HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Եկեք խոսենք»...

Գվինեա - Բիսաու, Սան Տոմե Պրինսիպի, Արեւելյան Թիմոր, Կուկի կղզի եւ Բուրկինա - Ֆասո ...

Անցած տարվա ամռանից «ԱրմենՏել»-ն իր բազմաթիվ բաժանորդներին մի քանի 100 հազար դրամի հաշիվներ է ներկայացնում աֆրիկյան երկրների եւ Ատլանտյան օվկիանոսի կղզի-պետությունների բնակիչների հետ մի քանի ժամ շարունակ խոսելու համար: Բաժանորդները պնդում են, որ այդ պետությունների ու կղզիների հետ ոչ մի առնչություն չունեն, սակայն քանի գնում քաղաքացիների նախընտրած երկրները դառնում են ավելի էկզոտիկ, իսկ գումարների վերջում ավելանում են զրոները: «ԱրմենՏել»-ի բողոքների բաժնում բաժանորդներին ասում են, որ ունեք Ինտերնետ եւ միանում եք էրոտիկ եւ խաղային կայքերին, դրա համար էլ այդպես է լինում: 

Այժմ Քանաքեռ-Զեյթուն համայնքի առաջին ատյանի դատարանում քննվում է Սիրուշ Հարությունյանի հայցն ընդդեմ «ԱրմենՏելի»: Հայցվորը պահանջում է չեղյալ համարել 301 հազար դրամ վճարելու պահանջը, քանի որ նա ընդամենը օգտվել է «Xternet» պրովայդերի մատուցած Ինտերնետ ծառայությունից հեռախոսագծի միջոցով (հոկտեմբերի 2-10-ը), սակայն արդյունքում պարզվել է, թե իբր զանգել է Մեծ Բրիտանիա եւ Գվինեա-Բիսաու: 

Դեռեւս դատարան չդիմած այդպիսի բաժանորդների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Նրանք պնդում են, որ բացարձակ տեղյակ չեն այդ միջազգային հեռախոսազանգերից: Գոհար Սմբատյանը, ըստ «ԱրմենՏել»-ի ներկայացված հաշվի, անընդմեջ խոսել է Ավստրիա, ինչի արդյունքում ստացել է մոտ 610.704 դրամի (1400 ԱՄՆ դոլար) հեռախոսային խոսակցության հաշիվ: Հերիքնազ Հարությունյանին օգոստոսին ներկայացվել է 40.551 դրամի (90 ԱՄՆ դոլար), իսկ հոկտեմբերին` 347.243 դրամի (770 ԱՄՆ դոլար) գումար վճարելու պահանջ: «Ինձ ասացին, որ իբր ես մեկ ամսվա ընթացքում 26 տարբեր համարներով զանգահարել եմ Ավստրիա, 12 տարբեր համարներով` Արեւելյան Թիմոր, եւ 6 տարբեր համարներով էլ` Մեծ Բրիտանիա, այն էլ` օրական 9-ից-10 անգամ»,- ասում է տկն Հարությունյանը: Մեկ այլ բաժանորդի` թոշակառու Սուրեն Մելիքբեկյանին ներկայացվել է 140.000 դրամի հաշիվ միջազգային հեռախոսազրույցի համար: «Պարզվում է` ես «ԱրմենՏելի» ամենասեքսուալ բաժանորդն եմ, քանի որ ընկերության բողոքների բաժնում ասացին, որ Ինտերնետում էրոտիկ բնույթի կայքերին եմ միացել»,-ասում է Սուրեն Մելիքբեկյանը: Պարտքից ազատվելու եւ հեռախոսահամարից չզրկվելու համար նա խնդրել է իրեն հնարավորություն տալ ամսական 5000 դրամ վճարել, սակայն մերժվել է: Հայաստանում բնակվող երկու հնդիկ ուսանողներ էլ իրենց «մեղավոր են զգում» այն բանի համար, որ, «չիմանալով», մոտ մեկ մլն դրամի խոսել են Էստոնիա, Կենտրոնական Աֆրիկա եւ Ավստրիա: Նույն հիմնավորմամբ Հայկ Ստեփանյանը պետք է վճարի 390.000 հազար, իսկ Նաիրա Օհանյանը՝ 875.000 հազար դրամ: 

«ԱրմենՏել»-ի պահանջը մնում է անփոփոխ, ընկերությունը չի պատրաստվում չեղյալ համարել պարտքերը, իսկ քաղաքացիները պնդում են, որ այդ կղզի-պետությունների անուններն առաջին անգամ են լսում:

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել 

Ներկայացված հաշվի վերաբերյալ պարզաբանումներ պահանջելու նպատակով Գոհար Սմբատյանը 2005 թվականի սեպտեմբերին նամակ էր գրել «ԱրմենՏելին»: Տեղեկատվական կապի ծառայությունների վարչությունից պատասխանել են, որ « ... ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կանչված հեռախոսահամարն Ինտերնետ ցանցում գրանցված գովազդային, էրոտիկ կամ նմանատիպ բնույթի ծածկագրված հեռախոսահամար է (82089060700), որի հետ կապը հաստատվել է համակարգչի միջոցով: Նույնիսկ մեկանգամյա մուտքը նմանատիպ կայք ֆիքսվում եւ պահպանվում է համակարգչի հիշողության մեջ եւ, անկախ ձեր կամքից ու ցանկությունից, կատարվում են ավտոմատ զանգեր նշված ուղղություններով, որոնք էլ գրանցվում են որպես կայացած միջազգային խոսակցություններ: Հեռախոսահամարների վրա գրանցված զանգերի համար «ԱրմենՏել» ՀՁՓԲ ընկերությունը պատասխանատվություն չի կրում: Գումարը ենթակա է վճարման»: Փաստորեն, ըստ «ԱրմենՏելի» պաշտոնական բացատրության` Ինտերնետ ցանցից օգտվող բաժանորդների մոտ բարձր սակագներով միջազգային միացումներ հանդիպում են այն դեպքերում, երբ բաժանորդներն Ինտերնետ ցանցում այցելում են առավելապես խաղային, էրոտիկ կամ նմանատիպ այլ ժամանցային կայքեր: Այդպիսի կայքերն օգտվողներին առաջարկում են այնպիսի ծրագրերի դիտումներ կամ այնպիսի հեռախոսահամարների հավաքում, որոնք «խոստանում» են զվարճալի դիտումներ կամ ինտերնետ ցանցում աշխատանքի ավելի մեծ արագություններ: Արդյունքում, ինտերնետ ցանցից օգտվողների կամքից անկախ, կատարվում են միջազգային հեռախոսային միացումներ, որոնց դիմաց բաժանորդներին ներկայացվում են համապատասխան հաշիվներ: 

Նման բացատրություն է տրվում նաեւ դատարանում: «ԱրմենՏելի» ներկայացուցիչը հիմնավորված չի համարում հայցը՝ ասելով, որ տեղի ունեցածը հայցվորի գիտակցված եւ չգիտակցված գործողությունների հետեւանք է: Արդյունքում սպառողը պետք է վճարի մի ծառայության դիմաց, որից չի օգտվել: 

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Հրաչ Բայադյանի կարծիքով` իրոք գոյություն ունեն այնպիսի ծրագրեր, որոնք կարող են կայանվել համակարգչում` օգտագործողի արտահայտված ցանկությամբ կամ անզգուշության պատճառով, եւ հետո, անկախ սպառողի կամքից, հեռազանգել տարբեր համարներով:

Մի դարձեք հեռախոսային խարդախությունների զոհ 

Այս մասին «ԱրմենՏել»-ը զգուշացնում է դատական գործ սկսվելուց հետո` այս տարվա հունվարի 4-ին, www.armentel.am  կայքում: «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Չութիլյանի հավաստմամբ` այդ երեւույթի մասին նախազգուշացվել է 2004-ին «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ազգ» օրաթերթերում: Փաստորեն` ընկերությունը վաղուց տեղյակ էր նման վտանգների առկայության մասին: Սակայն, բաժանորդներից ոչ մեկը թերթերում տպված հայտարարությունների մասին տեղյակ չէր: Իհարկե, քաղաքացիներն իրենք պետք է անհանգստանան սեփական համակարգչի անվտանգ գործունեության համար, բայց ծառայություն մատուցողը պարտավոր է զգուշացնել առկա վտանգների մասին, առաջարկել պաշտպանության միջոցներ, նախաձեռնել լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ, ավտոմատ միացումների հնարավորության մասին բաժանորդներին տեղեկացնել ընկերության գրասենյակներում, սակայն լրացուցիչ ոչ մի տեղեկատվություն չի տրվել այն պարզ պատճառով, որ մարդկանց անտեղյակությունը ձեռնտու է այդ ընկերությանը: 

«ԱրմենՏել»-ը «լավ է ուշ, քան երբեք» տարբերակով նման թյուրիմացություններից խուսափելու համար առաջարկում է հեռախոսագծի միջոցով (dial-up) Ինտերնետից օգտվելու ժամանակ անպայման արգելափակել (կոդավորել) միջազգային ուղղությունը, երբեք չսեղմել «OK» հրամանը, եթե պարզ չէ, թե ինչին է համաձայնություն տրվում, անմիջապես ընդհատել համարահավաքումը, եթե միացում չի հանձնարարվել, անպայման բարձրացնել համակարգչային մոդեմի ձայնը, քանի որ այդ սարքն ինքնուրույն միացում իրականացնում է միայն որոշակի ձայնի ուղեկցությամբ: Այդ ժամանակ պետք է անջատել սարքը` ընդհուպ մինչեւ հեռախոսագծից: Այդպիսի վտանգավոր ծրագրերը, որպես կանոն, չեն հայտնաբերվում եւ ոչնչացվում հակավիրուսային ծրագրային ապահովմամբ: Այդ ծրագրերը ոչ միայն կարող են իրականացնել միջազգային խոսակցությունների միացումներ, այլեւ փոխանցել համակարգչում եղած տվյալները: Այդպիսի վտանգավոր ծրագրերի ոչնչացումն ինքնուրույն ուժերով բավականին բարդ է: Դրանց համար գոյություն ունեն հատուկ ծրագրային միջոցներ: Ընկերությունը երաշխավորում է InfoWorks Technology Company (www.itcompany.com) ընկերության SpyRemower ծրագիրը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter