HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ոչ ավանդական սեռական հարաբերություններ հասկացության կիրառումը կարող է լինել վիճահարույց»․ կառավարությունը մերժեց ՀՀԿ-ականների նախագիծը

Կառավարությունը մերժեց «Երեխայի իրավունքների մասին» և հարակից ներկայացված օրենքների նախագծերի փոփոխություն կատարելու ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի ներկայացրած առաջարկությունը:

Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մանուկյանը․

«Առաջարկվում է երեխաների մասին 18-րդ հոդվածը լրացնել նոր մասով, որի բովանդակությունը հետևյալն է՝ երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը և քարոզչությունը արգելվում է»,-ասաց փոխնախարարը:

Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունում կան հասկացություններ, որոնք ունեն «ոչ միատեսակ, ոչ միանշանակ ընկալում»․

«Խոսքը վերաբերում է ոչ ավանդական սեռական հարաբերություններ, ավանդական սեռական հարաբերություններ հասկացություններին, մեր համոզմամբ նման հասկացությունների կիրառումը լինելու է վիճահարույց»,- ասաց Մանուկյանը՝ առաջարկելով բացասական եզրակացություն տալ նախագծին:

Հարցին անդրադարձավ նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը․

«Այսօր համացացնում կա կատարյալ ազատություն, ու երեխաները նույնպես օգտվում են համացանցից, ու ամեն ինչին հասանելիություն կա»,- ասաց նա՝ նկատելով, որ այդ ամենը իրատեսական չէ վերահսկելը:

Փոխնախարարն ասաց, որ խնդիր կա «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքում՝ նման թեմաների քարոզչության առնչությամբ:

 «Ասել, որ միանշանակ ակտիվ պայքար կարող ենք տանել, թերևս, այս առումով աշխատանքներ շատ ունենք իրականացնելու, ուղղակի օրենքի նախագծի հետ կապված այս ձևակերպումներն այդ խնդիրը չեն լուծում, ավելի շատ դրանք պրակտիկ կիրառման դաշտում են»,- ասաց փոխնախարարի պաշտոնակատարը: Փաշինյանը համաձայնեց՝ ընդգծելով, որ ամբողջ աշխարհում նման խնդիր կա․

«Եվ լուծումը դեռևս գտնված չէ, ու այսօրվա ընկալումներով շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կգտնվի լուծումը»,- ասաց նա՝ հավելելով, որ ամենախիստ բառապաշարով օրենք ընդունեն՝ խնդիրը շարունակելու է մնալ չլուծված:

«Այնպես որ, եթե ուզում ենք քարոզչություն չանել, այս հարցերը պետք է քվեարկենք խիստ գաղտնի ռեժիմով, ու նախագծի հեղինակներն էլ գաղտնի անեն, օրենքն էլ գաղտնի լինի, քննարկումն էլ, կիրառումն էլ, հակառակ դեպքում, ցանկացած հակաքարոզչություն քարոզչության կոմպոնենտ է պարունակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter