HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՀՔԾ-ն «Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցել

«Հետք»-ի՝ սեպտեմբերի 24-ին հրապարակած «Ընտրյալների թաղամասը» վերտառությամբ հրապարակման հիման վրա  հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։

Այս մասին «Հետք»-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 8-ին՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում ստուգման են ենթարկվում հրապարակման մեջ տեղ գտած բոլոր հանգամանքները:

Հիշեցնենք, որ «Ընտրյալների թաղամասը» հրապարակմամբ անդրադարձել էինք Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցներում տեղակայված նախկին և ներկա պաշտոնյաների առանձնատներին։ Ներկայացրել էինք այս տարածքում պաշտոնյաների կողմից սեփականաշնորհված հողերի, բնակելի տների կառուցապատման գործարքները։ Պարզել էինք, որ որոշ պաշտոնյաներ համայնքից անհատույց կարգով հողեր էին վերցրել ներդրումային, սոցիալական ծրագրեր իրականացնելու համար, սակայն հետագայում սեփականաշնորհել էին դրանք։

Ազատության պողոտայում և Բաբայան փողոցում առանձնատեր, հողակտորներ ունեն նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նրա որդին, ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, գործող պատգամավորներ Միհրան Պողոսյանը, Սեյրան Սարոյանը, Վահան Հարությունյանն ու նրա եղբարը, ԱԺ նախկին նախագահներ Արմեն Խաչատրյանը և Տիգրան Թորոսյանը, նախկին պատգամավորներ Գագիկ Աբրահամյանն ու Հովհաննես Սոֆոյանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter