախկին իշխող համակարգի ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ արտահերթ ընտրությունների համար նախադրյալներ չկան:

«Նման հայտարարությունները նպատակ ունեն կոնսոլիդացված պահել պետական կոռուպցիոն համակարգը՝ խաթարելով տնտեսական ու ներդրումային միջավայրը և խոչընդոտներ ստեղծել գործող կառավարության համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ հոկտեմբերի 21-ին Կապան քաղաքի ընտրությունների արդյունքներին՝ հայտարարելով, որ հին ընտրական համակարգը կենսունակության նշաններ է ցույց տվել և Սյունիքի քրեական էլիտան կարողացել է շոշափելի լծակներ կիրառել և ուղղորդել քվեարկությունը: Ըստ Փաշինյանի՝ Սյունիքում դեռ հեղափոխություն չի եղել և չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսական, քաղաքական ու քրեական որոշ ուժեր պայքարեն ժողովրդի իշխանության դեմ: Փաշինյանը նաև վստահեցրեց՝ Կապանի ընտրությունները օրինական են և արտահայտում են մարդկանց քվեարկությունը:

«Բայց իմ դիրքորոշումը հետևյալն է՝ տնտեսական ու քրեական էլիտան ազդեցություններ է ունեցել ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաև գործող կառավարության հասցեին հնչող քննադատություններին, հիշեցրեց, որ Վալերիյ Օսիպյանին և Արթուր Վանեցյանին ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի պաշտոններում իր նշանակումները մեծ աղմուկ են բարձրացրել հանրության շրջանում, սակայն այդ դժգոհությունները մեկ-երկու օր անց մարել են, իսկ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու որոշումը բավական երկար քննադատվում է, ինչը, ըստ իրեն, ունի իր հիմնավորումը:

«Հունան Պողոսյանի դեպքում այդ ալիքը երկար տևեց, որովհետև ազնիվ հարցադրումների, քննադատությունների ֆոնը Սյունիքում հաստատված որոշ քրեական շրջանակներ հմտորեն օգտագործեցին, այդ թվում իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով՝ Սյունիքում միահեծան իշխանություն հաստատելու ու պահպանելու համար»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն նախապայմանները, ըստ որոնց նախկին պաշտոնյաները կարող են մաս կազմել իր իշխանության, առաջինը կոռուպցիայի մեջ ներգրավված չլինելն է, արյան հետ առնչություն չունենալը և կառավարման անարդյունավետության բացակայությունը: Փաշինյանը խոսեց նաեւ իր հիասթափությունների մասին.

«Իսկ ո՞վ է ասում, որ ովքեր պաշտոն են ստանձնում հրեշտակներ են, այս ընթացքում ես անասելի հիասթափություններ, սթրեսներ եմ ապրել, հեղափոխության ամենաջերմեռանդ, ամենաազնիվ աջակիցները մի քանի ամսվա, շաբաթվա մեջ քանդուքար են եղել, չեմ կարող այդ մասին չասել, որովհետև անազնիվ կլինի ինքներս մեր ու ժողովրդի առաջ, մեզ համար այդ հարցում որևէ տարբերություն չկա, եթե նույնիսկ խոսքը լինի անձամբ իմ մասին»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց՝ յուրաքանչյուր քննադատություն շատ ուղիղ ընկալվում է, և հետևություններ են արվում:

«Բայց նույնիսկ այդ պարագայում չենք մտածում, որ պետք է լինենք այնպիսի կառավարություն, որին չքննադատեն, դա բնական պրոցես է: Ես ողջունում եմ այն քաղաքացիներին ու լրատվամիջոցներին, որոնք խոշորացույցի տակ են առնում պաշտոնյաների կյանքը, ունեցվածքը, բայց հույս ունեմ, որևէ մեկը չի ուզում տեսնել անողնաշար, անդեմ, ամեն քննադատությունից քանդվող ու նոկաուտի ենթարկվող կառավարություն»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը նաև խոսեց 2008թ. Մարտի 1-2-ի դեպքերի գործով հարուցված քրեական գործի մասին. «Թող որևէ մեկը չկասկածի՝ Մարտի 1-ի գործը մինչև վերջ բացահայտվելու է, կոչ եմ անում հոգեբանորեն պատրաստվել բացահայտումների ողջ ծավալին»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter