HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

1960-ականներին Հոկտեմբերյանի շրջանում հայտնաբերվել էր բնական գազ․ պատմում է նախկին աշխատողը

Հայաստանում ԽՍՀՄ տարիներին նավթի ու գազի որոնողական աշխատանքներ են կատարվել: Որոնողական աշխատանքներ կատարած արշավախմբերից մեկի ղեկավարի` Արամ Չիտախչյանի որդին` Աշոտ Չիտախչյանը, պատմում է, որ 60-ականներին հոր ղեկավարած արշավախումբը Հոկտեմբերյանի շրջանի «Կարա-Կալա» կոչվող վայրում գազի պաշար է հայտնաբերել: Գազի հայտնաբերման մասին վկայող տեսաժապավենը Աշոտ Չիտախչյանը տրամադրեց «Հետք»-ին։

«Կարա-Կալա»-ում գազի որոնողական աշխատանքները տևել են երեք տարի: Աշոտ Չիտախչյանն այդ ժամանակ հոր ղեկավարած «Հայաստանի նավթի-գազի հետախուզական արշավախմբում» բանվոր է աշխատել:

Վայրը, որտեղ հորատանցք են փորել, Թուրքիայի սահմանին մոտ է, տարածք մտնելու համար աշխատակիցներին ԽՍՀՄ նավթային արդյունաբերության նախարարությունը հատուկ թույլտվություն է տրամադրել:

«1967 թ. Էր, հայրս մի օր եկավ, ասաց, որ հետազոտական խումբը գազի ճնշում է գտել։ Հորատանցք մեկնելու համար ավտոբուսներով էինք գնում: Հայրս հետևում էր արշավախմբի աշխատանքներին, իսկ գլխավոր երկրաբանը հրաման էր տալիս, որպեսզի հորատանցքի մեջ կարողանային պայթեցումներ կատարել` գազի մուտքերը բացելու»,-պատմում է Աշոտ Չիտախչյանը:

Հողի շերտի մեջ գազի անցքեր բացելու համար հատուկ սարքավորման միջոցով հորատանցք են իջեցրել վառոդով լիցքավորված տանձիկներ և հոսանք հաղորդել։  «Հոսանքի ազդեցությունից տանձիկներն իրար հետևից պայթում էին, և հողի շերտից գազ էր դուրս գալիս», -պատմում է Ա. Չիտախչյանը։

Ասում է, որ հայտնաբերված գազի ծավալը մեծ չի եղել, հայրը խուսափել է նորից վառոդ կիրառել:

Որոշ ժամանակ հետո հետախուզական արշավախմբի ղեկավար Արամ Չիտախչյանը հիվանդացել է, արշավախումբը ղեկավարելու համար մեկ այլ մասնագետ է հրավիրվել Մոսկվայից։

«Հայրս զգուշացրել էր, որ նորից վառոդ չկիրառեն հորատանցքի մեջ: Վախենում էր՝ գազը կանհետանա: Մտածում էր՝ որոշ ժամանակ անցնի, նոր կիրառեն: Մի օր հորս զանգեցին ու տեղեկացրին, որ գազն ամբողջությամբ անհետացել է: Նորից վառոդ էին կիրառել, բայց գազի հոսքն ուժեղացնելու փոխարեն հողի մեջ առաջացած անցքերը փակվել էին»,- հիշում է Աշոտ Չիտախչյանը:

«Կարա-Կալա» վայրում այլևս գազ չեն հայտնաբերել, արշավախումբը դադարեցրել է աշխատանքները, տեխնիկան վաճառվել է:

Գազի ու նավթի որոնողական աշխատանքների մասին հիշում է նաև Արամ Չիտախչյանի նախկին վարորդը` 91-ամյա Գրիշա Կոստանյանը:

«Երբ Հայաստան ժամանեց Հովնաթանով ազգանունով մի երկրաբան և զբաղեցրեց արշավախմբի ղեկավարի դերը, տեսավ հորատանցքից խողովակով հոսող գազը, ասաց՝ մեծ պաշար կա, բայց պայթեցնելուց հետո գազն անհետացավ»,-ասում է Գրիշա Կոստանյանը:

Նախկին վարորդը հիշում է, որ գազի անհետացումից հետո որոնողական աշխատանքները միանգամից չեն դադարեցվել, բանվորները մինչև չորս մետր շարունակել են փորել։

«Որոնողական աշխատանքներ իրականացնելիս հեղուկ հայտնաբերեցին. սկզբում կարծում էին, որ նավթ է, հետո պարզվեց, որ հայտնաբերվածը տաք ջուր է։  Որոնողական աշխատանքը դադարեցվեց», -ասում է Գրիշա Կոստանյանը:

Աշոտ Չիտախչյանը հույս ունի, որ մի օր հետազոտական աշխատանքները նորից կվերսկսվեն, և հնարավոր կլինի անհետացած գազը հայտնաբերել:

Տեսանյութը թվայնացրեց Դավիթ Բանուչյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter