HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Չեմ կարծում, թե կոռեկտ է Ամենայն Հայոց կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա»

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով պատգամավորն առաջարկում էր օրենքով երաշխավորել Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ինչպես պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում է։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

«Օրենքի նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, ոչ թե վարչապետի հայեցողությամբ»,- ասաց Զեյնալյանը՝ առաջարկելով օրենքի հոդվածները թողնել անփոփոխ:

Հարցի առնչությամբ խոսեց նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, «որովհետև կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունը ապահովել»:

«Պետք չէ, այսպես ասած, տպավորություն թողնել, որ Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությանը ինչ-որ բան սպառնում է, և եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ ընկալում է։ Կարծում եմ, որ իսկապես տեղին չէ, եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, այդ հարցը ես ինքս պատրաստ եմ քննարկել և ըստ անհրաժեշտության՝ որոշում կայացնել: Առավել ևս օրենքը բարձրաստիճան պետական պաշտոնյաների մասին է, և ես չեմ կարծում, թե կոռեկտ է Ամենայն Հայոց կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճանականության մեջ»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են համարվում հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետի թեկնածուն: Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter